«Ոսկե ծիրանը»-ը կմեկնարկի Չուն-հո Պոնի «Մակաբույծը» ֆիլմով

«Ոսկե ծիրանը»-ը կմեկնարկի Չուն-հո Պոնի «Մակաբույծը» ֆիլմով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Կաննի միջազգային կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի այս տարվա դափնեկիր Չուն-հո Պոնի «Մակաբույծը» (Հարավային Կորեա) ֆիլմով կտրվի Երևանի 16-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկը: Այս մասին փառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին նշել է «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը:

«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ կինոփառատոնի մեկնարկին հուլիսի 7-ին Շառլ Ազնավուրի հրապարակում կկայանա հոբելյանական պատվո աստղերի տեղադրում Բագրատ Հովհաննիսյանի 90, Արման Մանարյանի 90 և Գենադի Մելքոնյանի 75-ամյա հոբելյանների առիթով:

Դրան Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կհաջորդի կարմիր գորգի և բացման արարողությունը: «Այս տարի փառատոնի շրջանակում երեք վայրերում՝ Ազնավուրի հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Ազատության հրապարակում գործելու են ինֆո կետեր, որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ փառատոնի ծրագրերին, ինչպես նաև ձեռք բերել փառատոնային աքսեսուարներ»,- նշել է Հասմիկ Հովհաննիսյանը:

«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի մամուլի ծառայության ղեկավար Ռոզա Գրիգորյանն էլ տեղեկացրել է, որ փառատոնային ամբողջ տեղեկատվությունը հասանելի է լինելու www.gaiff.am կայքի և նորաստեղծ GAIFF հավելվածի միջոցով, որը հասանելի է Android և IOS համակարգով աշխատող հեռախոսների համար:

Այս տարի «Ոսկե ծիրան»-ն ինքնատիպ համագործակցություն է ձեռնարկել Idram Payment System-ի հետ: Idram Payment System-ի մարքեթինգի տնօրեն Էդգար Դավթյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ փառատոնի ֆիլմերի տոմսերի համար վճարում կատարելով Idram-ի միջոցով կարելի է կուտակել 50% քեշբեք։ Այսինքն՝ տոմսի համար վճարված գումարի ճիշտ կեսը կվերադարձվի տոմս գնողին, և նա կարող է դիտել մյուս ֆիլմերը՝ օգտագործելով իր խնայողությունները։

Փառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 7-14-ը: Իրադարձությունն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Կինոփառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպես նաև ընտրվել են մի շարք կինոնկարներ աշխարհի հեղինակավոր կինոփառատոններից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից: Փառատոնն ունենալու է միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթներ, իսկ արտամրցութային ծրագիրը ներառելու է «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցույթը: Մնացած ծրագրերը ոչ մրցութային են. դրանք են՝ «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք»:

«Ոսկե ծիրանն» այս տարի ունի նաև նոր տարբերանշան, որն արտահայտում է փառատոնի նոր կազմի ինքնատիպ մոտեցումը 16-րդ տարին անցկացվող իրադարձությանը: Այն մինիմալիստական է, ներկայացնում է հայերեն «Ծ» տառը: Այդ տառի միջոցով լոգոյի հեղինակը փորձել է ստանալ փառատոնի խորհրդանիշ համարվող ծիրանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում