Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» համահայկական ուխտագնացության մասնակիցներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» համահայկական ուխտագնացության մասնակիցներին

Հուլիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» համահայկական երիտասարդական ուխտագնացությունը` կազմակերպված Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) կողմից:

Հուլիսի 4-7-ը Արցախում անցկացվելիք երիտասարդական հավաքին մասնակցելու են շուրջ 220 եկեղեցասեր երիտասարդներ Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից:

Ուխտագնացության մեկնարկը տրվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելությամբ, որտեղ երիտասարդները Վեհարանի առջև ստացան Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու պատգամը:

Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց ուխտագնացության ծրագիրը` տեղեկացնելով, որ աշխարհասփյուռ թեմական կառույցներից երիտասարդները ուխտավորաբար եկել են Մայր Աթոռ՝ ստանալու Հայոց Հովվապետի օրհնությունն իրենց ուխտի ճանապարհը սկսելուց առաջ:

Ուխտավորներին ողջունեց նաև սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ ընդգծելով, որ ՀԵՀԵՄ-ը համախմբում է աշխարհասփյուռ հայկական եկեղեցիներին ու համայնքային երիտասարդական կառույցներին, մեկտեղում հայ երիտասարդության ներուժը նրա ինքնազարգացման, ազգային և հոգևոր արժեքների պահպանության նվիրական գործում:

«Հոգևոր առաջնորդների ուղեկցությամբ այս ուխտագնացությունը յուրօրինակ հոգևոր խորհուրդ է իր մեջ պարունակում, քանի որ դուք եք աշխարհասփյուռ հայության երիտասարդ, կարող, գործունյա ուժը, դուք եք, որ երիտասարդական ավյունով և ակտիվությամբ ձեր նպաստը կարող եք բերել հայկական համայնքների զարգացմանը, ձեր հասակակիցների շրջանում քրիստոնեական արժեքների տարածմանը»,- ասաց տիար Զարեհ Սինանյանը՝ վստահություն հայտնելով, որ համահայկական երիտասարդական այս հավաքը կնպաստի նաև նրանց առաջնորդական կարողությունների զարգացմանը:

Այնուհետև ՀԵՀԵՄ հոգևոր պատասխանատու, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն արձանագրեց, որ ներկայի մեջ երիտասարդներն անցյալը գալիքի հետ կապող ոսկե կամուրջ են և այսօր եկել են վերամկրտվելու Սուրբ Էջմիածնի խորհրդի մեջ, որը հայության ինքնության արմատն է: Սրբազանը հավելեց նաև, որ ուխտավորները եկել են ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունը, որպեսզի դրանով գոտեպնդված վերադառնան իրենց համայնքները:

Ապա երիտասարդներին իր պատգամը բերեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ուրախություն հայտնելով աշխարհասփյուռ հայ երիտասարդներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համախմբված տեսնելու առիթով:

Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ ամենևին պատահական չէր դեպի Սուրբ Էջմիածին և դեպի Սրբազան Արցախ ուխտագնացության կազմակերպումը:

«Սուրբ էջմիածնում է, որ մեր հայրերը ուխտեցին լինել Աստծո սեփական ժողովուրդը և պահել հավատարմությունը բոլոր ժամանակներում դեպի մեր Տերը, դեպի մեր Երկնավոր Հայրը: Այդ ուխտով մեր հայրերը կերտեցին մեր մշակույթը, մեր փառապանծ պատմությունն ու հաղթանակները: Հայրենիքից հարկադրված հեռանալով՝ նրանք ամենուր հաստատեցին մեր համայնքները՝ Հայոց Սփյուռքը, որը դարձավ հայրենիքի անքակտելի ու անբաժան մասը և շարունակեց ապրել իր հայացքը ուղղած դեպի Սուրբ Էջմիածին:

Սուրբ Էջմիածնից դուք ուղևորվելու եք դեպի Արցախ, ինչը նույնպես պատահական չէ: Այս տարի լրանում է Արցախի թեմի հաստատման 30-ամյակը: Երեսուն տարի առաջ էր, որ երանաշնորհ Վազգեն Ա. Կաթողիկոսը հռչակեց Արցախի թեմը: Այն օրերին երբ մեր ժողովուրդ ոտքի էր ելել արցախյան ազատագրական պայքարի, երբ նաև ձեզ պես երիտասարդ հայորդիք մեկնում էին Արցախ` իրենց կյանքով պաշտպանելու արցախաբնակ մեր զավակների ազատ ու անկախ ապրելու իրավունքը, և այս իմաստով նույնպես Արցախն այն սրբազան տարածքն է, որտեղ դուք լիարժեքորեն և կատարյալ կերպով հնարավորություն կունենաք ձեր ուխտագնացությունն աստվածահաճո դարձնելու համար»,- նշեց Հայոց Հայրապետը` վստահություն հայտնելով, որ ուխտավոր հայորդիները Արցախի հերոսական պատմության և ժողովրդի մեջ հնարավորություն կունենան ճանաչելու իրենց ինքնությունը և վերանորոգելու հայրենանվիրումի և եկեղեցասիրության իրենց ուխտը:

Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ ուխտագնացությունը լավագույն հնարավորությունն է անհատի համար Աստվածճանաչողության և ինքնաճանաչողության ճանապարհին՝ մաղթելով, որ այս ուխտագնացության ընթացքին երիտասարդները ինքնաճանաչողության միջոցով ամրանան աստվածահաճո ընթացքի մեջ և ձերբազատվեն Աստծուց հեռացնող բոլոր երևույթներից:

Բարի երթ մաղթելով ուխտավոր հայորդիներին՝ Ամենայն Հայոց Հայրապետը աղոթք բարձրացրեց առ Աստված` հայցելով, որ Տերը ունկնդիր լինի նրանց խնդրանքներին, նորոգի ու զորացնի Արցախով և նրա քաջարի զավակներով:

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Հետևեք մեզ նաև Telegram-ում