Ուսուցման մեծագույն ուղին

Ուսուցման մեծագույն ուղին

Մարդը պետք է կրթություն ստանա և սովորի, նշում է սրբակյաց Հայր Թադեոս վրդ. Վիտովնիցկին, որպեսզի հասկանա, թե ինչպիսի ընդունակություններ ունի: Դպրոցը ձևավորում է միտքը, բայց ոչ հոգին: Աստվածաբանների մեծամասնությունը դասավանդում է աստվածաբանության ֆակուլտետներում, սակայն չի ապրում այնպես, ինչպես ուսուցանում է ու դասավանդում: Իսկ երեխաներին, երիտասարդներին կյանքի օրինակ է անհրաժեշտ: Սակայն օրինակը չկա և այդ պատճառով իրավիճակը շատ ծանր է: Դպրոցը տալիս է ինտելեկտուալ, պատմական, բայց ոչ հոգևոր կրթություն: Իսկ երեխաներին անհրաժեշտ է հոգևոր կրթություն, որը շատ ավելին է տալիս, քան խոսքերը: Մենք կարող ենք շատ ուսուցումներ լսել կյանքի, քրիստոնեության մասին, բայց հարցը նրանում է՝ արդյո՞ք կարող ենք այդ ամենը կիրառել կյանքում: Երբ տեսնում ենք կենդանի օրինակ, տեսնում ենք խաղաղությամբ, սիրով, հոգևոր ուրախությամբ լեցուն մարդուն, ով տեղիք չի տալիս չարիքին, ով քաջ է, ազնիվ, խորագետ և լույսի պես փայլատակում է: Այդժամ երեխայի մոտ ձգտում է առաջանում նմանվել նրան: Քո կյանքով կարող ես ավելին ասել, քան խոսքերով: Մենք՝ ավագներս, ամեն ինչում մեղավոր ենք, որովհետև վատ օրինակ ենք ծառայում երեխաներին: Ուղղիր ինքդ քեզ և կենդանի օրինակ կդառնաս: Ծնողներն իրենց երեխաների վրա իշխանություն ունեն: Նրանք կարող են իրենց երեխաներին տալ Աստծո ձեռքը կամ մատնել սատանային: Մեր թերահավատության պատճառով չենք նկատում, թե չար ոգիներն ինչպես են ներգործում երեխաների վրա: Անլուրջ վերաբերմունք ենք ցուցաբերում այդ իրողությանը: Իսկ երեխան չի կարողանում խաղաղվել: Նա զարգանում և անընդհատ գտնվում է շարժման մեջ և երբ ինչ-որ բան այնպես չի անում, ծնողները կշտամբում են նրան և զայրույթի հեղեղ լցնում նրա գլխին, իսկ երեխան այդպես էլ ոչինչ չի հասկանում: Ծնողները նախ իրենք պետք է խաղաղվեն, այնուհետև սիրով բացատրեն զավակին, թե ինչում է սխալվել: Երբ միտքն ուղղված է սրտից դեպի սիրտ, երեխան անպայման կընդունի խորհուրդը, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի, որովհետև միմյանց հանդեպ մտքերի հակառակություն է ստեղծվում:

