«Եթե մարդ կտրվում է արվեստից, դրան արդարացում չկա»

«Եթե մարդ կտրվում է արվեստից, դրան արդարացում չկա»

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, Aravot.am: Էսքիզներ՝ Սոս Սարգսյանի դիմանկարի

Տարին հոբելյանական է մեր մշակույթի մեկ-երկու երեւելիների համար: Անդրադառնանք մեր Նահապետին, որի ծննդյան 90-ամյակը կլրանա աշնանը, ով վեց տարի է, ինչ ապրում է երկնային կյանքով: Երբ ասում ենք Նահապետ, աչքներիս առջեւ հառնում է Սոս Սարգսյանը ոչ միայն իր կերտած կերպարով համանուն ֆիլմում:

Շուրջ 70 տարի առաջ նա եկավ Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, մինչեւ 1991թ. խաղաց շուրջ 30 դեր, իսկ 1960-ականների սկզբից էլ սկսեց նկարահանվել ֆիլմերում (ավելի քան 40): Նրա դերասանական խառնվածքը համոզիչ դրսեւորվում է նախասիրած, հաճախ տառապող, բայց ուժեղ բնավորության տեր կերպարների մեջ:

Միանշանակ ազգային բեմի, ազգային դերասան է վարպետը: Եվ այս եզակի առանձնահատկության շնորհիվ է, որ նրա արվեստն ունի համամարդկային բնույթ, հասկանալի եւ ընդունելի նաեւ օտար հանդիսականի համար: Ի դեպ, արտիստը նկարահանվել է ռուս ռեժիսորների ֆիլմերում նույնպես: Առավել հայտնի են Գիբարյանի կերպարը Տարկովսկու «Սոլյարիս», թափառիկ արտիստինը՝ Բորտկոյի «Առանց ընտանիքի», Ֆեոֆան Պրոկովիչինը (Պուշկինի «Միխայլո Լոմոնոսով») եւ այլն: Հասկանալի պատճառով չենք թվարկում եւ չենք առանձնացնում հայ բեմում ու կինոյում արվեստագետի մարմնավորած կերպարները:

Հիշում ենք, երբ անվանի արտիստը ռեկտորն էր Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի (1997-2006թթ.), իսկ հետո էլ ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը, հյուրընկալվեցինք նրան եւ ականատեսը եղանք, թե ինչպես մեծ արվեստագետը տեսնում, զգում է զրուցակցին, կարդում նրա շարժումը, դիմախաղը, նույնիսկ խոսելաձեւը: Նրա սուր աչքերը որոնում են մարդու այն գծերը, որոնք, մի կողմից՝ ընդգծում են տվյալ անձի համար տիպականը, մյուս կողմից՝ իր համար «ժպիտի» նյութ են դառնում: Ի վերջո, այդ ամենը մարմնավորելու կարողությունն է: Սա արդեն դերասան-մարդու գործ է եւ պետք է ասել՝ պրոֆեսիոնալ վարպետի գործ: Մեր լսածն ու տեսածը, միայն տարիներ հետո պիտի դառնար հոդված: Վարպետը ժլատ ու սեղմ միջոցներով շատ բան է ասում, ինչն առանց երկմտելու կարող է միայն անհատը՝ այն էլ տաղանդավոր: Ավելին՝ երբեք չկորցնելով չափի զգացումը, ընդհանրացումների միջոցով հասնում է ասելիքի բացահայտման առավելագույն ճշգրտության:

Այնուամենայնիվ, չենք կարող Նահապետի կերպարի մասին չխոսել: Դա այնքան կենսական է, որ տարիների ու ժամանակի հեռվից էլ չի խամրել ու չի խամրի: Հակառակը՝ գնալով ավելի պայծառ գույներով է փայլում: Կամ՝ մի պահ պատկերացնենք այդ կերպարի մեկ այլ մեկնաբանում. դժվար է ուրիշ կերպ, ուրիշ ճանապարհով անհնար է ցույց տալ մարդկային այդօրինակ հոգու ելեւէջները:

Իսկ Նահապետն ի՜նչ հիացմունքով ու ոգեւորությամբ էր արտահայտվում սաների մասին, իր խոսքերով՝ Աստծո պարգեւ, ռոմանտիկ սաների մասին: Փոխանցենք ռեկտոր Սարգսյանի հետեւյալ միտքը՝ որդեգրել ենք մի սկզբունք, այն է՝ ինչ դիմորդ էլ որ դիմի, ինչ մարդ էլ ընդունվի, նա պիտի դառնա դերասան, արժանի մեծագույն այդ կոչմանը:

Երբ խոսք գնաց ազատության մասին, որը մարդու դաստիարակության, կրթության, բարոյականության, իմաստության շրջանակներում է, ասաց, որ ինքը ազատություն սիրող եւ գնահատող մարդ է, բայց տանել չի կարողանում, երբ այն վերածվում է սանձարձակության:

1991թ. իր հիմնած Համազգային թատրոնի մասին էլ Սոս Սարգսյանն ասաց. «Շաբաթը 4-5 ներկայացում պիտի խաղացվի: Խորհրդարանն էլ պիտի որոշում ընդունի, որ ներկայացումները եւ ընդհանրապես արվեստագետների մասին հաղորդումները եթեր հեռարձակվեն զեղչ գներով…»:

Զրույցի ընթացքում Սոս Սարգսյանը մանկանը հատուկ խանդավառությամբ ու անմիջականությամբ բերեց մեկ օրինակ. «Վերջերս կայացավ Պետրոս Ադամյանին նվիրված գիտական կոնֆերանսը: Թեմաներն էին՝ «Ադամյանը որպես նկարիչ», «Ադամյանը որպես բանաստեղծ», «Ադամյանի Համլետը», «Ադամյանն ու Թումանյանը»: Կազմակերպիչներից մեկը մեր Հենրիկ Հովհաննիսյանն է… Նրա համար չեմ ասում, որ բացման խոսքը ինձ էր վստահված: Բայց մեզ ցանկացել են տիրանալ արաբները, պարսիկները, թուրք սելջուկները, մոնղոլները… Ու այդ ժամանակներում, այնուամենայնիվ, կառուցվել են վանքեր, եկեղեցիներ, ՝հորինվել երաժշտություն, գրվել են գրքեր… Մեր օրերում, չեմ կարող հասկանալ, երբ մարդ կտրվում է արվեստից, ու եթե կտրվում է, դրան արդարացում չկա: Մենք այն ժողովուրդն ենք, որ պայքարով, թեկուզ արյան, ուժեղ կամքով ու հավատով դուրս ենք եկել անելանելի թվացող իրավիճակներից: Ի վերջո, ճիշտ չէ ամեն ինչ արդարացնել սոցիալական պայմաններով…»:

Ժամանակին երբ ժպիտով հարցրինք, թե 1991թ. եթե ընտրվեր նախագահ… Նահապետն ընդհատելով ու մեղմ ժպիտով ասաց. «Հային նախագահ պե՞տք է: Ամեն մեկս մի նախագահ ենք…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում