Արագ զարգացող հիվանդություն էր, մեկ ամսում նրան տարավ. մահացել է ՀՀ Վաստակավոր արտիստ Սերգեյ Մաղալյանը

Արագ զարգացող հիվանդություն էր, մեկ ամսում նրան տարավ. մահացել է ՀՀ Վաստակավոր արտիստ Սերգեյ Մաղալյանը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: «Ամեն ինչ սկսվել է արյան վարակից, այնուհետև վերածվել է փտախտի: Բժիշկները փորձեցին հնարավոր ամեն ինչ անել, բայց արագ զարգացող հիվանդություն էր, մեկ ամսում նրան տարավ», – մեզ հետ զրույցում նշեց տնօրենը:

Յուրի Իգիթխանյանն ընդգծեց՝ դերասանի հուղարկավորությունը կազմակերպելու համար պետական հանձնախումբ դեռևս չի ձևավորվել, բայց իրենք ամեն ինչ անելու են, որ Սերգեյ Մաղալյանին ռուսական թատրոնից ճանապարհեն:

«Իր ընտանիքի, որդիների հետ կհամաձայնեցնենք, կհասկանանք՝ ե՞րբ է լինելու հրաժեշտի արարողությունը: Ամեն ինչ անելու ենք, որ մեր թատրոնից հրաժեշտ տանք նրան: Սա մեր թատրոնի համար շատ տխուր ու ցավալի կորուստ է: Դեռ լիովին չենք գիտակցում այն, ինչ կատարվել է, բոլորս շոկի մեջ ենք: Թատրոնում իր մեծ, ուրույն տեղը դատարկ է մնում», – ափսոսանքով նկատեց մեր զրուցակիցը:

Առաջիկա օրերին ռուսական թատրոնը ներկայացումներ չունի, բայց եթե հրաժեշտի արարողությունները համընկնեն ներկայացման օրերի հետ՝ դրանք անպայման խաղացանկից կհանվեն:

«Նա մեր այն արտիստն է, որ անհրաժեշտության դեպքում, բնականաբար, կհետաձգենք ներկայացումները: Կձեռնարկվի ամեն ինչ, որ պատվով ճանապարհենք մեր թատրոնի լեգենդին», – շեշտեց թատրոնի տնօրենը:

Նշենք, որ ՀՀ Վաստակավոր արտիստը իր 71-րդ տարեդարձը նշելու էր օգոստոսի 6-ին:

Սերգեյ Մաղալյանը ծնվել է Թբիլիսիում, ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1984 թվականից մինչ օրս աշխատում էր Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրնում` որպես դերասան:

Խաղացել է շուրջ 100 դեր մի շարք ներկայացումներում, որոնցից են Գ.Գորինի «Հիշատակի աղոթք» (Տևիե), Ա.Գրիբոեդովի «Խելքից պատուհաս» (Ֆամուսով), Ա.Օստրովսկու «На всякого мудреца довольно простоты» (Կրուտիցկի), Ա.Ցագարելիի «Խանումա» (Միկիչ Կոտրյանց), Ռ.Կալինոսկու «Անձնական հրեշ» (Պարոն), Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ» (Օսեփ), Ա.Չեխովի «Երեք քույր» (Չեբուտիկին), Բրիկերի, Լասեգի «Ախ, այդ ֆրանսիական հնարքները» (Լամար), Յ.Պոլյակովի «Համադասարանցիներ» (Հայր Միխայիլ), «Աֆրոդիտեի ձախ կուրծքը» (Պարկինսոն), Լ. Շանթի «Կայսր» (Վասիլ) և այլն:

Նկարահանվել է նաև հեռուստասերիալներում:

Դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

2007 թվականին Ա.Չեխովի «Երեք քույր» պիեսում կերտած դերով արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի`«Տղամարդու լավագույն դերակատարման համար»:

2003 թվականին արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2005 թվականից Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ է:

Aysor.am-ը ևս ցավակցում է Սերգեյ Մաղալյանի ընտանիքի անդամներին, նրա գործընկերներին ու հանդիսատեսին:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում