USD
EUR
RUB

Պարույր Սևակ․ Հավատարմությունը Սրտի արատ չէ

 

1
Դարե՛ր շարունակ,
Դարե՜ր շարունակ
Բոլոր գույներից կապույտն առավել
Հուզել է մարդուն,
Միտքը խռովել:

Օվկիանին տիրած,
Իշխելով ծովին՝
Նա աչքը տընկեց
Երկընքին ծավի:

Իզուր կարծելով,
Որ այլ ճար չունի
Վերին ծովերում լողալու համար՝
Մարդը միտք արեց կապկել թռչունին:

Սակայն...
Կապկելուց այդ ե՞րբ է ախար մեծ բան դուրս եկել,
Որ դուրս գար հիմա:

Չէ՞ որ ծովերում լողալու համար
Ճայ լինելն անգամ կատակ է հիմար -
Պետք է ձո՛ւկ լինել:

Եվ Մարդը հիշեց,
Որ ինքն առաջին իր նավակները
Իրոք որ ձկան տեսքով էր շինել:

Եվ հենց ա՛յն պահին,
Երբ թռչուններին կապկելուց պրծավ,
Այդ պահին էր հենց,
Որ երկրո՛րդ անգամ
Մարդը աշխարհում կապկից մարդ դարձավ:

2
Ստեղծվեց ահա, վերջիվերջո, նա՝
Այն երկնաձուկը,
Որով պիտի որ շուտով վերջանա
Մարդու անձուկը:

Երկնային ծովի նավա՜կն առաջին...

Նավա՛կ,
Որ արդեն կարող է լողալ
Առանց հովերի.

Նավա՛կ,
Որ արդեն կարող է տիրել
Վերին ծովերին.

Նավա՛կ,
Որով Մարդն ուր որ է ահա
Պիտի կատարի
Տիեզերական տեղափոխություն.

Տեղափոխությո՛ւն,
Որ համեստություն անելուց եթե մի պահ դադարի՝
Կարող է իսկույն ինքն իրեն կոչել... հեղափոխությո՜ւն:

3
Հեղափոխության շունչն է զգացվում և Տիեզերքում,
Ու շուռ է եկել ամեն ինչ հիմա:
Իսկապե՛ս.
Չէ՞ որ դարե՜ր շարունակ
Մեր Հողագնդի կտուրից վերև
Չի անցել ոչի՜նչ -
Ո՛չ քամուց քըշված աշնան մի տերև,
Ո՛չ գընդակ,
Ո՛չ ճիչ:

Եվ մինչև անգամ ամեն մի թըռչուն,
Որ վերևում է շընչում
Ու շըրջում,
Թըռչունն ինչ է որ -
Փա՜ռք ստեղծողին -
Թռչունն էլ վերջում
Հանգըստանում է կամ... սատկում հողին:

Վայր ընկնող աստղեր՝
Երկնային ծովից մի պահ դուրս թռած
Օձաձկան պես -
Նո՛ւյնպես վերևից:

Գիսավոր աստղեր՝
Ղումաշից կարած
Զանգաձև շորի փեշերը փռած
Բոց աղջըկա պես -
Նո՛ւյնպես վերևից:

Հրեշտակները՝
Դարձյա՛լ վերևից:
Նաև՝
դևե՛րը:
Եվ ինքը՝
աստվա՜ծ...

4
Բայց... շուռ է եկել ամեն ինչ հիմա.
Վերևից սուրող աստղերի տեղակ
Այժըմ ներքևից
Եռաստիճանի աստղեր գիսավոր
Վերև են սուրում
Եվ հանդիսավոր
Կոչում են իրենց
Ո՛չ վար ընկնող աստղ,
Ո՛չ էլ գիսավոր -
Կոչվում են հըրթի՜ռ:

Լսո՞ւմ ես,
Ո՛վ Մարդ՝
Սևանից - Բայկալ,
Ջունգլիից - տայգա:

Լսո՞ւմ ես,
Ով Մարդ.

Շունը՝
Մի Լայկա՛,
Որ իբրև մակդիր
Դարեր շարունակ միշտ քարշ է տվել
Մի բառ՝
«կապովի»,
Երեկ չէ՞ր,
Դարձավ... տիեզերական խիզախ կապավոր:

Շունը՝
Մի Լայկա՛,
Որ ամբողջ կյանքում
Հանգով - չափավոր
Հաչել է միայն Լուսնյակի՛ վրա,
Երեկ չէ՞ր արդյոք,
Որ իր վերևից
Կաղկանձեց նաև Արևի՜ վրա,
Հողմաղացային անիվի չափ մեծ
Մի խո՛րթ Արևի...
Նա չէ՞ր, որ երեկ
Հենց այն էր անում,
Ինչ և ոչ մեկիս
Բախտ չէր վիճակվել գոնե մե՛կ անգամ.
Գոռոզ երկընքին տնազ էր անում-
Լեզու էր հանում...

5
Հեղափոխության մրրիկն է ճայթել
Նաև վերևում:

Եվ միանգամից - չուզելով - հանկարծ
Հեղափոխվում է հայա՜ցքդ անգամ.

Քիչ առաջ հանգիստ,
Իսկ հիմա գժված
քամուց
Պոչնիվար տանիքից քշված
Գյուղական ծաղկուն ավելը ծանոթ
Ինձ ցերեկային գիսաստղ է թվում...

Նույնիսկ հավերն են հիմա ինձ թովում -
Անվարժ-անճոռնի քայլող հավերը
Կարծես թե այսօր
(Առաջի՜ն անգամ)
Իրենց տոտերով դաջում են... աստղեր՝
Հողի երեսին երկի՜նք նկարում...

Ծիրանի ծառից խեժն է վար ծորում -
Ասես վայր ընկնող մի աստղ է ծյուրում...
Ճերմակ մալաչա տանձերն են կաթում -
Կարծես թե օդում
Գլխիվայր շրջված պարաշյուտներ են լիլիպուտային...

Մի ողջ Ծիրկաթին ողկույզ-ճութային,
Եվ մի աննշան, մի խելառ ճպուռ
Խարջու գնդաձև շրջանն է ահա
Լարված բզզոցով անվերջ չափչփում,
Պտույտներ տալիս նույն ուղեծիրով
Ու հետո՝
Թափով ընկնելով ճութին,
Զոհվում է նրա ձյութի պես կպչուն
Ու ճահճի նման ներս քաշող հյութին,
Զոհվում է -
Ինչպես մթնոլորտային խիտ շերտերի մեջ
Արբանյակներն են խրվելով կորչում...

Հեղափոխվել է հայա՜ցքըդ անգամ:

6
Հեղափոխության մաքրող ալիքից
Եվ Տիեզերքն է մտովին բերկրում:

Բայց դա սկըսվեց նախ այստեղ՝
Երկրո՛ւմ:

Թեպետ և վաղուց -
Թղթով ու գրով -
Ճորտատիրական իրավունք չկար,
Բայց Մարդը ճորտ էր -
Եղել էր ու կար:
Ճորտ էր ու գերի
Իր ամեն տեսակ՝
Ամեն օր
Մի նոր
Անուն ստացող
Բոլոր տերերին.
Դրախտ խոստացող,
Բայց դժոխք բացող
Ծըրագրերին.
Սուտ-սուտ խոսքերով
Խաբող ու գերող
Լըրագրերին.
Եվ ա՛յն հրերին,
Որ մուր են տալիս ավելի,
Քան հուր.
Եվ ա՛յն ջրերին,
Որ պապակի տեղ
Մարում են փափագ.
Եվ ա՛յն սերերին...
սրերի՜ն...

Կարծես
Դեռ այս ամենը քիչ էր ու թերի -
Եվ Մարդը նաև... հողին էր գերի.
Այնպես էր գամված միևնույն վայրին,
Ինչպես Պրոմեթևսն՝ իր քարաժայռին:

Եվ փրկությունը վերևից չեկավ՝
Ո՛չ չար աստըծուց,
Ո՛չ բարի դևից:

Մա՜րդ,
Փրկությունը վերևի՜ց չեկավ -

Ափի՛դ մեջ ծնվեց,
Պոկվեց քո թևի՜ց...

7
Նորի՛ց մարդացած,
Կրկի՛ն գիտակից՝
Մարդը ելնում է այն խուփի տակից,
Որ կոչել է նա երկնային կամար:
Էլ բավակա՜ն է
Որքան պտըտվեց,
Ինչպես բանտվածը՝ իր բանտախցում,
Ինչպես խխունջը՝
Ծածկի տակ խեցու:

Էլ բավակա՜ն է:

Կեցցե՜ երազի ձևավորումը,
Կեցցե՜ սողունի թևավորումը:
Վե՛րջ ճորտությանը,
Մի մորից ծնված բյուր զավակների
Զուր խորթությանը -
Կորչի՜ երկնային բյուր երկըրների
Հին զատությունը:
Կեցցե՜ ու կեցցե՜ ազատությունը:
Կեցցե՜...

8
Բայց կացեք,
Սպասե՛ք մի պահ,
Թող դադար առնի
Այս հասկանալի գոռում-գոչումը:

Որտեղի՞ց հապա,
Ինչի՞ց է գալիս
Անհասկանալի
այս զգացումը,
Այս զգացումը... խըղճահարության:

Ե՛ս,
Որ շատ հաճախ
Ուզել եմ նույնիսկ
Մեր Հողագունդը լինի իսկապես
Փոքրիկ գըլոբուս աշակերտական,
Ու... կոթից բռնած՝
Չոր գետնին խփես,-
Ես
Հիմա,
Հանկարծ,
Հանդեպ աշխարհի
Դառնում եմ ինչ-որ չափից դուրս բարի,
Մոռացած նոպան արդար չարության՝
Լցվում եմ ինչ-որ անհասկանալի խղճահարությամբ:

Էլ ուրիշ ինչպե՞ս:

Չէ՞ որ այս Երկրում
Եվ այս Երկրի հետ
Ես արդեն քանի՜ ու քանի՜ տարի
Ապրել եմ մեկտեղ,
Մեկտեղ մահացել -
Փոխել միասին
Քանի՜ կերպ ու ձև:

Ինչպե՞ս չլինեմ քնքուշ ու բարի,
Թե արդեն քանի՜ ու քանի՜ տարի
Ինչ ունեցել է՝
Նա ինձ է տվել
Եվ տվել այնքան,
Որ հեշտ չէ թվել:

Տվել է անտառ
Ու որս է տվել.
Տվել գետ դանդաղ
Ու կոճըղ-նավակ.
Բքի դեմ՝ մորթի,
Շոգի դեմ՝ շվաք,
Եվ մահ է տվել,
Բայց նաև՝ զավակ...
Ինչ ունե՜ր-չունե՜ր՝
Իմ դեմ շաղ տվեց,
Չտես-վայրենուս
Անգամ... ա՜ղ տվեց:

Ինչ ունե՜ր-չունե՜ր՝
Ամե՛ն ինչ ուներ,
Ամե՜ն ինչ, բացի
Կրակ ու բոցից:
Բայց երբ կրակը՝
Շանթի տեսք առած,
Երկընքից թռած
Ու երկրին թառած,
Մեկ՝ ցըցվեց պոչին,
Մեկ սողաց-սահեց,-
Անզեն Երկիրը,
Դարձյա՛լ ինձ համար,
Իրեն վառելով
Ու սպառելով՝
Կրակը պահեց:

Կրակը պահե՜ց -
Եվ ձեռ ու ոտին ահեղ կրակի
Ես անմիջապես դրեցի շղթա,
Որ ինձ չթողնի ու Երկինք չերթա:

Եվ լի օր չէր դա,
Այլ վառ Կիրակի՜ -
Դեռևըս չեղած,
միա՛կ,
առաջի՛ն՝
Նախապատկերը Տեառընդառաջի...

Հետո,
Շա՜տ հետո,
Դար-դանդաղ հերթով,
Եկավ շո՛ւն, կատո՛ւ,
Ձի եկավ ու ե՛զ...
Սակայն առաջին վայրի կենդանին,
Որ բռնել եմ ես,
Դարձըրել եմ հեզ
Եվ անվանել եմ նրան «ընտանի»,
Հենց կրակն ի՜նքն էր,
Որ ինձ չի բաշխել ժլատ Երկինքը,
Այլ նույն Երկիրն է պարգևել:

9
Ու ես
Լքո՞ւմ եմ նրան -
Իմ օրորո՛ցը,
Եվ իմ մահի՛ճը,
Եվ իմ շիրի՛մը...

Ու թվում է, թե իմ մտերիմը,
Իմ քանի՜ տարվա հավատարիմը
Իր բևեռների ձնհալով
Ահա՛
Լուռ լաց է լինում
Եվ ասում կամաց.
-...Լքո՞ւմ ես հիմա:


Ու ես,
Որ հաճախ նրա նկատմամբ
Լցված եմ եղել արդար չարությամբ,
Հիմա - ո՜վ զարմանք - նրան եմ նայում
Անհասկանալի խղճահարությամբ:

Ծով գորովանքի
Ու սիրո խոսքեր շըրթներիս վրա՝
Շոյել եմ ուզում
Սանըր չտեսած գլուխը նրա,
Շոյել ու ասել.
-Մի՛ լար,
Իմ անգի՜ն,
Լսո՞ւմ ես,
Իմ սե՛ր.
Ո՛վ էլ քեզ լքի՝
Ես չե՜մ լքելու,
Ո՛վ էլ ինձ ձգի՝
Զո՜ւր է ձգելու -
Թո՛ղ որ մեծ լինի հմայքն օտարի,
Օտարի կամքը ես չե՜մ կատարի -
Դարձյա՛լ կմընամ քեզ հավատարիմ...

10
Բայց բևեռների վարար ձնհալով
Համրաձայն լալով՝
Կարծես ակամա
Ասում է կամաց.
-...Լքո՞ւմ ես հիմա:

Չե՛մ լքի ես քեզ,
Չեմ լքի ցմա՛հ:

Ե՛վ իմ կինն ես դու՝
Տանտիրուհին ես,
Ե՛վ հավատարիմ իմ սիրուհին ես:

Ճիշտ է,
Որ քեզ հետ ես չամուսնացա -
Ամուսնացըրի՜ն,
Եվ ա՛յն ժամանակ,
Երբ ես տակավին չէի հասկացել,
Թե ինչ է կյանքը,
Թե որն է սերըս -
Ձևի համար էլ ոչ ոք չըդիմեց
Ու չըհարցըրեց անգամ իմ կամքը.
- «Որդյակ իմ, տե՞ր ես»:

Չըհարցըրեցի՛ն:
Բայց ես հասկացա,
Որ եթե հետո խուլ լինես ու կույր,
Դառնաս կոնդ ու թույլ՝
Քեզ,
Ինչպես որ կաս,
Պիտի ընդունեմ -
Է՛լ քեզ լքելու իրավունք չունեմ,
Պիտի ծերանանք մեկտեղ՝
Մի բարձի:
Եվ իրո՛ք.
Քանի՜ սավան փոխեցինք -
Երկրաբանական դարաշրջաննե՜ր...

Սավա՛ն փոխեցինք,
Բայց աստված չաներ,
Որ փոխվեր բա՜րձը:

Բարձը չփոխվե՛ց:

11
Եվ ահա կախվեց
Քո ծանըր հարցը.
- ...Լքո՞ւմ ես հիմա:

Ո՞նց լքեմ,
Հիմա՛ր:

Ոնց լքեմ,
Թե մենք
Հնդկաստաններում մեկտեղ ենք սովել,
Եվ քըթներիս տակ - կողքներիս ծովեր՝
Անջուր պապակվել,
Տապից տապակվել
Սահարաներում,
Արևին մոտիկ՝
Բքից տապակվել
Բևեռի սառցե սահարաներում...

Քեզ ինչպե՞ս հիմա
Ես լքեմ, հիմա՛ր,
Եթե միասին
Մեկտեղ ենք արել ապուշություններ՝
Բըռնակալներին ջերմություն տվել,
Սողուն ծընվածին՝
Ոտքեր ու թևեր...

Մեկտեղ ենք արել և գժություննե՜ր.
Գահեր ենք շրջել,
Արյունով թրջել
Գոռ հաղթանա՛կը արդար ոխության -
Ապըստամբելով՝
Փըրկվել ենք փորձել
Եվ պարզել դըրոշ հեղափոխության...

Մեկտեղ ենք կրել,
Միասին տարել
Նաև ահավոր խժդժություններ՝
Բարբարոսներից մինչև Աթիլլա,
Հոներից - թուրքեր,
Թուրքերից - ֆաշիզմ.
Վճարել արցունք,
Ո՛չ միայն տուրքեր.
Նաև՝ մեր կաշին,
Ո՛չ միայն քուրքեր.
Կորցըրել հավատ,
Ո՛չ միայն կուռքեր...

12
Քանի՜ որդի ես դու ինձ պարգևել...

Հիշել ո՞ր մեկին,
Ո՞ր մեկին թվել...

Նրանցից մեկը գոչեց. «Էվրիկա»...
Երկրորդն էլ գտավ - ողջ Ամերիկան...

Երրորդն էլ սկսեց Պարթենոն շինել...
Չորրորդը խորհեց. «Լինել-չլինել»...

Մեկն ինձ քանդակեց՝
Մովսեսի դեմքով
Ու մարմնով Դավթի:

Մեկ ուրիշն ահա
Ծընվեց,
որ հետո
Ջրից հուր զավթի
Ու թևեր՝
նավթից:

Մեկը խլացավ,
Չընկըճվեց սակայն
Ու «Հերոսական սիմֆոնիա» գրեց:

Մեկ ուրիշ որդիդ՝
Ծագումով հրեա,
Հրեա Հիսուսի հին միֆը ցրեց
Եվ ինքը դարձավ իրական փրկիչ -
Իր միտքը դրեց
Մի կյանքի հիմքում,
Ուր՝
Ո՛չ տեր-ծառա,
Ո՛չ զրկյալ-զրկիչ...

Քանի՜ զավակ ես դու ինձ պարգևել...

Իսկ քանի՜ զավակ մենք զոհ ենք տվել:

Հիշել ո՞ր մեկին,
Ո՞ր մեկին թվել...

Այսքանից հետո
Լքե՞լ քեզ հիմա:

Ախար հասկացի՛ր.
Որքան ջանում եմ՝
Էլի մտքերըս քո շուրջն են պըտտում...
Պըտտում են համառ,
Ինչպես թիթեռը...
(Չէ՜ մի, ի՛նչ թիթեռ)
...Ինչպես որ հիմա
Օդազուրկ օդում
Արբանյակներն են քո շուրջը պըտտում...

Մինչդեռ դու, նորի՜ց,
Քո բևեռների վարար ձընհալով
Համրաձայն լալով՝
Ասում ես կամաց.
-...Լքո՞ւմ ես հիմա:

Իզուր ես լալիս,
Զուր ես հոգ անում:

...Քո վախը սակայն լավ եմ հասկանում:

Իրարից հեռու,
Բայց դեմ-հանդիման՝
Մոլորակներով լի է երկինքը,
Եվ ամեն մեկը... կին է քեզ նման:
Իսկ դո՜ւ...
Չէ՞ որ դու քո մրցակցուհուն
Երբեք չես զիջի ո՛չ մի բան,
Ոչի՜նչ -
Ո՛չ չոր մի ցողուն,
Ո՛չ կանաչ մի սինձ,
Եվ ո՛չ էլ անգամ
Սովորական քար,
Որ երբ նետում են,
Չի գնում հեռու -
Իսկույն ձգելով՝
Դու ետ ես բերում...

13
Ահա հենց ինքը Լուսինը լաչառ,
Որ քո դեմ անվերջ դավեր է նյութել,
Քեզ տըրվածներին ձըգտել է դյութել,
Բայց մինչև այսօր չեն օգնել նրա
Ո՛չ մարմինը մերկ,
Ո՛չ դեմքը սիրուն,
Ո՛չ անկեղծ պահեր,
Ո՛չ խաղ ու կեղծիք:
Ու թե ազդել է՝
Լոկ նրանց վրա,
Որ քեզ ամենից տկար են սիրում -
Լոկ ծովի վրա
Ու... բանաստեղծի:

Լուսնա-կնամոլ ու հեշտաբարո
Օվկիանոսներն ու ծովերն իսկապես
Մակընթացության իրենց ալիքով
Ձըգտում են թողնել փակ ափերը քո,
Ձըգվում են դեպի լանջաբաց ու հին
Այդ Լուսին կոչված էժան պըչրուհին,
Ձըգվում են...
Սակայն
Դու ամեն անգամ
Բարկությամբ կնոջ
Ներքուստ ծփում ես
Եվ ստիպում ես,
Որ ետ դառնան գան:

Եվ անուղղելի,
Բայց և ձախողակ
Այդ կնամոլը՝
Նույն ծովն այդ
ահա՝
Զըղջացած արդեն
Եվ ամոթահար,
Աչքերը լեցուն
Ներումնահայցման աղի թացությամբ՝
Նորից,
Շան նման,
Փարում ոտերիդ,
Ափերդ է լիզում -
մակընթացությամբ...

Իսկ պոետնե՜րը...
Եթե ճիշտն ասել՝
Թույլ տղամարդ են,
Քան թե կնասեր...

Եվ դու
Նույնիսկ քո այդ պաղ ու շիջուն,
Այդ թույլ ու տկար սիրեկաններին,
Մինչևիսկ նրա՜նց
Լուսնին չե՛ս զիջում.
Ինչպես մանկանը՝ իր խաղալիքով,
Խաբում ես նրանց ծառ ու ծաղիկով,
Արբեցնում նրանց փառք - ըմպելիքով,
Հմայում նրանց
Մայրամուտներով ու ծեգով ոսկե,-
Եվ նրանք քեզ, կի՛ն,
Ասում են կրկին
Երդումի՛,
Սիրո՛,
Քնքշանքի՜ խոսքեր...

14
Այնպես որ՝ Լուսնից դու մի՛ վախենա:

Եվ ի՞նչ դու չունես,
Որով խաբի նա:

Ինչ-որ «կրկեսնե՞ր»:

Բայց մի՞թե երբեմն
Ինչպես ինձ՝
Եվ քեզ
Կյանքը չի թվում
Կատարյալ կրկես...

Իրոք. ի՞նչ չունես,
Որով խաբի նա:

Իսկ այն,
Ինչ ունես՝
Նա չունի բնա՛վ:

Արևը՜ս վկա.
Այստեղ էլ, ուր կա
Մթնոլորտ
Եվ օդ,
Այստեղ էլ ախար
Այնքա՜ն անհոգի բան է կատարվում՝
Նեղում են այնքա՛ն,
Սեղմում են այնքա՛ն,
Որ հաճախ մարդու շունչ է կտըրվում:
Հերիք չէ՞ այս դեռ:
Իսկ Լուսնի վրա
Բնավ օ՜դ չկա,
Մթնոլո՜րտ չկա...

Եվ այնտեղ չկան
Ամպե՛ր,
Ջո՛ւր,
Քամի՛,
Չկան տեղումնե՛ր.
Որպիսի՜ տաղտուկ -
Ո՛չ հույս փոփոխման,
Ո՛չ էլ շեղումներ...

15
Սակայն երկյուղըդ դեռ անց չի կենում,
Եվ ես քո վախը լավ եմ հասկանում:

Քո դե՜մքը...

Գիտե՛մ,
Նա գրավի՜չ չէ,
Գուցե վանի՜չ է,
Անախորժալի՛ -
Ծաղկատար է նա՝
Ձոր ու խորշերից:

Մինչդեռ Վեներա՜ն...
Նա չժանգոտող ազնիվ արծաթ է
Եվ կամ պարզապես խտացած կաթ է:

Իսկ հապա Մա՜րսը...
Նա վտանգավոր մի նորահարս է,
Դա պարզ է,
Թեպետ սուտլիկն այդ սիրուն
Տղամարդկային անուն է կըրում:

Մինչդեռ մի ոմն լպըստված Սատուրն՝
Գայթակըղելու ախտին անձնատուր
Մի անվանափոխ այլ խանում-խաթուն,
Հերիք չէ ունի ձիգ-ջահել հասակ,
Երկըրպագուներ հազար մի տեսակ,
Հերիք չէ -
Որ դեռ գլխին էլ ունի
Մի մեքսիկական շքեղ սոմբրերո՞,
Թե՞ մի երկնային վառ լուսապըսակ,
Ու ման է գալիս՝
Շուրջը սըփռելով
Դյութանք
Ու վտանգ...

16
Եվ չվախենա՞ս:

Ո՞նց չվախենաս,
Երբ քո մարմինը -
Գուցե ի ծնե -
Պատված է՝
տեղ-տեղ
Դալկությամբ ձնե.
Տեղ-տեղ՝
կապույտով -
Օվկիաններ ու ծով.
Իսկ քո շատ տեղին՝
Մահացու դեղին -
Խոցերի նման թարախակարմիր
Քեզ այլանդակող քանի՜ անապատ,-
Մի տգե՛ղ մարմին՝
Կապտադեղնապատ:

Բայց մի՛ սրտնեղիր:

Վաղը կամ մյուս օր,
Երբ որ իմ հզոր
Ձեռքերի առաջ պիտի տեղի տան
Գաղտնասեր նյութի թաքուն դեղատան
Ամենակարող պահարանները,
Միամի՛տ եղիր,
Որ ես կըբուժե՜մ
Քո մեծ ու փոքր Սահարանները՝
Ահեղ Բնության դաժան պըճեղի
Բոլո՜ր հետքերը -
Քո խոր վերքերը,
Թունոտ ու լեղի
Խոցերըդ դեղին:

Կըբուժե՜մ:
Վկա՝
Այն Կարա-Կումը,
Ուր վարակում է
Արդեն կանաչը,
Ուր բարակում է
Անվերջ դեղինը
Եվ - մեկ էլ տեսնես -
Կար... ու էլ չկա:

Կըբուժե՜մ:
Վկա՝
Այն տափաստանը,
Որ պապակվել է դարեր շարունակ
Ու հետն էլ՝
Սովյալ անունն է կրել,
Իսկ հիմա այնտեղ -
Ծփուն արտերի մի անդաստան է,
Որ երկրի բոլո՜ր գործազուրկներին
Կարող է մենակ կուշտ կերակըրել...

17
Քեզ հույս եմ տալիս,
Անկեղծ խոստանում,
Որ քեզ,
Սիրելի՜ս,
Չե՛մ թողնի, գնա,
Բայց դարձյա՛լ լալիս,
Չես հանգըստանում:

Եվ քիչ է մնում,
Որ չհասկանամ:

Բայց հանկարծ - այնպես պարզ եմ հասկանում,
Թե ինչո՞ւ բնավ խոսքի չես գալիս,
Թե ի՞նչն է, որ քեզ հանգիստ չի տալիս:

Չէ՞ որ, իսկապես, այնպե՜ս կուզեի
Լինել անկըշիռ
Եվ առանց քաշի,
Որ մեր մարդկային այս մաշկը թըշվառ,
Որ մեր խեղճ կաշին
Անվերջ չըքաշի,
Չըտանի դըժվար
Ա՛յն ծանրությունը,
Որ բնավ չունեն
Այս Լուսին կոչված բոլոր լըրբերը.
Ա՛յն ծանրությունը,
Կշիռն ու բեռը,
Որից զըրկվելու,
Որից փըրկվելու
Վառ անըրջանքից լուռ կըկոցվելով՝
Բարակ ասեղի կետեր են դառնում
Իմ խեղճ բիբերը:

Սակայն...
ի՜նչ արած.
Դե՛հ, սերը սեր է -
Լավ ես, թե վատ ես՝
Ես եմ քո տերը.
Դարձյալ չե՛մ լքի
Ու չե՜մ հեռանա՝
Կըշռազըրկումի հույսով տարվելով:
Դարձյալ չե՛մ լքի
Ու չե՜մ հեռանա՝
Այնքանով գոնե մխիթարվելով,
Թե անկըշռության այդ զգացումը
Դու քնիս մեջ ես երբեմն ինձ տալիս:

18
Սակայն դու էլի չես հանգըստանում:

Հասկանում եմ քեզ... մի վերջի՛ն անգամ:
Հասկանում -
և ի՜նչ.
Ահա մի րոպե
Սիրտըս սկըսեց կըրկին տըրոփել
Իր քենով նախկին
Ու հին չարությամբ՝
Առանց նորօրյա խղճահարության:

Վերըստին ահա մտաբերեցի,
Որ պսակելիս չհարցըրեցին.
-«Որդյա՛կ իմ, տե՞ր ես»:

Չհարցըրեցին,
Բայց ես հասկացա,
Որ եթե հետո
Խուլ լինես ու կույր,
Դառնաս կոնդ ու թույլ՝
Քեզ,
Ինչպես որ կաս,
Պիտի ընդունեմ -
Է՜լ քեզ լքելու իրավունք չունեմ:

Հետո, իսկապե՛ս, համրացար հաճախ,
Եվ նույնքան անգամ նաև խլացար.
Ով քո օգնական ձեռքին էր նայում՝
Դու ժլատորեն նույնիսկ զլացար
Դատարկ խոսք ասել քաջալերումի,
Ով արժանի էր սրտաբուխ ներման՝
Ոչինչ չարժեցող մի բառ ներումի...

Նաև կա՜ղ եղար -
Միջնադարներո՛ւմ,
Երբ դար էր տևում քո ծանր տարին...

Եղար նաև կույր,
Հիմա էլ հաճախ
Խառնում ես աջ-ձախ
Եվ չար ու բարի.-
Ում տեսնել է պետք՝
Դու չես նկատում.
Ում սիրել է պետք՝
Նրան ես ատում.
Ում պետք է ատել՝
Ամենից հաճախ
Սիրով ես պատում,
Տալիս ես շոյանք.
Ում պետք է խոյանք՝
Նրան ոտնում ես.
Ում գրկել է պետք՝
Նրան գետնում ես.
Անարժաններին՝
Հասցընում փառքի,
Արժանավորին՝
Մուրողի պարկի...
Իմ սրտից հիմա արյուն է կաթում,
Արդար չարությունն ինձ մշուշում է:
Երբ չուզելով իսկ՝
Դարձյալ հիշում եմ,
Որ կյանքիդ համար կյանքը վտանգած
Ինքնազոհ քաջին
Չգիտեմ ինչու
Զըրկում ես հանկարծ իր զորեղ աջից.
Փըրկել ուզողիդ
Գամում ես խաչի.
Խաբվում ես հաճախ հուդայող պաչից.
Շոյված խոսքերից կեղծավոր բիճի՝
Կյանքից ես զրկում ուղղամիտ լաճիդ.
Դրախտի հույսով՝
Զըրկվում ես նաև
Քեզ կերակրող խոփից ու մաճից.
Ու չես տարբերում
Պանիրը՝ գաջից.
Հառաչը՝ հաչից,
Ծաղիկը՝ դաջից...

Միջակությունը մետրաչափ շինած
Ու սուր մըկրատով ինքըդ քեզ զինած՝
Դու այդ քո մետրով-արշինով-գազով
Չափում ես մարդկանց
Եվ այնպե՜ս խուզում,
Որ նրանք դառնան... հավասար գազոն:
Եվ ո՜նց է ուզում
Մըկրատը քո սուր -
Մինչևիսկ առանց թույլ ափսոսանքի -
Որ կյանքի թավուտ անտառը դառնա
Չափված ու ձևված մի... զբոսայգի...

Ու ճիշտ այդպես էլ՝
Հաճախ քեզ համար
Մե՜կ է
Մանվածքի բարակն ու հաստը...

Եվ չես ընդունում շողշողուն աստըղ -
Գերադասում ես աստղակույտ - բազումք...

Եվ ի՞նչ ես շինել քեզ համար լոզունգ՝
Ինչո՞վ ես դու քեզ շարունակ զինել:
Ինչո՞վ,
Եթե ոչ միշտ նույն... խոստումո՜վ,
Որ սակայն տարբեր կերպ է ընդունել -
Մերթ կոչվել է նա
Նիրվանա
Ու մերթ՝
Դրախտ ու ջեննեթ...

Եվ մութ խորքերում քո անձավների
Առավել սակավ,
Քիչ կա ավելի
Կրծոտված ոսկոր վայրի կենդանու,
Քան թե քո մթին բանտ ու զնդանում...

Ծնում-սնում ես հազար բռնակալ
Ու... թույլ չես տալիս,
Որ այդ բառն անգամ
Գեթ հնչի:
Օ, չէ՜.
Ստիպում ես դու
Աստվա՜ծ էլ կոչել...
Այսքանից հետո՝
Ո՞նց չըսարսափես,
Ինչպե՞ս չըդողաս,
Երբ քեզ -
Վերջապե՛ս -
Կարող եմ լքել՝
Ձգել -
Հեռանալ,
Քո ամե՜ն տեսակ բեռից վերանալ
Եվ ընկերանալ երջանկությանը -
Տիրանալ հիմա ուրի՛շ մի բախտի:

19
Բայց դեմ եմ կանգնում իմ ցանկությանը:

Ո՛չ,
Մինչև անգամ այսքանից հետո՝
Դարձյա՛լ չեմ դիմի ես արտագաղթի:

Սեղմ շըրթունքներիս՝
Սուր ճիչեր թառած,
Սրտիս մեջ՝
Լիքը բողոք ու հառաչ,
Դարձյա՛լ չեմ լքի
Ու չեմ հեռանա,
Բայց...
Դու էլ հիշի՜ր,
Էլ մի՛ մոռանա,
Որ հիմա պիտի քեզ խելո՜ք պահես -
Ո՛չ թե երևաս հնազանդ ու հեզ,
Ո՛չ էլ կոտըրված իմ սիրտը շահես,
Այլ -
վերջ տաս բոլոր չարությունների՜դ...
Հիշի՛ր, որ տե՜րդ եմ,
Եվ ո՛չ թե գերիդ:

Վերին օվկիանոս ու երկնային ծով
Արդ բաց են իմ դեմ.
Կարող եմ արդեն
Վաղը կամ մյուս օր,
Անվախ-անվարան,
Հանգիստ ճամփորդել
Կամ գնալ այնտեղ,
Ինչպես որ այսօր -
Ուղեգիրներով -
Ծովափ են գնում:
Կամ առողջարան:

Կըգնա՜մ...
Եվ իմ մարմինը հոգնած
Կըթրջեմ հրի անձրևի ներքո -
Չե՛մ վերադառնա հին խոց ու վերքով…

Կազատվեմ գուցե թաքուն դողերից -
Արևների մեջ ես ինձ կըսուզեմ...

Կընդունեմ ցնցուղ բուժիչ շողերի -
Մաշված ջըղերս թերևըս բուժեմ...

Մի երկնաշարժից ցած կիջնեմ փութով,
Եվ այս անգամ էլ անտոմս ու ձրի,
Չըհամարելով բնավ անվայել՝
Մեկ այլ մոլորակ կընստեմ շուտով
Եվ, խիղճըս հանգիստ, կըտրամվայեմ
Կանգառներից զուրկ հսկա մարշրուտով...

Իմ հիացագին ապշած աչքերին
Կըշողան բոլոր կրակներն այն ծով,
Որ տեսնում էր իմ Ջորդանո քեռին
Մըսակեր հրի
Բոցերի միջով...

Եվ աշխարհներն այն տիեզերական,
Որոնց մասին է հորեղբայրս ասել՝
«Բայց... պտըտվում են»,-
Աշխարհներն այդ նույն
Թե ինձ՝
լողորդիս,
Վտանգի պահին հեռվից փարոսեն,
Ապա մոտիկից՝
Ինձ ընդունելով,
Օրորեն պիտի՝
Որպես կարուսել...

Իմ տեսածներից ես կըզարմանա՞մ,
Թե՞ հիանալով ապշած կըմնամ,
Ու դրանից էլ
Ես էլ միգուցե
Քայլեմ ծուռումուռ,
Ոլոր ու մոլոր,
Ինչպես քայլում է մի ինչ-որ Սիրիուս...

Բայց ինչ էլ լինի՝
Չե՛մ մնա այնտեղ,

Դարձյալ ե՛տ կըգամ
Եվ իմ շուրթերին
Ես ներողության խոսքեր կըբերեմ,
Որ ամոթահար-քըրտնած սըփռեմ
Քո՛ ոտքերի տակ՝
Միակ տիրուհո՜ւս...

Ու եթե քեզնից
Կամ -
Ավելի շուտ -
Չար փորձությունից լինի հրաման,
Եվ վերևներում
Ես -
Լայկայի պես -
Նույնիսկ սատկեմ էլ՝
Ես քե՜զ կըճամփեմ սրտիս զարկերը -
Սըրտիս զարկերի կարդիոգրաման...

Իսկ եթե մնամ ես ողջ ու առողջ,
Նույնիսկ կազդուրվեմ,
Ինչպես այնպիսի՛ առողջարանում,
Որ անճարին է նույնիսկ ճար անում,
Ապա
Ծիրկաթնի հըսկա կամուրջին՝
Կանգառում վերջին,
Իմ կոշիկներից թափ կտամ փոշին տիեզերական
Ու երթագծով վար ընկնող աստղի,
Անօդ անհունի և օդի միջով,
Կըսուրամ կըգամ:

Ու եթե իրոք խելքըդ հավաքես,
Այնժամ, հավատա՛,
Ինքս էլ կօգնեմ քեզ,
Եվ գիտե՞ս
ինչո՛վ:

20
Վերին օվկիանոս
Ու երկնային ծով
Արդ բաց են իմ դեմ:

Այստեղից այնտեղ
Մեքենայություն ես կարտահանեմ
Ու կըներմուծեմ նոր մեքենաներ:

Ես կարտահանեմ սև միտք ու խավար
Ու կըներմուծեմ նույնչափ... սև խավիար:

Ամենայն սիրով ես կարտահանեմ
Կարճամիտ հավկուր-հավատեսների
Ու ոչխարային լավատեսների
Ե՛վ կույր հավատը,
Ե՛վ հեզությունը՝
Ուժից վեր բեռից միշտ շտապելու
Եվ ոչ թե մեջքից ներքև թափելու
Այդ մարդկայնացած հին իշությունը,
Եվ կըներմուծեմ դրա փոխարեն
Լուրջ բաղդատելու
Ու պաղ դատելու
Հավետ անվըտանգ ա՛յն գժությունը,
Ուր կատաղության նշո՜ւյլ իսկ չկա,
Ու մոլեգնության մի շյո՜ւղ իսկ չկա,
Ուրեմըն՝ չկա չընչի՛ն իսկ առիթ զգուշանալու,
Սակայն -
Չըգիտես, թե ինչի՞ համար -
Լուրջ բաղդատելու
Ու պաղ դատելու
Հավետ անվըտանգ այդ գժությունը
Ենթակա է միշտ... մեկուսացումի,
Եվ այն էլ -
Այն էլ... ո՛չ գժանոցում,
Չէ՛ (երանի չէ՜ր)...

Ես կուզենայի
Եվ առևտըրի մի էժանացում,
Որով ճար լիներ
Այս չար աշխարհի հերը անիծել -
Մի նոր ու խորունկ հավատ ստանալ՝
Դառնորեն կորած հույսերի գնով,
Սառը վաճառել՝
Ու ջերմ ստանալ դրա փոխարեն.
Խառնը վաճառել՝
Ու սերմ ստանալ -
Հատի՜կ-հատի՜կ սերմ.
Եվ ճառ վաճառել՝
Ու ճար ստանալ...

Ես կուզենայի -
Սեփական անձիս ի գործածություն
Պըղտորված ջրում ուռկան գցելու
Քիչ փորձվածություն,
Երբեք չգործած հանցանքիս դիմաց՝
Փոքր-ինչ թողություն,
Եվ հեշտ կապկելո՛ւ
Ու թութակելո՜ւ
Մեծ կարողություն...

Ու ներմուծելով էժանության միտք՝
Կարտահանեի տեղը մտքերի ճոխ էժանություն:
Կարտահանեի և չարդարացվող նոր դաժանություն,
Որ դրա դիմաց ձեզ բավարարեմ
Լայնասըրտությա՛մբ,
Խըղճո՛վ,
Գթությա՛մբ՝
Թեկուզ դա թվա ինչքան հնացած,
Նույնքան միամիտ:

Ե՛ս,
Որ լոկ ունեմ
Կիսով քայքայված մի տընտեսություն՝
Տիեզերական շուկա կըտանեմ
Կարի՛ք,
Հո՛գս առատ,
Պակասություննե՛ր,
Որ տեղն ստանամ
Հոգս ու կարիքի քիչ պակասություն.
Եվ հակասության լուծումի հույսով՝
Ես կարտահանեմ
Կարծիք ու փորձի,
Խոսքի և գործի
Զարմանահրաշ մի հակասություն...

Բայց...
Մինչև անգամ դիցուք վիզայի հարց էլ չլինի -
Եվ դյուրին լինի հա՜ գնալ ու գալ
Տիեզերական փակ սահմաններով,-
Բայց չէ՞ որ մեկ է.
Սատանա՜ն տանի,
Ախար ո՞վ ինձ հետ առևտուր կանի
Խիստ անհավասար այս պայմաններով:
Եվ այս պատճառով
Ես ինձ չեմ զգում ինչ-որ պետություն,
Մնում եմ նորից ես անհատ մի անձ՝
Ինչքան որ անուժ,
Նույնքան էլ միանձն,
Ու դուրս չըգալով՝
Մնալով այստեղ,
Ահա -
անհատո՛ւյց -
Ուղարկում եմ ես Երկրի չորսբոլոր՝
Կախյալ ու անկախ,
Հըսկա և փոքրիկ ամե՛ն պետություն,
Խորունկ սիրելու և չդրժելու մի վարպետություն
Ու հետն էլ -
Ոչ թե իբրև սուտ ռեկլամ,
Այլ մի ակնառու պարզ ցուցադըրում -
Ես սե՜ր եմ ցրում՝
Հորդ ողողելով
Ու հեղեղելով
Համաշխարհային դատարկված շուկան -
Ունիվերմագներ,
Խանութ ու դուքան...

Ինչպես որ շոգից անվերջ բարակող
Առվակի ջուրը բանդից են կապում՝
Ճիշտ այդպես էլ ես
Հիմա բարության
Որքան անվնաս,
Նույնքան վարակող
Մի բացիլային հորդ հոսք եմ թափում
Կեսլի-կեսթափուր
Մարդկային սըրտում,
Հանդում ու արտում,
Օդ-մթնոլորտում:

Եվ ամեն կարգի՝
Բաց ու բերանփակ,
Խորունկ ու տափակ,
Թե՛ մարդկայնության հրում թրծըված,
Թե՛ վառ հնոցից հում-հում վերցըված
Ամե՜ն անոթում
Հիմա տեղում եմ,
Հիմա հեղում եմ,
Նույնիսկ մղում եմ
Խոր մարդկայնությո՜ւն...

Ձեզ իմ հասցե՞ն է գուցե հարկավոր.

Ինչո՞ւ եք քաշվում -
Խընդրե՛մ, ի՜նչ կա որ.
Դա պիտի գըտնի
Զավակը՝
իր մոր,
Թոռը՝
իր տատի,
Սիրահար տղան՝
Սիրածի սըրտում,
Մեծատառ Մարդը՝
Իր նման Մարդու,
Եվ մյուսներդ էլ -
Հեռու եք արդյոք,
Թե մոտ հարևան՝
Խընդրեմ.
Կարող եք հասցեագըրել.
«Այստեղ,
Հողագունդ,
Քաղաք Երևան,
Այն խելառ Մարդուն,
Որ շաղ է տալիս
Սիրո թարմությո՛ւն -
Հավատարմությո՜ւն...»:

11-15.IV,
3-21.V.1959թ.
Մոսկվա

Լրահոս
Վիլյամ Սարոյան. Հանճարը Էրմիտաժում Լեոնարդո դա Վինչիի կտավին փոխարինել է Բոտիչչելիի «Տիրամոր» պատկերը Վահագն Մուղնեցյան. «Ժպտա, երկինք» Հովհան Մանդակունի. Աղքատներին մխիթարելու մասին «Թռիչք կկվի բնի վրայով»՝ հայկական բեմում ԿԳՄՍ նախարարության պարզաբանումը Դալմայի այգու տարածքում 16-17 դդ քանդված գինու հնձանի վերաբերյալ Քրիստոնյաներին սպանել են մուսուլմանները, հայերը դարձել են ցեղասպանության զոհերի մարմնացումը Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան օրն է Ռուբեն Հովսեփյան. Նռներ Թադևոս Տոնոյան․ Հողերկպագու անձս Դե­մոկ­րա­տա­կան օ­րենք­նե­րը կյան­քը խեղ­դող փշա­լա­րեր են Ամենահաջողակ դերասանուհիները Հան­րա­հայտ և ան­հայտ Նի­կո­ղա­յո­սը Ողորմության մասին Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակի առթիվ կկազմակերպվեն համերգներ «Ա­րամ Խա­չատ­ր­յա­նը մեծ ներդ­րում է ու­նե­ցել Հա­յաս­տա­նի և հա­մաշ­խար­հա­յին մշա­կու­թա­յին կյան­քում» Հայ ջութակահարուհին դարձել է «Դեբյուտների համագործակցություն» երիտասարդական մրցանակի դափնեկիր Վարդան Հակոբյան. Ապրում ենք՝ որպես հիշողությունը մեզնից առաջ ապրածների Նշան Պեշիկթաշլեան. Հայը Սբ. Կիպրիանոս Կարթագենացի. Գիր եկեղեցու միսնության մասին Սուրբ Հովհան Ոսկեբերան. Դատարկության եվ ճոխության մասին Գյումրու քաղաքապետարանը կաջակցի Իսահակյանի և Շիրազի անտիպ գրքերի տպագրությանը Հայ ճարտարապետների գծանկարները՝ որպես ինքնուրույն արժեք Իրական հերոսն ու հաղթանակը Խատիա Բունիաթիշվիլին առաջին անգամ հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ «Նկարահանող խումբը սպունգի նման կլանում ու ճանաչում է Ռոբերտ Ամիրխանյանին» «Ես եմ կենաց հացը, ով դեպի Ինձ գա, քաղց չի զգա, և ով Ինձ հավատա, երբեք չի ծարավի» ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի մեծ մասը կմիանա ուսանողական շարժմանը Մոսկվայում կանցկացվի ճապոնական կինոյի փառատոն Պատվի պարտք Եռօրյա տոն մայրաքաղաքում. մեկնարկում է գրքի երևանյան փառատոնը Ներսես Աթաբեկյան․ Մարդը գնում էր անձրևի միջով․․․ Վրեժ Սարուխանյան․ Պողոսի ցավը «Գեղարդ» երգեցիկ խումբը Գերմանիայում լեփ-լեցուն դահլիճներում է հնչեցրել հայ կոմպոզիտորների գործերը Հանդիսատեսն ընտրել է 2019-ի լավագույն ֆիլմը Երևանում տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնի բացման արարողությունը «Ե­թե սի­րեք ի­րար, բո­լո­րը կի­մա­նան, որ Իմ ա­շա­կերտ­ներն եք» Ինկերի հնագույն բնակավայր է հայտնաբերվել լազերային տեխնոլոգիաներ Մարի Հովհաննիսյանը հրատարակելու է Սոս Սարգսյանի կենսամատենագիտությունից դուրս մնացած փաստերը Մարդիկ ավելի շատ մտածում են, քան՝ շնչում, մաս 1-ին
website by Sargssyan