Սամվել Կոսյան. Բանաստեղծություններ

Սամվել Կոսյան. Բանաստեղծություններ

ԱՆԱՊԱՏ

Միայն մի ծառ է կանչում հեռվից,
միայն մի ծառ,
տարօրինակորեն գորշ ու վտիտ,
որ անապատի մերկության հետ
արձագանքվում է հույսի թրթիռներով:
Եվ գնում ես ահա,
դեպի ծառն ես գնում,
չկա կարուսել,
մեքենաների աղմուկ,
տագնապը մեռնող բնության:
Ջահեր հարկավոր չեն,
ծառը ձայն է անապատում
ու դեպի ծառն ես գնում
հիշելով ծաղիկները,
որ գիշերը մնացել են հոգուդ կպած
և աչքերը, որ կույր են
անվերջ որոնելուց…
Ինչ ես անելու ծառի հետ.
ահա այն կարող ես շոշափել,
դե շոյիր նրա մերկ ճյուղերը,
որ թաց են մտրուկի աչքերի պես,
որովհետև դու հենց մտրուկի էլ շոյում ես,
որ միայնությունից ճյուղավորվել է
անապատի մեջ…

ԾԵՐ ԿԻՆԸ

Նա ամենաշուտն է արթնանում
և նայում հայելիների անտարբերությանը:
Մտնում է խոհանոց,
ուր շարված են
ամենօրյա փայլուն հոգսերը
և քնքշորեն շոյում է նրանց:
Իսկ հետո
ամենաշուտն է ելնում փողոց,
ամենաշուտն է լցվում բարությամբ,
և այնքան գեղեցիկ է,
բայց դա շատ քչերն են տեսնում:
Եվ որովհետև
նաև օտարություն ունի,
ու արցունքներ ունի,
որոնք թե չթափվեն էլ,
միևնույն է, ծանր են
այս բոլորը:
Նա ամենաշուտն է զգում
և վերադառնում է տուն ամենաշուտը,
հագնում է բոլորովին սպիտակ շորեր,
ծաղիկը քնքշորեն ամրացնում է կրծքին,
պարում է հայելու դեմ,
բացում է պատուհանները,
և տեսնում են բոլորը, որ պատուհանից
մի սպիտակ թռչուն է թռչում երկինք:

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ`
ԳՐՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Ինչ շատ թիթեռներ են մեռել գիշերը,
լուսամփոփների լույսը առավոտյան
ուժասպառ է այդքան մահից…

ԾԵՐ ԿԱՆԱՅՔ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐ

Ինչը իմ մարմնի մեջ չէ,
երկնքում է միայն,
երկնքում է նաև
իմ մահվան օրը…

Բայց հողը շարունակում է պահել,

պատուհանից դուրս մի երեխա է ճչում,
որ գտել է, թե ծառը
արմատներ ունի,
որոնք չեն երևում,
որոնք չեն երևում:

Դեպի քեզ եկող ճանապարհին
ուղեկցողները աղջիկներ են փոքր:

Օ՜, ինչքան բառեր`
ընտրված միայն քեզ ասելու,
բայց քիչ է ժամանակը,
գեթ երազն իմ շարունակելու,
բառերը ինձ օգնում են պարզապես
քայլել երկու ոտքով:

Ինչը երկնքում է միայն
անձրև չէ,
աստղ կամ ձյուն:
Շրջանակներ կան դատարկ…
Իսկ ես դեռ ճանապարհին եմ,
որ բերելու է դեպի քեզ:

Ու ներիր, սիրելիս,
եթե այդպես էլ տեղ չհասանք:
Փոքրիկ աղջիկները
հանկարծ որոշեցին քնել,
և ահավոր էր նրանց տեսնել
դատարկ շրջանակների մեջ քնած,
ու անձրևը ծաղիկների,
որ հողից էր թափվում վերև…

Աղբյուր՝ Garoun.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում