Գերմանական Lichtfirm ընկերության վավերագրական «Ռուս հրաշամանուկը» ֆիլմի հերոսը մեր հայրենակիցն է

Գերմանական Lichtfirm ընկերության վավերագրական «Ռուս հրաշամանուկը» ֆիլմի հերոսը մեր հայրենակիցն է

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, Aravot.am: Մեր հայրենակից, ծնունդով Մոսկվայից, դաշնակահար, կոմպոզիտոր, 30-ամյա Նիկիտա Մնդոյանցը հյուրախաղով առաջին անգամ է այցելել Երեւան: «Առավոտի» հետ զրույցում երաժիշտն ասաց, որ հրավերը ստացել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (տնօրեն՝ Ռուզաննա Սիրունյան, գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թուփչյան) կողմից:

Դաշնակահարի առաջին բեմելը մենահամերգի ձեւաչափով կայացել է 9 տարեկանում, Հելսինկիի Սիբելիուսի անվան ակադեմիայում: Գերմանական ճանաչված Lichtfirm ընկերությունն էլ վավերագրական ֆիլմ է նկարել «Ռուս հրաշամանուկը» խորագրով: Իսկ Vista Vera ձայնագրման ստուդիան թողարկել է իննամյա երաժշտի CD-ն:

Ավելի ուշ տարբեր նվագախմբերի, անվանի դիրիժորների ու երաժիշտների հետ համագործակցած արվեստագետը ծնվել է ճանաչված երաժիշտներ՝ դաշնակահարներ տեր եւ տիկին Ալեքսանդր, Լյուդմիլա Մնդոյանցների ընտանիքում: Երաժիշտը տեղեկացրեց, որ հայրը Երեւանում սովորել է Չայկովսկու անվամ երաժշտական մասնագիտական դպրոցում, ապա ուսումը շարունակել Մոսկվայի կենտրոնական երաժշտական դպրոցում, իսկ հետո կոնսերվատորիայում: «Հայրս իրեն նվիրել է մանկավարժական գործունեությանը թե՛ դպրոցում, թե՛ կոնսերվատորիայում: Ես պրոֆեսոր հորս հերթական սաներից եմ (ժպտում է): Կոնսերվատորիայում ուսանել եմ նաեւ պրոֆեսորներ Կոլոսի եւ Պետրովի, իսկ կոմպոզիցիա՝ Չուդովանի ու Չայկովսկու դասարաններում»:

Ի դեպ, վերջերս Երեւանում անցկացված Առնո Բաբաջանյանի անվան մրցույթում փայլեց պրոֆեսոր Ալեքսանդր Մնդոյանցի սանը՝ Իրեն Պելիկյանը: Պրոֆեսորը Երեւանում անցկացրել է 1-2 վարպետության դաս նոր անունների հետ:

Կանխելով մեր հարցերն ու հետաքրքրությունները, Նիկիտա Մնդոյանցը հավաստիացնում է, որ վաղուց ցանկություն ուներ հանդես գալ Հայաստանում, հայ ունկնդրի առջեւ, սակայն ինչ-ինչ պատճառներով այն չէր կայանում: Ռուսաստանում եւ արտասահմանում շատ է շփվում հայ տաղանդավոր երաժիշտների հետ: «Օրինակ, կամերային երաժշտության երեկոներին ելույթ եմ ունեցել նաեւ հայ երաժիշտների հետ, այդ թվում՝ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի: Այս ոլորտում հիանալի են հիշողություններս՝ կապված Ցեմլինսկու, Շիմանովսկու, Բրենտանոյի եւ, իհարկե, Ռուբեն Ահարոնյանի ղեկավարությամբ Բորոդինի անվան լարային քառյակների հետ: Էդուարդ Թոփչյանին ու նրա ղեկավարած բարձրակարգ նվագախմբին հեռակա եմ ծանոթ: Անհամբերությամբ եմ սպասում հուլիսի 5-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք համերգին: Գոնե մեկ անգամ Երեւանում հանդես եկած արտասահմանցի երաժիշտները հայ հանդիսատեսին դասում են աշխարհի խստապահանջների շարքին…»,- հայտնեց մեր զրուցակիցը: Անդրադարձ եղավ նրա կոմպոզիտորական արվեստին: «Ավելի շատ հանդես եմ գալիս իբրեւ կատարող երաժիշտ, քան կոմպոզիտոր: Ստեղծագործություններիս կատարմամբ հանդես են եկել Մոսկվայի ֆիլհարմոնիկ ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը, «Օրփեոս» ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, հայտնի երաժիշտներ Ռուդինը, Վինիցկին, Բորիսոգլեբսկին, Գրինգոլցը եւ այլ հայտնի մենակատարներ ու կոլեկտիվներ: Երկերս հրատարակել են ռուսաստանյան «Կոմպոզիտոր», «Յուրգենսոն» եւ այլ հրատարակչություններ»,- հայտնեց դաշնակահարը:

Խոստացավ հաջորդ այցին ներկայացնել նաեւ սեփական ստեղծագործություններից:

Հավելենք, որ Նիկիտա Մնդոյանցը սպասված հյուր է Եվրոպայի, Ասիայի, ԱՄՆ-ի հեղինակավոր համերգասրահներում: 2012-ից յուրաքանչյուր տարի որպես դաշնակահար եւ կոմպոզիտոր հրավիրվում է Ֆրանսիայի Վիսամբուրգի, Լեհաստանում՝ Շոպենի անվան եւ այլ միջազգային փառատոների: Որպես մենակատար հանդես է եկել տարբեր նվագախմբերի հետ ու այնպիսի դիրիժորների ղեկավարությամբ, ինչպիսիք են Իգնատ Սոլժենիցինը, Մուրադ Աննամամեդովը, Էրի Կլասը, Վլադիմիր Զիվան, Շարլ Դյութուան եւ այլք: Ու այս ամենը զուգահեռելով Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում դասախոսական գործունեության հետ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում