Երանի՜ ողորմածներին

Երանի՜ ողորմածներին

Մատթեոս 5:7

Ողորմածությունը քրիստոնյաների հոգևոր կատարելագործման ճանապարհն է: Հիսուս Քրիստոս երանի է տալիս ողորմածներին, ովքեր «ես»-ից ազատագրված` իրենց կյանքի մեջ կրում են ուրիշ «ես»-եր, ինչն էլ երաշխիքն է առ Աստված ունեցած սիրո:

Ողորմածությունը մարդ արարածին հնարավորություն է տալիս իրեն նույնացած զգալ դիմացինի հետ, իր մեջ ապրեցնում է իր նմանին, այն սիրո իրական դրսևորում է: Ողորմածները ողորմություն պիտի գտնեն և արժանանան Աստծո սիրուն և շնորհին, ինչն էլ ամենացանկալին է յուրաքանչյուր քրիստոնյայի համար:

Մարդն իր էությամբ պիտի ապրի ողորմած լինելու զգացողությունը, որպեսզի կարողանա ողորմած և գթած լինել: Համբերությունը, արդարությունը, փառքն ու կյանքը ողորմածության պտուղներն են, զարդերը, որոնցով քրիստոնյան այլակերպվում և պայծառակերպվում է: Ողորմածությամբ մարդն արժանանում է Աստծո շնորհին, սրբվում է մեղքերի բազմությունից և փրկվում է: Ողորմությունը պայմանավորված չէ նյութական հարստությամբ, այլապես պիտի սահմանափակված լիներ մեկ դասակարգի մեջ: «Մարդու ողորմածութիւնը նրա հոգու պտուղն է, և արդար աղքատը լավ է, քան ստախօս հարուստը» (Առակաց ԺԹ 22): Բազում են ողորմության շուրջ աստվածաշնչյան պատգամները և հորդորները: «Նա, ով հետեւում է արդարութեան և ողորմածութեան ճանապարհին, կեանք, արդարութիւն եւ փառք պիտի գտնի» (Առակաց ԻԱ 21):

Այս ամենից բացի` այն միակ առաքինությունն, որ հնարավորություն է ընձեռում նմանվել Արարչին. «Առաքինությունների մեջ չկա մի բան, որն այնքան նմանեցնի մեզ Աստծուն, որքան ողորմածությունը» (ս. Ներսես Շնորհալի): Հիսուս Իր յուրաքանչյուր քայլով սովորեցնում է սիրո և ողորմածության արվեստը: Նա Իր էությամբ անսահման գթած և ողորմած է: «Ահավասիկ գնա՛ և այս պատգամները հռչակի՛ր հիւսիսի կողմերում` ասելով. «Ինձ մօտ դարձիր, ո՛վ դու Իսրայէլի բնակիչ,- ասում է Տէրը:- Ես ձեզ վրայ չեմ բարկանայ, քանզի ես ողորմած եմ,- ասում է Տէրը,- ձեր դէմ յավիտեան ոխ չեմ պահի» (Երեմիա Գ 12):

Հայոց լեզվում «ողորմած» բառը «ողորմ» արմատից է, որ նշանակում է ողորմող, գթացող, կարեկցող: Ողորմածության խորքն են կազմում բարությունը, կարեկցությունը, քաղցրությունը և հավատարմությունը: Հիսուս Իր հետևորդներին թելադրում էր, որ նրանք լինեն ողորմած և գթած ոչ թե ի ցույց մարդկանց, այլ հոգու և սրտի: Նա զգուշացնում էր ողորմության շուրջ. «Զգո՛յշ եղէք, որ ձեր ողորմութիւնը մարդկանց առջեւ չանէք, որպէս թէ այն լինէր ի ցոյց նրանց. այլապէս վարձ չէք ընդունի ձեր Հօրից, որ երկնքում է… Այլ երբ դու ողորմութիւն անես, թող քո ձախ ձեռքը չիմանայ, թէ ինչ է անում քո աջը, որպեսզի քո ողորմութիւնը ծածուկ լինի, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի յայտնապէս» (Մատթ. Զ 1, 3-4):

Դարեր շարունակ մարդկությունը տառապում է անհավասարությունից: Դասակարգային խտրականությունը վրդովվում է կյանքը: Սիրո, ողորմության, արդարության պակասն ընտանեկան կյանքը դժոխքի է վերածում: Ի ուրախություն` Հիսուս թափանցեց մարդկության կյանքից ներս` հնարավորություն տալով լավ ճանաչելու այն:

«Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն». այս երանին ուղղված է բոլոր դարերի քրիստոնյաներին, որը տանում է ինքնաքննման և ինքնաճանաչման: Քրիստոսի աշակերտները, մեր եկեղեցու սուրբ հայրերը, ազատագրված իրենց «ես»-ից և լիցքավորված մեծագույն Ողորմածով` Հիսուսով, իրենց կյանքը նվիրեցին ի խնդիր երկրի վրա Աստծո թագավորության հաստատման:

Այս պատգամ- երանին մեզ մղում է լուրջ մտածել մեր կոչման և առաքելության մասին, որպեսզի մենք էլ սրբվելով մեր մեղքերից` ողորմության և գութի արժանանալու երջանկությունն ունենանք: Ամեն:

Պատրաստեց` Մարիամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում