Ամեն ընտանիք մի փոքրիկ եկեղեցի է

Ամեն ընտանիք մի փոքրիկ եկեղեցի է

Ամենքիս համար ընտանիքն ամենակարևորն է, որում հասակ ենք առնում, դաստիարակվում, ճանաչում կյանքը։ Ընտանիքի տված սիրո շնորհիվ է, որ երեխան հասկանում է ինչ նշանակում սիրել և սիրված լինել։ Երբ ասում ենք Քրիստոնեական ընտանիք, հասկանում ենք տղամարդու և կնոջ միություն` հիմնված սիրո, փոխադարձ հարգանքի և հավատարմության վրա։ Սրանցից ամենակարևորն ու առաջնայինը սիրո առկայությունն է, տղամարդու և կնոջ սերը, որն ընտանիքի հիմքն է, պատկերն ու նմանությունը աստվածային սիրո, ինչպես որ ինքը՝ մարդը, պատկերն ու նմանությունն է Աստծո: Ինչպես Աստված սիրում է մարդկությունը, սիրում է՝ իր կյանքը մեզ տալու աստիճան, այնպես էլ պետք է սիրի ամուսինը իր կնոջը, կինն էլ՝ իր ամուսնուն:

Առանց սիրո չի´ լինի փոխադարձ հարգանք, չի´ լինի հավատարմություն: Իզուր չէ, որ Պողոս առաքյալը Կորնթացիներին ուղղված նամակում ասում է. «Բայց արդ, մնում են հավատ, հույս, սեր. սրանք` երեքը. և սրանցից մեծագույնը սերն է» (Ա Կորնթ. 13:13): Ուրեմն, նշանակում է առանց սիրո չի լինի ընտանիք, իսկ առանց ընտանիքի մենք չենք ունենա հզոր և ամուր հայրենիք:

Սերը ոչ միայն ընտանիքի, այլև առհասարակ քրիստոնյայի կյանքի առանցքն է: Մեզ համար չկա երջանկություն, եթե չկա հաղորդակցություն Աստծո հետ, իսկ Աստծո հետ հաղորդակցությունը սիրո միջոցով է, այն սիրո, որ Նա տածում է մեր նկատմամբ, ու մեր անկեղծ և անշահախնդիր սիրո՝ Աստծո նկատմամբ:

Քրիստոնեական ընտանիքը Եկեղեցու մանրակերտն է, և միևնույն սերը, որ կա Եկեղեցում, որով գործում է Եկեղեցին, պետք է լինի նաև ընտանիքում: Իզուր չէ, որ ասում են. «Ամեն ընտանիք մի փոքրիկ եկեղեցի է, որի գլուխը Քրիոստոսն է»:

Էլեն Հակոբյան

Աղբյուր՝ Holytrinity.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում