Աղոթք ընդդեմ դեւերի

Աղոթք ընդդեմ դեւերի

Աստվա՛ծ, Աստվա՛ծ իմ, որ քննում ես սրտերն ու երիկամները, երկնքի քո սրբությունից նայիր եւ տես եղկելիիս տարակուսած հոգին: Հանցանքներից ազատիր պարտականիս եւ մեղքերից մաքրիր բազմամեղիս: Քո աչքից մի՛ գցիր ինձ, Տե՛ր, եւ իզուր մի՛ խփիր ինձ հանցանքներիս համար: Արդ, աղաչում եմ քեզ, Տե՛ր, իմ վախճանի օրը ըստ արժանվույն արա, եւ խաղաղության հրեշտակ առաքիր ինձ` ծառայիդ, իմ հոգեվարքը թեթեւ արա եւ իմ հոգին խաղաղությամբ անցկացրու չարությունից դեւերի, որ կան երկնի ներքո: Թող խավարեն նրանց աչքերը, որ չտեսնեն, եւ կործանի՛ր նրանց չարությունը, Տե՛ր: Քո սրտի սաստիկ վրդովմունքով, Տե՛ր, թող սպառվեն նրանց սպառնալիքները, բռնվի նրանց զարհուրանքը, գանահարվի նրանց ընթացքը, բռնվի նրանց բռնությունը, խափանվեն նրանց չար խորհուրդները, տոչորվեն նրանց տարափները, ջարդվեն նրանց խմբերը, կռփահարվեն նրանց գանգերը, ջնջվեն նրանց ջանքերը, եւ ջարդվեն բանակները, զարհուրեն զորքերը, մարեն շշունջները, պարտվեն պատերազմները, հարձակումները քարանան, անարգվեն զենքերը, աղարտվեն աղաղակները, մանրանան գործիքները, սպառվի սպառազինությունը, ցասումն իջնի, մեկնազենները մորմոքեն, ամբարտավանությունը ամաչի, քաջերն արհամարհվեն, լրբությունները լլկվեն, եւ նրանց ամբողջ միաբանությունը մարդասպանի հետ միանգամից ցրվի: Ա՛ռ քո զենքն ու ասպարը եւ հասիր օգնելու վտանգվածիս, հանիր քո սուրը եւ նրանց հեռացրու ինձնից, Տե՛ր իմ եւ Աստված իմ, զորությո՛ւն տուր քո ծառային, որ թշնամին չասի` հաղթեցի նրան: Ինձ բարության նշան արա քո խաչի նշանով, Տե՛ր, խոցոտիր նրանց սուր մեխերով, կոտրի՛ր նրանց բանակը, կարմիր քղամիդով ըմբերանիր նրանց, ապա եղեգնի հարվածներով գանահարիր նրանց, փշե պսակով նետահարիր նրանց, լեղիով ու քացախով, որ խմեցիր, կսկծեցրու նրանց, սուրբ արյանդ բխումով հերքի՛ր նրանց բազմությունը, քո սոսկալի չարչարանքով չարչարիր նրանց, «Էլի, Էլի» ձայնով հրդեհի՛ր նրանց, տեգով, որով խոցվեցիր, հեռացրու նրանց եւ ուրիշ տնօրինական տանջանքներով կործանի՛ր Բելիարին եւ նրանց ամբողջ չարությունը: Եվ ինձ` քո ծառային, Տե՛ր, անդրդվելի ու անդողալի պահիր նրանց երկյուղից, եւ նրանց բոլոր պատրանքներից ամրացրո՛ւ երեւելիների ու աներեւույթների մեջ, որ քեզնով պահպանված ու պարսպված` փառավորեմ տերությունդ հավիտյանս հավիտենից. ամեն:

Յովհաննես Գառնեցի

Հետևեք մեզ նաև Telegram-ում