Սլավի-Ավիկ Հարությունյան կամ միայնակ թռչունը

Սլավի-Ավիկ Հարությունյան կամ միայնակ թռչունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, Aravot.am: Հռոմում լույս տեսնող հայտնի իտալական հանդեսը տպագրել է արդի հայ բանաստեղծ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սլավի-Ավիկ Հարությունյանի բանաստեղծությունների շարքը Անաիդա Սանգուինո Կարդենասի թարգմանությամբ։ Հայ բանաստեղծի ստեղծագործությունները իտալացի ընթերցողին է ներկայացրել Ջուլիո Գռեկոն։ Ստորև ներկայացնում ենք իտալացի գրաքննադատի խոսքը.

«Միայնակ թռչունի կերպարի հեղինակային ներմուծումը մեզ համար մեկ այլ ավանդույթից ժառանգած պոեզիա է ու միշտ մարտահրավեր է ցանկացած օտար ընթերցողի համար: Հետևաբար կցանկանայի սահմանափակվել այս բանաստեղծությունների հմայքին ուղղված կարճ անդրադարձմամբ: Սա պոեզիա է, որ մեզ է հասնում հայկական լեռնաշխարհից, մի ժողովրդից, որ տառապել ու տուժել է ոչ միայն ցեղասպանության, այլև խորհրդային կարգերի տիրապետության պատճառով: Այս տեքստերում երևում է բանաստեղծի քնարական և խոհափիլիսոփայական երակը։ Բանաստեղծությունների այս հստակ և ըմբռնելի ազդակները բացվում են այնպես հանկարծակիորեն, ինչպես կայծակի հարվածը անլուսին գիշերվա մեջ. մեզ ապշեցնում են և մղում դիտարկելու այն կայծը, երբ հանգչելու պահին մեր մեջ արթնացնում է անծանոթ աշխարհը ուսումնասիրելու ցանկությունը. //Ճամփան չի հոգնում երկար քայլելուց//: Երբեմն հանդիպում ենք աֆորիզմատիպ նախադասությունների. //Ուրիշների երջանկությունը ուրիշ չափման միավոր ունի//: Բայց խոսքը միայն մտքի պայծառության մասին չէ. բանաստեղծը ուղղորդում է մեզ անդրադառնալ կարևորագույն խնդիրների. // Իսկ ինչու՞ են մեզ սգում երկրի վրա//: Սա ընդամենը մի ճիչ է. մարդկային անճանաչողության, միայնության և հուսահատության իրավիճակի համար պատասխաններ չկան. //Երկինքը դատարկ է//: Այնուամենայնիվ, հուսախաբ թվացող այս նկատառումներով հատվածները չեն խոչընդոտում նաև հույսի պահեր գտնելը. //Եվ կրծքիդ տակ նորից ալեբախում է քաղաքը//:

Սլավի- Ավիկ Հարությունյանի բանաստեղծությունները զուտ տեսարանների նկարագրություններ չեն կամ էլ չեն ուրվագծում միայն մարդկային իրավիճակներ, այլ նոր հորիզոններ են բացում և ընթերցողին են թողնում սեփական ներաշխարհը, սեփական փորձը, կյանքի ընտրությունները, այդ հրաշալիորեն հակիրճ տեքստերի վրա հարցերը պատկերելու գաղտնի հմայքը: Կարծում եմ՝ Սլավի- Ավիկ Հարությունյանի պոեզիան հիշողություններ արթնացնող է, այն չի սահմանափակվում ինքն իրենով, այլ շարունակական երկխոսություն է ընթերցողի հետ, քանզի այն այնպես զարմանալիորեն է արտապատկերվում մեր երևակայության մեջ, որ մեր առջև այլ տեսարաններ, այլ տարածքներ և ճանաչողության նոր հորիզոններ են բացվում. // Անիմաստ է անգամ աշնան անտառի կարմիր բոցը երբեմն երբ մի մոմ (չ)ես ուզում վառել//:

Տեքստը զուլալ է, էպիգրամային, հստակ և էական, զերծ ամեն տեսակ լեզվական պաճուճանքներից և արհեստական խառնաշփոթ փոխաբերությունների եռանդուն որոնումներից:

Այսպիսով, Սլավի-Ավիկ Հարությունյանի պոեզիան սահմանող և սահմանագծող չէ, այլ ընդառաջող է, քանի որ այդ «կարմիր բոցը» ամբողջ արտաքին աշխարհն է ներկայացնում, իսկ մոմը իր մեջ ներառում է յուրաքանչյուրիս ներաշխարհը, և յուրաքանչյուր ընթերցող մոմին հաղորդում է իր գույներն ու զգացմունքները:

Վստահորեն ասեմ, որ Սլավի-Ավիկ Հարությունյանը, անշուշտ, այն բանաստեղծներից է, ում արժե փնտրել, կարդալ ու բացահայտել»:

Ջուլիո ԳՌԵԿՈ

Հետևեք մեզ նաև Telegram-ում