Գեղամ Սարյան․ Փառքի տաճարը

Գեղամ Սարյան․ Փառքի տաճարը

Մեծագործ ճարտարապետ
Թորոս Թորոմանjանի hիշատակին

Հյուր եղավ ծեր Մամիկոնյան իշխանին
Բյուզանդական Կոստանդիանոս կայսրը մեծ,
Եւ խնջույքի նստած փարթամ սեղանին՝
Գոռոզ կայսրը հայ իշխանին խոսքն ուղղեց.

Տեսա շքեղ ձեր վանքերը ես հայեր,
Քանդակազարդ պալատները հոյակերտ,
Բայց այնպիսի տաճար չունեք որ մրցեր
Սուրբ Սոֆիայի աշխարհալուր փառքի հետ:

Եվ մրցակից չի լինելու աշխարհում
Անձեռակերտ, անգերազանց տաճարին,
Չի´ հաղթելու ոչ մի վարպետ դարերում
Անթեմիոսի, Իզիտորի հանճարին:

Այդ օրվանից դարձավ իշխանը թախծոտ,
Մռայլվեցավ նրա հայացքն արծվենի,
Եվ կանչեց նա մի առավոտ իրեն մոտ
Երկրում հայտնի ճարտարապետ Հովնանին:

Եկավ կանգնեց ճարտարապետը խոհուն,
Խոնարհվեցավ ծեր իշխանի հանդիման,
Աչքերի մեջ նվիրական ցանկություն՝
Կատարելու իշխանական հրաման:

– Բարձրացրու, – ասաց իշխանը նրան, –
Հայոց փառքի շքեղակուռ մի տաճար,
Սուրբ Սոֆիաի կերտվածքից էլ աննման,
Որ Խափանվի Բյուզանդ կայսեր լեզուն չար:

Թող այդ լինի յավերժական մի կոթող
Հայոց հոգին մարմնավորող քարերով,
Որ դարերում մեր սերունդները եկող,
Հպարտ զգան նախնիքների գործերով:

Լսեց Հովնան ճարտարապետն իշխանին,
Կրակ ցոլաց երիտասարդ աչքերում,
Առաւոտյան արեգակի ծիրանին
Թվաց ուրախ իր սրտից է բարձրանում:

– Պատրաստ եմ քո հրամանին տեր իշխան, –
Ասաց Հովնան ճարտարապետը խոնարհ-
Սուրբ Սոֆիաի կերտվածքից էլ աննման՝
Հայոց փառքի շքեղակուռ մի տաճար:

Եվ գնաց նա որոնելու շքեղ ձեվ,
Ընտիր քարեր հայրենական լեռներում,
Գույներ, զարդեր եվ արծիվներ սրաթեվ,
Որ ամոռաց մնան հաւերժ դարերում:

Եվ մի անգամ, երբ քանդակել էր արփին
Իր շողերով չքնաղագեղ լուսաբաց,
Տեսավ Հովնան Ճարտարապետն այդ պահին
Արարատի պերճ վեհությունն իր դիմաց:

Փայլում էր նա արեգակի ցոլքերում
Եւ երկնասույզ իր կատարով ձիւնափառ
Փիրուզափալ կամարներն էր սլանում,
Որպես լույսից կերտած չքնաղ մի տաճար…

Նայեց Հովնան ճարտարապետն արբեցած
Եւ շշնջաց հիացմունքով հոգին լի
– Միթե՞ վեհ չե այս կերտվածքը, ով ալստված,
Բյուզանդիոնի սուրբ Սոֆիաից ավելի:

Եվ թափանցեց լեռան զանգվածը մտքով,
Հյուսեց այնտեղ հարկեր, սյուներ, կամարներ,
Տեսավ հոգում Արարատի կեծվացքով
Բոլորաձեվ մի տաճարի վեհ պատկեր…

Եվ տուն դարձավ ու մի գարնան առավոտ,
Երբ ար¢ը նայեց հայոց աշխարհին,
Ծաղկավորված այգիների ճամփի մոտ
Հիմք դրեցին փառքի չքնաղ տաճարին:

Եվ մշակները փորեցին օրն ի բուն,
Որմնադիրները շարեցին անդադար,
Բայց երբ իջավ աշխարհին լուրթ իրիկուն՝
Փլեց շինվածքն, եղավ հողին հավասար…

Անհուն վշտով լցվեց հոգին Հովնանի
Ու գործ դրեց ամեն շնորհք ու հնար,
Աղոթեց նա, որ չարն աստված խափանի,
Բայց փրկության ոչ մի յույսի շող չկար:

Եվ յոթն անգամ յոթը ցերեկ շարեցին,
Եվ յոթն անգամ յոթ երեկո նա փլեց,
Եվ մշակները տխրությամբ գնացին,
Եւ Հովնանին անհուսություն պաշարեց:

Ու մտասույզ շրջում էր նա դաշտերում,
Քաշվում էր խորքը ստվերոտ անտառի,
Նրա անհույս վշտամորմոք խոհերում
Պատկերն էր միշտ չքնաղագեղ տաճարի:

Եվ մի գիշեր երբ անտառում հոգնաբեկ
Ննջում էր նա գլուխն հենած մի քարի,
Հասավ նրա ականջին մեղմ, մեղմ մի երգ,
Եւ հնչյուններ հեծկլտացող բնարի:

– Մենք ենք կերտել սուրբ Սոֆիաի փառքն անհուն,
Դար է անցել դարձել ենք մենք արդէն ծեր,
Թէ ուզում ես լինի տաճարդ կանգուն,
Պիտի թաղես նրա հիմքում սիրտ ու սեր:

Չի բարձրանա, թե չլսես մեր ձայնին
Քո տաճարը ոչ մի կանգուն դեպի վեր,
Պիտի թաղես քարերի տակ կենդանի
Քո սիրելի էակն իբրև սիրտ ու սեր…

Ու սարսափից Հովնանն իսկույն արթնացավ,
Չկար ոչ ոք, իսկ շուրջն արդեն առավոտ,
Վեր կացավ նա, հոգում անհուն վիշտ ու ցավ,
նաց սիրտը բանալու, ծեր իր հոր մոտ:

– Ինձ տար, որդի, – ասաց նրան հայրը ծեր, –
Չեմ ցանկանա կյանքս քեզ վիշտ պատճառի.
Թող բարաձրանա շէնքն անխափան դեպի վեր,
Վեմ լինեմ թող հայոց փառքի տաճարին…

Եվ երբ հանգչում էր նա հիմքի տակ սառած,
Հովնանն անխոս, դառնորեն լաց էր լինում,
– Պէտք չե սգալ հարազատին, – հայրն ասաց, –
Երբ հայրենյաց փառքի համար է մեռնում

Ու մշակները փորեցին օրն ի բուն,
Որմնադիրները շարեցին անդադար,
Բայց երբ իջաւ աշխարհին լուրթ իրիկուն
Փլեց շինվածքն եղավ հողին հավասար:

Ու Հովնանն արցունքն աչքին հեռացավ,
Սիրտը՝ կոտոր, վշտի դրոշմն երեսին,
Եւ քուն մտավ կրծքին ճնշող նոր մի ցավ,
Ու անձնատուր եղավ կրկին երազին:

Եկան նորից ձյունագանգուր ծերերն այն
Ու տխրադեմ կանգնեցին իր սնարին,
Մեկն իր քնարն էր նվագում մեղմաձայն,
Մէկն իր երգով ձայնակցում էր քնարին:

Չես տվել քո սիրտն ու սերը բովանդակ,
Լիքն է սիրով քո թրթռուն հոգին դեռ.
Չի բարձրանա քո տաճարը ոչ մի շարք՝
Թէ չթաղվի նրա հիմքում սիրտ ու սեր…

Եվ հուսահատ Հովնանն բարձր հեկեկաց,
Ու արթնացավ հոգին մռայլ, սիրտն ամպոտ,
Վեր կացավ նա ու դեպի մայրը գնաց՝
Պատմի իր վիշտն ու լաց լինի նրա մոտ:

– Ինձ տար, որդի, – ասաց մայրը ալեհեր, –
Մատաղ դառնամ ես քո բարուն, քո չարին,
Թող բարձրանա շենքն անխափան դեպի վեր,
Վեմ լինեմ թող հայոց փառքի տաճարին:

Եւ երբ թաղում էին նրան հիմքի տակ,
Հովնանն անխոս, դառնորեն լաց էր լինում,
– Պէտք չե ասաց, – սգալ մոր մահը, որդյակ,
Երբ հայրենյաց փառքի համար է մեռնում:

Ու մշակները փորեցին օրն ի բուն,
Որմնադիրները շարեցին անդադար,
Բայց երբ նորից իջավ կապույտ իրիկուն
Փլեց շինվածքն եղավ հողին հավասար:

Եվ Հովնանի սիրտն անսփոփ մղկտաց,
Չկա ոչ հայր, չկա ոչ մայր… դատարկ տուն…
– Ինչի՞ համար ինձ պատժեցիր, ով Աստված…
Ու սրտաբեկ, անմխիթար մտավ քուն:

Ու երազին նորից եկան ծերերն այն,
Եւ գունատված, կանգնեցին իր սնարին.
Մեկն իր քնարն էր նվագում, մեղմաձայն,
Մեկն իր երգով, ձայնակցում էր քնարին:

Չես տվել քո սիրտն ու սերը բովանդակ,
Սիրով լիքն է քո զգայուն հոգին դեռ.
Չի բարձրանա քո տաճարը ոչ մի շարք՝
Թէ չթաղվի նրա հիմքում սիրտ ու սեր

Ճչաց Հովնանն ու արթնացավ նվազած,
Շուրջն առաւոտ, ծերունիները չկան,
Վեր կացավ նա, դառն հեկեկաց ու գնաց՝
Տառափանքն իր պատմի սիրած աղջկան:

– Ինձ տար, աղջիկն ասաց նրան անվեհեր, –
Սիրել եմ քեզ՝ տէր եմ  քո դժվարին.
Թող բարձրանա շենքն անխափան դեպի վեր,
Վեմ լինեմ թող հայոց փառքի տաճարին:

Եվ երբ ծածկում էին քարերը նրան,
Հովնանն անխոս, դառնորեն լաց էր լինում,
– Պետք չե ասաց, – սգալ սիրած աղջկան,
Երբ հայրենյաց փառքի համար է մեռնում:

Եվ մշակները փորեցին օրն ի բուն,
Որմնադիրները շարեցին անդադար,
Եվ քարտաշները տաշեցին աննկուն,
Ու բարձրացան քարաշարքերն անվթար:

Եվ յոթն անգամ, յոթը ամիս շարեցին,
Եվ յոթն անգամ, յոթը ամիս բարձրացավ,
Եվ սյուները կուռ կամարներ պահեցին,
Եվ գմբեթը դեպի երկինք խոյացավ:

Ու վեհանիստ կամարներին, սյուներին
Քանդակեցին սլաթռիչք արծիվներ,
Եվ ողկույզներ՝ խոյակների կատարին,
Եվ տերեվներ ու եղնիկներ ու զարդեր…

Ու վեհասլաց, բոլորաձեվ կեծվացքով,
Ինչպես վսեմ Արարատը ձիւնափառ,
Կանգնեց ծաղկուն այգիների ճամփի քով
Հայոց փառքի շքեաղակուռ մի տաճար…

Հրճվեց Հովնան ճարտարապետը հոգով՝
Մարմնավորված իր երազով գեղանի,
Եվ ներշնչումն իր հոյաշեն հմայքով
Մատուցանեց Մամիկոնյան իշխանին:

Եվ հմայված նայեց իշխանն ալեհեր,
Հոգին ձուլվեց կարծես ամեն մի քարի,
Ու Բյուզանդիոն կայսեր գրեց հրավէր՝
Շնորհ բերի օծման փառքի տաճարի:

Եկավ, նայեց Կոստանդիանոսը տարված,
Եվ շշնջաց հիացմունքով հոգին լի
– Մի՞թէ վեհ չէ այս կերտվածքը, ով Աստված,
Բյուզանդիոնի սուրբ Սոֆիաից ավելի:

Խնդաց հոգին Մամիկոնյան իշխանի,
Իսկ փառամոլ կայսրը տվեց հրաման.
– Պիտ Բյուզանդիոն ճամփել ինձ հետ Հովնանին
Կառուցելու հար եւ նմանն անպայման:

Տխրեց: Գմբեթն ելաւ Հովնանն անվարան,
Ու ձայն տվեց, – յայտնի լինի թող կայսրին,
Հայոց փառքի շքեղ տաճարն աննման,
Հայոց երկրից պիտի նայի աշխարհին…

Եւ գմբեթից իրեն թափով նետեց ցած,
Մեռավ, սիրտն ու սերը տված քարերին,
Ու նրանից փառքի տաճարը մնաց
Որպես ավանդ սերունդներին, դարերին…

1944 թ.

Հետևեք մեզ նաև Telegram-ում