Խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամը Հայաստանում բացահայտում է հայկական երաժշտությունը

Խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամը Հայաստանում բացահայտում է հայկական երաժշտությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Խաչատրյանի միջազգային 15-րդ մրցույթի ժյուրիի անդամ Թոմեր Լևը Հայաստանում բացահայտում է հայկական երաժշտությունը: Այս տարի դաշնամուր մասնագիտությամբ անցկացվող ստուգատեսի ժյուրիի անդամը, ով գործունեություն է ծավալում որպես մենակատար, կամերային երաժիշտ և մանկավարժ, նշել է, որ հայկական երաժշտության մասին որոշակի տեղեկություններ ուներ:

«Հայկական երաժշտությունից որոշակի բաներ գիտեմ, հիմա ավելի շատ եմ սովորում: Իհարկե, գիտեմ Խաչատրյանի ստեղծագործություններից, ծանոթացա Բաբաջանյանի գործերին. ինձ համար նրա գործերը բացահայտում էին: Հիասքանչ կոմպոզիտոր է, անհամբեր սպասում եմ, որ նրան ավելի լավ բացահայտեմ»,- ասել է Թոմեր Լևը:

Խաչատրյանի միջազգային 15-րդ մրցույթի ժյուրիի անդամը կարծում է, որ միջազգային ստուգատեսը շատ լավ է կազմակերպված: «Այստեղ հրաշալի մթնոլորտ է տիրում: Պետք է ասեմ, որ մրցույթի մասնակիցների շրջանում որոշ խոստումնալից դաշնակահարներ կան: Յուրաքանչյուր մրցույթում լավ և վատ մասնակիցներ կան, բայց, կարծում եմ, որ ընդհանուր առմամբ, մակարդակը լավն է: Հենց սկզբից ակնհայտ էր, որ կան ավելի խոստումնալից դաշնակահարներ և պարզապես հրաշալի ուսանողներ, ովքեր լավ են պարապել, աշխատել»։

Թոմեր Լևն առաջին անգամ է Հայաստանում, շատ բան չի տեսել, բայց օգտագործելու է հնարավորությունը և բացահայտելու է Հայաստանը: «Երևանը հիասքանչ քաղաք է, այստեղի մթնոլորտը շատ լավն է»,- ասել է նա:

Մրցույթի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Թոմեր Լևը որպես մենակատար համագործակցել է այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Լոնդոնի Արքայական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Անգլիական կամերային նվագախումբը, Իսրայելի ֆիլհարմոնիկը, Համբուրգի, Սան Պաուլոյի, Բուենոս Այրեսի, Կոլորադոյի, Քվեբեկի, Կիևի նվագախմբերը, ինչպես նաև Իսրայելի գլխավոր նվագախմբերը: Երաժիշտը հյուրընկալվել է այնպիսի աշխարհահռչակ համերգասրահներում, ինչպիսիք են Լինքոլնի կենտրոնը Նյու Յորքում, Բեռլինի ֆիլհարմոնիկի համերգասրահը, Բուենոս Այրեսի Կոլոն թատրոնը, Պեկինի համերգասրահը, Շանհայի քաղաքային թատրոնը, Համբուրգի համերգասրահը, Պրահայի Ռուդոլֆինումը, Սան Պաուլոյի Սալան, Տորոնտոյի Գլեն Գուլդ սրահը, ինչպես նաև Իսրայելի գլխավոր համերգասրահները, այդ թվում՝ Չարլզ Բրոնֆմանի սրահը Թել Ավիվում, Հենրի Քրաուն սիմֆոնիկ սրահը և այլն:

Թոմեր Լևը Բուխման-Մեհթա երաժշտական դպրոցի տնօրենն է: 2004թ. Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Զ. Մեհթայի և գործարար Ջ. Բուխմանի հետ համատեղ, նա հիմնադրեց Բուխման-Մեհթայի երաժշտական դպրոցը և նշանակվեց առաջին տնօրեն: Դպրոցը նախատեսված է Իսրայելի երիտասարդ երաժիշտների համար և պատրաստում է Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի ապագա երաժիշտներին:

Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գործընկերն է ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС):

Հետևեք մեզ նաև Telegram-ում