Հեքեքյան. Արամի 23-ի հուշարձանի վերականգնման ուղղությամբ որևէ բան չի արվել

Հեքեքյան. Արամի 23-ի հուշարձանի վերականգնման ուղղությամբ որևէ բան չի արվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: «Արդեն մեկ տարի է անցել ինչ խարխլվեց Արամի 23-ի հիմքերը, վեց ամիս առաջ փլուզվեց տանիքը։ Առ այսօր որևէ բան չի արվել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը։

Նա նշեց, որ այսօր ունեն երկու խնդիր, առաջինը՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբերի վիճակն է՝ անորոշությունը է։ Տ. Հեքեքյանն ասաց, որ թեև կնքվել է պայմանագիր, խոսվել է այն մասին, որ պետք է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբերի համար վարձակալվի համապատասխան տարածք, «Ի Էմ Սի» ՓԲԸ-ն պետք է վարձը վճարի մինչև կառուցվի Արամի 23 շենքը։

«Մեզ տրվել է ժամանակավոր մի տեղ գրասենյակ, որ հետո պետք է գնայինք հիմնական տեղը, բայց առ այսօր մենք անորոշության մեջ ենք, «Ի Էմ Սի»-ին մեզ հետ չի ուզում կնքել պայմանագիր հետևյալ կետով, որ պետք է ֆինանսավորեն մեր վարձակալության համար այնքան ժամանակ, մինչև Արամի 23-ը կվերականգվի։ Ամեն ամիս են վճարում վարձը, սեփականատերն այդպես համաձայն չէ, որոշակի ժամանակվա համար է վարձ ուզում։

Ապրիլի համար վճարել են, դրանից հետո որևէ երաշխիք չունենք։ Խոստանում են, որ այսօր, վաղը կլինի, բայց առ այսօր մեզ այդ գումարը չի տրվում։ Դա կարևոր չէ, կարևորն այն է, որ մեզ հետ չեն կնքում պայմանագիր, որ ունենանք երաշխիք մեր երգչախմբերի ապագայի համար»,- ասաց Տ. Հեքեքյանը։

Նա նշեց, որ երկրորդ խնդիրը հենց Արամի 23-ն է ու հարակից միջավայրը, կողքի բարձրահարկ շենքերը վտանգված են։

«Երևանի գլխավոր ճարտարապետն ասուլիսում ապատեղեկատվություն է տարածում։ Առաջին անգամ ասում է, որ կա նախագիծ, որ այդ շենքը պետք է կառուցվի, այդպես էլ առ այսօր այդ նախագիծը ոչ մի տեղ չգտանք, հետո ասել էր, որ կա նախագծային էսքիզը։

Երկու ամիս անց Մեսչյանը հայտարարել է, որ ստորագրել է նախագծի էսքիզը, այսինքն գնդակը ինչպես ինքն ասաց, սեփականատիրոջ դաշտում է, այսինքն մեր դաշտում է։ Մենք անընդհատ ահազանգում էինք, նամակներ գրում, պահանջում նախագծի հաստատում, որևէ պատասխան չկար։ Ուղիղ երեք ամիս անց զանգահարում են ինձ, ասում որ կարող ենք նամակի պատասխանը վերցնել, որով տրված է թույլտվություն մայիսի 24-ով, սակայն նամակի վրա գրված էր հունիսի 6։ Քաղաքապետարանի ձեռագիրն է, ոնց որ պատուհաններ են թողնում, որ հետո իրենց ուշացած նամակները հետին ամսաթվով գրն։

Հիմա մեզանից պահանջում են վերջնական նախագիծ։ Այս ամենը պետք է արվեր մինչև մայիսի 31-ը ու նախագծի գումարը վճարվեր։ Իտալացիներն ասում են, որ պայմանագիրը լուծարվել է, հիմա պետք է գան, պայմանագիրը երկարացնեն, նորից նախագիծ արվի։ Կտևի էլի երեք ամիս։

Այս ամենը մեզ այնքան է մտահգում, էլ չենք կարողանում աշխատել։ Ամբողջ ժամանակ զբացված ենք նամակներ գրելով, զանգելով, հետևից ընկնելով, բայց ոչ ոք չի պատասախանում, մեզանով ոչ քո չի զբաղվում։

Անիմաստ տեղը հարցերի շարան է առաջացել, ուղղակի աշխատողների՝ իրենց պարտականություները չկատարելու պատճառով, չնայած քաղաքապետարանը բոլոր տեղերում նամակ է գրել, որ իրենք իրենց գործառույթներն ավարտել են»,- ասաց մաեստրոն։

Հարցին, թե ո՞ր է իրական պատճառը, նա ասաց. «Կարծում եմ կան իշխանության մեջ հայտնված մարդիկ, ի զորու չեն, սխալ տեղում են, ուղղակի աթոռ են զբաղեցնում, կամ ի զորու են, բայց հայտնվել են մի սարդոստայնի մեջ, որոնք որոշ հզոր մարդիկ հյուսել են, հիմա իրենց էլ են գցել այս ամիսների, տարվա ընթացքում, իրենք աշխատում են իրենց վրա, երրորդ՝ իրենց չեն թույլ տալիս, որ իրենք իրականացնեն իրենց պարտականությունները։ Երեքից որն է, չեմ կարող ասել»։

Նա նշեց, որ պատասխանատուները հասկանում են, որ հուշարձանի վերականգնումը հույժ կարևոր է, նաև այն վտանգ է իրենից ներկայացում, սակայն «ինչու են քնած»։

«Եթե այսպիսի մարդկանցն ձեռքում է մեր երկիրը, ուրեմն խնդիր ունենք։ Մենք պատերազմող երկիր ենք, սա ցավ է, որովհետև ժողովուրդն ինչ ոգևորվածությամբ ընտրեց ղեկավարների, սպասում են, որ ղեկավարները շփվեն ժողովրդի հետ»,- ասաց Տ. Հեքեքյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում