12-րդ Ծիրանատոնն անցկացվեց 7 մուսաների այգում, որտեղից երևում է Մասիսը

12-րդ Ծիրանատոնն անցկացվեց 7 մուսաների այգում, որտեղից երևում է Մասիսը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, Aravot.am: Գրող, գեղանկարիչ Արևշատ Ավագյանի այգում 12-րդ անգամ նշվեց Ծիրանատոնը։ Հետաքրքիր զուգադիպությամբ այնտեղ նույն քանակի տեսակի ծիրան է աճում։

Տարիներ ի վեր այգում ձևավորվել է պտղատոներ անցկացնելու ավանդույթը։ Այդ օրը նույն վայրում են հավաքվում երգահաններ, գրողներ, նկարիչներ, որպեսզի նշեն մշակութային օրը: Հայկական երաժշտություն, ասմունք, ստեղծագործություններ, մի խոսքով՝ մեկտեղվում են խոսքը, գույնը մեղեդին։

Հուլիսի 1-ին՝ավանդույթի համաձայն, միջոցառումը սկսվեց Օշականի սբ․ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում՝ Մաշտոցի շիրիմին ծաղիկներ խոնարհելուց։ Այնուհետև մտավորականները շարժվեցին դեպի այգի, որտեղ իրենց էին «սպասում» օրվա խորհրդանիշը համարվող ծիրանները։

2002 թվականին Աշտարակ-Օշական ճանապարհից քիչ հեռու՝ Քասախ գետի ձախ ափին գտնվող հողատարածքում, ծառատունկ կազմակերպվեց, որպեսզի ստեղծվի «Յոթ մուսաների» այգին։ Մոտ 70 մտավորականներ՝ Սեն Արևշատյանը, Անահիտ Սահինյանը, Հրաչյա Մաթևոսյանը, Վազգեն Ղազարյանը և այլք ծառեր տնկեցին ու հիմնադրեցին մի այգի, որտեղ հետագայում պետք է պտուղ տային հայոց բնաշխարհում աճող բոլոր ծառատեսակները։ 17 տարի առաջ մտավորականների ձեռքով տնկած ծառերի շվաքի տակ նստել էին ժամանակակից գրողներ, երաժիշտներ, նկարիչներ, ովքեր ասմունքում էին, երգում, գովերգում հայոց բնաշխարհի պտուղները, իսկ մի փոքր այն կողմ լսվում էր քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանի երաժշտության հնչյունները։

Այս տարի հավաքվածների կողքին էր նաև Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր նախկին դեսպան, հայագետ Օլեքսանդր Բոժկոն, ով իր խոսքում նշեց․

«Հայաստանը չափազանց հետաքրքիր երկիր է այն մարդկանց համար, ովքեր հետաքրքրվում են մշակույթով»։

Իսկ վայրը հայագետն այս կերպ բնորոշեց․ 7 մուսաների այգի, որտեղից երևում է Մասիսը։

Օլեքսանդր Բոժկոն միակ օտարերկրացի հյուրը չէր, վրացուհի Նինո Սպանդերաշվիլին հավաքվածների համար ասմունքում էր։ Ներկաները լսեցին նաև Համո Սահյանի բանաստեղծությունը, բայց ոչ բոլորիս հայտնի ձևով, այլ վրացերեն, թարգմանության հեղինակը Սպանդերաշվիլին էր։

Օրվա կազմակերպիչ Արևշատ Ավագյանն ուրախ է տեսնելով, որ այգին դարձել է մի հավաքատեղի, որտեղ պտղատոներին հնչում է հայոց երգն ու բանաստեղծությունը։

Ծիրանածին, հե~յ, Ծիրանատոն, ջա~ն, ծիրանահամ տոն է մեր այգում.

Տոնի մասին ոչ միայն գրվել են բանաստեղծություններ, այլև ստեղծվել է հիմն՝ նվիրված այդ օրվան, իսկ բառերի հեղինակը երգահան Արսեն Համբարյանն է։

Այգու անունը պատահական չէ․ խոսքը, գույնը, մեղեդին, բոլոր յոթ մուսաները մեկ վայրում։ Տարիներ շարունակ այդ վայրում գրվել են ստեղծագործություններ, երաժշտություններ, արվել են կտավներ։

Ամեն տարի այգում կազմակերպվում է երկու տոն՝ Ծիրանատոնը և Ընկուզատոնը, նշվում են նաև դեղձի, կեռասի և այլ մրգերի օրերը:

Մինչ մտավորականները նշում էին պտղատոնը, ծառերից արդեն հասունացած ծիրանները թափվում էին մարդկանց ոտքերի տակ՝ զարդարելով շրջակայքը։

Անի ԱՎԱԳՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում