«Երջանիկ ենք, որ ունենք Յուրի Դավթյանի նման ուսուցիչ»

«Երջանիկ ենք, որ ունենք Յուրի Դավթյանի նման ուսուցիչ»

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, Irates.am: Այս տարի նշվում է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի 90-ամյակը։ Ստեղծագործական երկարամյա աշխատանքով ու մանկավարժական գործունեությամբ մաեստրո Դավթյանը մեծ ներդրում է ունեցել մեր մշակույթի, դիրիժորական դպրոցի զարգացման գործում։

Շուրջ 20 տարի Յուրի Դավթյանը եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժոր, իսկ 1966-1968 և 1992-1994 թվականներին՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ Յուրի Դավթյանը ղեկավարել է ԽՍՀՄ երկրների մի շարք նվագախմբեր՝ ԽՍՀՄ պետական, Մոսկվայի Մեծ, Մարիինյան թատրոնների և այլ նվագախմբեր։ Դիրիժորը համերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում Ռումինիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Իսպանիայում:

Դիրիժորի ուսանողներն այսօր աշխատում են աշխարհի տարբեր երկրներում՝ պատվով ներկայացնելով հայ դիրիժորական դպրոցը։ Յուրի Դավթյանը սովորել է պրոֆեսոր Սարաջևի դասարանում, և այսօր նա Սարաջևի դպրոցի վերջին ներկայացուցիչն է։

Յուրի Դավթյանի աշակերտներից ՆԻԿՈԼԱՅ ՊՈՂՈՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշում է, որ ահռելի մեծ է Յուրի Դավթյանի դերը մեր մշակույթում։ «Մաեստրո Դավթյանը լեգենդար Կոստանտին Սարաջյանի աշակերտն է։ Սարաջյանն իր հերթին ոչ միայն Երևանի կոնսերվատորիայի, այլև Մոսկվայի կոնսերվատորիայի օպերային և սիմֆո դիրիժորության ամբիոնի հիմնադիրն է եղել։ Սարաջյանն իր հերթին Բեռլինի ֆիլհարմոնիկի գլխավոր դիրիժոր, համաշխարհային մեծություն համարվող Արթուր Նիկիշի աշակերտն էր, և Յուրի Դավթյանը միշտ ասում է, որ իրենց համարում են Արթուր Նիկիշի թոռները։ Յուրի Դավթյանը այսօր սարաջևյան դիրիժորական դպրոցի ավանդույթների շարունակողն է։ Մաեստրոն երկար տարիներ դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում՝ բեմ բարձրացնելով մեծ թվով աշակերտների»,- ասում է Նիկոլայ Պողոսյանը։

Այսօր էլ Յուրի Դավթյանը շարունակում է իր մանկավարժական գործունեությունը կոնսերվատորիայում։ Նիկոլայ Պողոսյանը Յուրի Դավթյանի վերջին աշակերտն է, որ ուսանել է օպերային և սիմֆո դիրիժորություն։
Նիկոլայ Պողոսյանը նկատում է, որ չափազանց հետաքրքիր մարդ է Յուրի Դավթյանը.

«90 տարեկանում զարմանալի հիշողություն ունի, վայրկյանների ընթացքում մտաբերում է անգամ ամենափոքր դետալներ։ Ունի մեծ ինֆորմացիա երաժիշտների, նրանց կյանքի, ստեղծագործության մասին, կարդացել է մեծածավալ գրականություն, մասնագիտական ահռելի փորձ ունի և սիրով այդ ամենը փոխանցում է իր ուսանողներին։ Յուրի Դավթյանը երջանիկ մարդ է, որ այսօր տեսնում է իր աշակերտներին բեմի վրա։ Երջանիկ ենք նաև մենք, որ ունենք նրա նման ուսուցիչ»,- նշում է Նիկոլայ Պողոսյանը։

Նշենք, որ հուլիսի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կազմակերպելու է տոնական համերգ՝ նվիրված Յուրի Դավթյանի 90-ամյակին։ Երեկոն կղեկավարեն ինքը՝ հոբելյարը, և նրա աշակերտները՝ Սերգեյ Սմբատյանը, Հայկ Դավթյանը, Նիկոլայ Պողոսյանը։ Համերգն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Լիլիթ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում