USD
EUR
RUB

Սիամանտո․ Թթենին

 

Ու ինչպիսի՜ անողոք մխիթարութեան մը համար էր որ,
Ձեռքերնուս մէջ ձեզմէ հասած քանի մը ծրար ցնցոտիներ,
Երկու ընկեր մեռած գիւղէ մը ուրիշ գիւղ մը կը քալէինք…
Երբ ճամբուն վրայ պատահեցանք ծեր կնոջ մը կորաքամակ,
Որ հացի պարկ մը ուսէն կախ եւ ցուպի մը վրայ յենած
Եկաւ մեզի, իր ցաւին հետ, դանդաղութեամբ մը մօտեցաւ։

- Առաւօտէն մինչեւ հիմա մինաւորիկ կը թափառիմ,
Այրած տանս մոխիրները փնտռելու…
Ութ օր եղաւ որ մեր գիւղը դրացիներն աւերեցին,
Իմ մեծ որդիս կռիւին մէջ իբր կտրիճ մեռաւ, ըսին.
Բայց վերջին լոգանքն ես ըրի առուակի մը ջրերէն…
Եւ հին օրերու դրացի, բայց այսօրուան թշնամիներ,
Ծերութեանս, աղերսանքիս, արցունքներուս գթալով,
Բարեկամներու նման - ալ բարեկամ չէ՛ր մնացեր - ելան եկան,
Նարնջենիի այգիի մը մէջ, օր մը յետոյ, անոր դիակը թաղելու…
Աչքերուս մէջն արցունք չի մնաց, որ
Հոգեհատոր թոռնիկիս մահը՝ նստած ես լայի…
Ութ օր է որ խենթի մը պէս վրանէ վրան կը շրջիմ…
Ո՛չ քուն ունիմ, ո՛չ արթուն, միայն զինքը կ՚երազեմ…
Թո՛ղ աշխարհս քանդէին, բայց թոռնիկս ինծի մնար…
Թոռանս տեղը զի՛ս մեռցուցէք, զի՛ս մեռցուցէք, գոռացի, լսող չեղաւ…
Աղաչանքիս լսող չեղաւ… եւ կիսամեռ, պատանին…
Դիակներու սահմանուած սայլին մէջը նետելով՝
Վանքին ճամբէն հեռացուցին, ա՜խ իր աչքերը, իր աչքերը դեռ կը տեսնեմ…
Երկար ատեն աչքերը բաց, հոգին տալով, ինձ նայեցաւ,
Սայլին ձայնը դեռ կ՚իմանամ, ճռնչելով կը թաւալի…

Զարհուրելի հեծկլտուք մը կնոջ մարմինը ցնցեց,
Բայց իր արցունքը կուլ տալով, ինձ նայելէն, դեռ ըսաւ.

- Ա՛լ տուն չի կայ, տնուոր չի կայ, մահուանս հետ մինակ եմ,
Պէտք էր տեսնել իմ տնակս, ի՜նչ բարիքի օճախ էր…
Գառնուկներուս, հաւերուս եւ աքաղաղիս հետ ճերմակ,
Բոլո՛րը մէկ, բոլո՛րը մէկ գոմին մէջն այրուեցան…
Աշնան համար, ամբարիս մէջ, ափ մը ցորեն ունէի
Եւ երդիքիս կտուրին տակ մեղուներու երկու փեթակ,
Այս բոլորը, օրուան մը մէջ, մեր գիւղին հետ վառեցին…։
Բուխերիկս շինուած օրէն ամէն առտու կը մխար…
Ի՞նչ կ՚ուզէին այս բոլորէն, ի՞նչ կ՚ուզէին, դուք ըսէք…
Աջ կողմերնիդ նայեցէք, ահաւասիկ աւերակը տնակիս.
Տեսէ՛ք աղբիւրս, որ քարուքանդ պատին տակէն առու կազմած…
Ծաղիկներուս փոխարէն, մոխիրնե՜րս ջրել կ՚երթայ…
Բայց այս բոլորը թոռնիկիս քով ի՜նչ կ՚արժեն…
Ահ, երկու քարեր տուէք ինծի, որ ձեռքս առած գլխուս զարնեմ…
Թթենիս ալ կտրտեր են, մահը գլխուս, թթենիս ալ կտրտեր են.
Վա՜խ, իր յիշատակն, հասակին պէս աչքիս առջեւ կը բարձրանար,
Եօթը տարին նոր բոլորեց, եւ ես արդէն իր շուքին տակ…
Գրկիս մէջ թոռնիկս առած իրեն օրերը կ՚երգէի…
Թթենիս ալ կտրտեր են, հո՛ս նայեցէք, իր արմատէն թթենիս ալ սղոցե՜ր են։
Դիակներուն սայլը ո՞ւր է, դիակներուն սայլը ո՞ւր է, ես իր ճռինչը կ՚իմանամ…
Ես ալ կ՚ուզեմ մէջը նետուիլ, թոռանս քով, սայլին մէջը դեռ տեղ մը կա՜ր…
Տեսարանն ահաւոր էր։ Թշուառ կինը թթենիին սղոցուած ճիւղին փաթթուած…
Գետին ինկաւ…։ Ես չի կրցայ իմ հեծեծանքս զսպել…
Մինչ՝ մոխիրներու եւ մահերու տանթէական ճանապարհին՝
Ինձ ուղեկից ընկերուհիս մանկան մը պէս սկսաւ լալ…։