Մի աստվածասեր տատիկ ուզում էր թոռներին դաստիարակել քրիստոնեական ոգով, բայց երեխաները նրան չէին լսում: Ինքն իրեն հարցնում է, թե ինչ անել: Անհրաժեշտ է ամեն գնով ընտանիքում խաղաղություն պահպանել: Ոչ ոք քո սրտից Աստծուն չի հեռացնի: Եթե չես կարողանում նրանց աղոթել սովորեցնել, պետք չէ շարունակել նրանց այդպես խրատել, ստիպել, բայց ամբողջ սրտով անհրաժեշտ է ձգտել առ Աստված: Կյանքի օրինակը շատ ավելի լավ է ուսուցանում, քան քննադատությունները, խրատներն ու զրույցները: Մարդու միտքն ունի մեծ ներգործություն: Այն կարող է բարիք բերել կամ էլ` ոչնչացնել մարդուն: Մտքի դրական կամ բացասական այս հատկությունները հաճախ չենք գիտակցում: Ընտանիքի փլուզումը` վեճերը, հիվանդությունները, հնարավոր փորձանքները, դրանց զարգացումն ու ավելացումը ընտանիքի անդամների վատ մտքերի հետևանքն են: Ընտանիքի գլխավոր և միակ պայմանը ծանր իրավիճակից դուրս գալու համար մարդու մտքերի փոփոխության անհրաժեշտությունն է: Իսկ դրա բանալին ի սրտե հավատքն է առ Աստված: Սկսեք բարի մտքերի վրա կենտրոնանալ և դրանք ուղարկել շրջապատին` բարի մտքեր, բարի ցանկություններ, սիրո և լույսի մոտեցում նաև նրանց հանդեպ, որոնք վիրավորել են, տհաճ են և դադարել են սիրել ձեզ: Այդ ժամանակ սեփական օրինակով կզգաք բարի մտքերի ուժն ու զորությունը: Ինչո՞ւ են ընտանիքում շարունակաբար վեճեր ու անհամաձայնություններ ծագում: Ծնողները, մերձավորները հանդես են գալիս իրենց «ես»-ի պատկերացումների ճշմարտությունից` անտեսելով աստվածային սիրո, ներողամտության, խոնարհության, հանդուրժողականության արժեքները: Եվ երեխաների հիվանդագին ու անհնազանդ վիճակը գալիս է ծնողների տարակարծություններից ու պահվածքից, որքան էլ փորձեն սաստել, խրատել զավակներին: Միևնույն իրավիճակը տիրում է դպրոցներում, աշխատանքի վայրում, ամենուր: Դադարեք վատը խորհել ձեր աշխատակիցների, ղեկավարի մասին: Վատ մտքերը փոխարինեք դրական, բարի մտքերով և կտեսնեք, թե ինչ դրական փոփոխություն է առաջանում ձեր ներսում և ձեր շրջապատում:

Մենք ինքներս ենք ստեղծում ներդաշնակություն և աններդաշնակություն ընտանիքում` կախված մեր մտքերից ու ցանկություններից: Եթե տանտերը խճճված է ինչ-որ հոգսերով և մտքերով, նա ոչ միայն անհանգստություն է պատճառում իրեն, այլև ամբողջ ընտանիքին: Տանը ճնշվածություն է տիրում, երեխաները չեն կարողանում իրենց տեղը գտնել և մխիթարվել: Տանտերը պետք է բարությամբ փայլատակի, որը նրա միջոցով փոխանցվում է մյուսներին, ընտանիքին: Միմյանց հանդեպ դժգոհությունները, վիրավորանքները հետագայում բերում են ծանր հետևանքների: Մարդու հոգին աներևակայելի ներուժ ունի: Եթե ընտանիքում անդամներից գեթ մեկն իրեն նվիրի Աստծուն, այդ ընտանիքում շատ բան կփոխվի: Նա դառնում է ուրախության և մխիթարության աղբյուր: Նա մարում է ալեկոծ հույզերը, հարթում վեճերը, հաշտեցնում ու խաղաղեցնում բոլորին, և այս ամենը հավատքի շնորհիվ: Ընտանիքներում բավական է մի մարդ դժգոհ լինի, որ իրեն անարդար վերաբերմունք են ցուցաբերում, և ամբողջ իրավիճակը սկսում է ծայրահեղ դառնալ: Բոլորը սկսում են զգալ այդ դժգոհության մթնոլորտը և չեն հասկանում, թե ինչու է այդպես: Մեր մերձավորներին պետք է վերաբերվենք հավասարը հավասարի պես և չպետք է նրանց բաժանենք հաճելի և տհաճ կատեգորիաների: Մի բարեպաշտ ընտանիքում խաղաղություն, հաջողություն չկար, թեև բոլորը հավատացյալ էին: Գնում էին եկեղեցի, միշտ սբ. Հաղորդություն ստանում, մասնակցում տոներին: Բայց չգիտես ինչու նրանց ընտանիքում խաղաղություն չկար և չէին կարողանում հասկանալ, թե ինչու: Սակայն միևնույն ժամանակ իրենց ընտանիքի անդամներից որևէ մեկը չէր լսում մյուսին, կինը` ամուսնուն, երեխաները` ծնողներին, թոռները` ծերերին: Ահա, թե ինչ է նշանակում, երբ տանը ներդաշնակություն գոյություն չունի: Հետևաբար, որքա՜ն կարևոր է մտքերի ներդաշնակությունը:

