Վահագն Դավթյան․ Կանչ

Վահագն Դավթյան․ Կանչ

Ու ես ասում եմ. – Կանգնիր, առավո’տ,
Ես էլ եմ գալիս,
Այնպես է թվում, թե հեռու-հեռվից
Ինձ ձայն են տալիս։

Ու ես չգիտեմ, դա անլսելի
Զնգո՞ցն է քարի,
Շշո՞ւկը հողի, թե՞ սոսափյունը
Սոսյաց անտառի։

Ու ես չգիտեմ անդնդում կորած
Գե՞տն է տվայտող,
Թե՞ հին խաչքարից ինձ ձայն է տալիս
Մամռոտած մի տող։

Լռությո՞ւնն է դա ճգնակեցությամբ
Ապրող անձավի,
Թե՞ կաթիլ-կաթիլ մորմոքն է քամվում
Հնամյա ցավի։

Գուցե լեռներում վարգում է մի որբ,
Տխուր հովատակ,
Եվ կապույտի մեջ փշրվում է խուլ
Վրնջոցը տաք։

Կամ գուցե, գուցե դա դարեր առաջ
Ինձանից զատված
Իմ իսկ ղողանջն է, որ ետ է դառնում
Մաքուր ու զտված։

Այդ կանչերի մեջ մի կորած, հեռու
Աշխարհ է լալիս։
Ու ես ասում եմ. – Կանգնիր, առավո՞տ,
Ես էլ եմ գալիս։

Հետևեք մեզ նաև Telegram-ում