Լրահոս
Հրաչյա Թամրազյան․ Գալարափողեր Վարդան Հակոբյան․ Ծանրացող իրիկուն Ո՞ւր ենք մենք Ձայնագրվում են դասականների ստեղծագործությունները Ֆրանսիայի ազգային տոնի համերգին հնչել է Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» Մշո Ճառընտիր Մշակութային ժառանգության զարգացման կենտրոնն ազդարարեց գործունեության մեկնարկը Իսրայելում գտնվել է 9000 տարվա մեգապոլիս Սո՛ւրբ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է Սուրբ Աղոթք ընտանիքի համար Զապել Եսայան․ «Անի քաղաք նստեր կուլայ…» Ռուբեն Որբերյան․Հայրենիքի խնձորներ Հայոց իմաստակիր հնչյուններ Քրիստոսի Պայծառակերպության տոնի խորհուրդը Աստծո պատվերն է Նարեկ Ավետիսյանի «Ջաջուռյան կտավներ» խորագիրը կրող ցուցահանդեսը Հրաշք է, երբ ընդունակ ես կարեկցել… Թամանյանական գլուխգործոցի անակնկալը «Կիլիկիա. Առյուծների երկիր». Շուտով մեծ պրեմիերա՝ Հայաստանում Պոլսո պատրիարքարանում հայտնի են դարձել Նախաձեռնող մարմնի անդամները Ի՞նչ նպատակով էին կանայք բարձրակրունկ կոշիկ հագնում 15-17-րդ դարերում Բրիտանիայում Բենքսին ավելի սիրված է, քան Լեոնարդո դա Վինչին ու Վան Գոգը Ներսես Շնորհալի․ Ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս Արմեն Սարգսյան․ «Տիկնիկավարը» Վահագն Դավթյան. Մայրաքաղաքը Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ Մարգարեները կոչված էին մարդկանց հաղորդելու Աստծո կամքն ու պատվիրանը: «Կոնսերվատորիայում բոլոր քննությունները տեսաձայնագրվել են» «Գրեմմիի» բազմակի մրցանակակիրը Հայաստանում կձայնագրի հայ կոմպոզիտորների սիմֆոնիաները Հավատը`բարոյական կյանքի հիմք Ինչ մասնագիտությունների գծով կան թափուր տեղեր բուհերում ԳԱԿ-ն այսօր կազմակերպում է բացօթյա համերգ Երկարատև հիվանդությունից հետո մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը Ավետիք Իսահակյանի բոլոր պատմվածքները զետեղվել են մեկ գրքում Սոհրաբ Սեփեհրի․ Ո՛չ դու կմնաս․․․ Նելլի Սահակյան․ Մամոնտի անձավ Ռուսաստանաբնակ հայերից կազմված «Սիոնի» երգի և պարի համույթի ելույթները պատմական հայրենիքում Ամառային մտորումներ «Կայարանի» կառամատույցում Մարդն ապրում է այնքան, որքան` իր ստեղծագործությունները. հիշատակի համերգ՝ նվիրված Աբգար Մուրադյանի 75-ամյակին Դեմիեն Շազելը նկարահանում է «Բաբելոն» ֆիլմը Էմմա Սթոունի մասնակցությամբ Բոհեմական, գողտրիկ, հյուրընկալ «Արվեստանոցը»
website by Sargssyan