Մարդիկ ուշադրություն չեն դարձնում, թե իրենց մտքերն ու ցանկությունները ինչպես են ազդում շրջապատի վրա: Հանրային կյանքում նույնպես տեսանելի են մեր մտածումները: Ի վերջո, պետությունը մեծ ընտանիք է` բաղկացած բազմաթիվ անդամներից: Փոխանակ պահպանենք մեր ընտանիքը, մենք բացասականն ենք մտածում նրա մասին, վատն ենք խորհում միմյանց մասին: Մի՞թե կարող է այդ ամենից լավ հետևանքներ բխել: Ավա՜ղ, ապաշխարություն չունենք… Իրական սիրո գիտակցությունը փոխարինված է եսասիրությամբ: Ծնողները կորցրել են ճշմարիտ սիրո ընկալումը դեպի երեխաները: Եթե մարդ որևէ մեկին ամուր սիրում է, նա լավ է հասկանում նրան: Կարողանում է ըմբռնել նրա հակումներն ու հատկանիշները: Երբ գոյություն չունի այդօրինակ սերը, ծնողը չի կարողանում հասկանալ իր երեխային, թեև նրան ճանաչում է նրա ծնված օրից: Ներքին բացասական հոգեվիճակը հետագայում դառնում է բազմաթիվ ընտանիքների քայքայման պատճառ, երեխաների և ծնողների հակառակության առիթ միմյանց միջև, թեպետ առաջին հայացքից ծնողները ուղղակիորեն չեն խոընդոտում ընտանիքի երջանկությանը:

Այսօր, թեև արդեն երկու հազար տարուց ավելի ունենք Քրիստոսի կերպարը որպես օրինակ, այդուհանդերձ ինքնասեր, հպարտ մարդու ցավալի պտուղներն ենք տեսնում: Քրիստոնեական ուղին պահանջում է հնազանդություն ծնողներին: Երեխաները պահպանում են օրհնությունը, երբ հնազանդ են իրենց ծնողներին: Այդ զորությունն առկա է նույնիսկ այն դեպքում, երբ ծնողներն այնպիսին չեն, ինչպիսին պիտի լինեին: Բայց այդժամ ծնողները պատասխանատու են Աստծու առջև: Ի վերջո, իրական հոգևոր կյանքն է, որ բերում է սպասված խաղաղությունը և ներդաշնակությունը ընտանիքում: Այդ ժամանակ է, որ մարդը դառնում է կայացած անհատականություն` ունենալով ներքին ազատություն, համբերություն և իմաստություն: Եթե ընտրում ենք այլ ուղի, այն մարդուն պահում է փորձությունների, ընտանեկան վեճերի, լարված մթնոլորտի շրջապտույտում և ձևավորում այնպիսի անձնավորություն, որը մինչև վերջ էլ չի կարողանում հասկանալ կյանքի նպատակը և հասնել լիարժեքության: Երբ երեխաները մոտեցան Հիսուսին, նա նրանց չպատմեց դավանական հիմնադրույթներների և դարավոր աստվածաշնչյան պատմությունների մասին, այլ պարզապես սիրո վերաբերմունք և ջերմություն ցույց տվեց: Սեր, բարություն և համբերություն` այս վերաբերմունքն ու մոտեցումն է երեխաների ուսուցման մեծագույն ուղին: Եվ այս վերաբերմունքի մեջ առկա է և´ անհրաժեշտ խստություն, և´ ներում` լեցուն սիրով ու լույսով, որը երեխային ուղղորդում է առ Աստված և տեսանելի լուսավոր ապագա, այլ ոչ թե դեպի այս աշխարհի մշուշոտ հորձանուտը և անցնող-գնացող արժեքները:

Պատրաստեց Հովհաննես սրկ. Մանուկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում