Եղիշե Չարենց․ Ընկեր

Եղիշե Չարենց․ Ընկեր

Հիշում եմ մազերդ գանգուր,
Դեմքդ՝ փողոցի պես փոշոտ,
Ծիծաղդ՝ զվարթ Զանգու,
Եվ աչքերդ՝ վառ ու խոշոր:
Հիշում եմ, հիշում եմ, Կարո,
Հիշում եմ, թե ինչպես քեզ հետ –
Հիշում ես՝ աղբի տակառում
Հավաքում էինք թուղթ ու գազեթ:
Հավաքում էինք մենք լուցկու
Նոր տուփեր, կլեպներ սեխի –
Ու խաղում էր մեր կապույտ հոգում
Արեւի լույսը դեղին:
Հիշում եմ, թե ինչպես հաճախ,
Կառքերի ետեւին կպած,
Մանկական խնդությամբ մի չար
Մենք թռչում էինք Հինդ ու Հաբաշ…
Եվ ահա մի օր այդպես,
Երբ թռչում էինք մենք սրընթաց –
Կառապանը մտրակով շաչեց,
Եվ դու պոկվեցիր ու ընկար…
Ու հիշում եմ… դեմքդ հողագույն,
Ուղեղդ՝ գորշ, մխրճած…
Հետո հայրս մութ սենյակում
Մինչեւ լույս ինձ խփեց ու փնչաց:
Մինչեւ լույս թքեց դեմքիս,
Մինչեւ լույս հայհոյեց կատաղի,-
Ու նայում էիր դառը դու ինձ
Քո հեռու, մութ դագաղից…
Բայց հիմա ինչքա՜ն է փոխվել
Այն օրից աշխարհը -գիտե՞ս…
Ինչպես մի մարդ անտրեխ
Վերցնի դառնա կառքի տեր…
Արդյոք դու իմացե՞լ ես, Կարո,
Որ ընկերդ հիմա այն բոբիկ
Եվ ուրիշ ընկերներ բյուրավոր
Պալատները կապել են թոփի…
Ախ, սիրտս, Կարո՛, մի բազե,
Թպրտում է՝ վահրով լեցուն:
Եթե այս երգս լսես –
Քացիով տո՛ւր աստծուն:-
Թող թռչի ամպերից նա վար,
Հետույքով զարնվի թող հողին…
Ես հիմա եկել եմ Մոսկվա,
Ես հիմա պոետ եմ հաղթողի…

Հետևեք մեզ նաև Telegram-ում