USD
EUR
RUB

Ովքեր հավատում են Հիսուսին, նրանք հավիտենական կյանք են մտնում

 

Որ սրբերն ու արդարները Աստծո սրբության արտացոլումն են այս մեղավոր աշխարհում, հայտնի է բոլոր կրոններում։ Բայց ոչ բոլոր կրոններում են օգտվում նրանց բարեխոսական աղոթքներից, քանի որ սրբերի երկրավոր կյանքով էլ համարում են գործը ավարտված, վերջացած։ Զարմանալի է, որ բողոքականությանը հարող քրիստոնյաներն էլ են կարծում, որ մարդու կյանքը երկրային սահմաններով է շղթայված, ու նա երկնքում այլևս զորություն և իրավունք չունի մարդկանց օգնելու և միջամտելու։ Բայց այդպե՞ս է արդյոք։ Քննենք այդ կարևոր հարցը Սուրբ գրքի միջոցով, քանզի այն է միակ ճշմարտության աղբյուրը։

Հին ՈՒխտի գրքերից մեկում կա հետևյալ ուսանելի օրինակը Եղիսե մարգարեի մասին. «Եղիսեն երբ մեռավ, նրան տարան թաղեցին։ Հետևյալ տարին Մովաբացիների գնդերը Իսրայելի վրա հարձակվեցին։ Երբ մի մարդ էին թաղում, ահա թշնամու մի գունդ տեսան, և այն մեռելը շտապ նետեցին Եղիսեի գերեզմանի մեջ։ Եվ այդ մարդը երբ դիպավ Եղիսեի ոսկորներին, դիպչելուն պես կենդանացավ ու իր ոտքերի վրա կանգնեց» (Դ Թագ. 13.20)։

Իսկ Եղիսե մարգարեն այն նույն մարդն էր, ում աղոթքով մի մեռած պատանի էր հարություն առել։ Այս ընտիր մարգարեի կյանքը լի էր բազմաթիվ հրաշքներով, ու մահից հետո էլ նրա չորացած ոսկորներն են շարունակում հրաշքներ գործել։ Իսկ ի՞նչ զարմանալի բան կա, եթե նրա բարեխոսական աղոթքներով նույնպես շարունակի հրաշքներ գործել Տերը, քանզի սրբերի կյանքը վերերկրային կյանքում էլ է շարունակվում. որովհետև նրանք կենդանի են հոգով, մինչև Դատաստան, երբ բոլորը հարություն պետք է առնեն մարմնով։

Սա քրիստոնեական հավատքի ողնաշարն է, հիմնված Աստծո անսուտն խոսքի վրա.

«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր Միածին Որդուն տվեց, որպեսզի, ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը. որովհետև Աստված Իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը Նրանով փրկվի: Ով Նրան հավատում է, չպիտի դատապարտվի, և ով Նրան չի հավատում, արդեն իսկ դատապարտված է, քանի որ Աստծո Միածին Որդու անվանը չհավատաց» (Հովհաննեսի ավետարան 3.16): Ինչպես կարդացինք, ովքեր հավատում են Հիսուսին, նրանք հավիտենական կյանք են մտնում, ոչ թե մոռացվում ու կորսվում, ինչպես մոլորյալ քրիստոնյաներն են համարում։

Իսկ որ ննջեցյալ սրբերը երբեմն Աստծո թույլտվությամբ միջամտում են դեռևս երկրում ապրող հարազատների ու իրենց դիմողների կյանքում, դրա բազմաթիվ վկայությունները կան, որոնցից երկուսը կներկայացնենք ընթերցողի ուշադրությանը։
Առաջինը Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքի միջոցով փրկության մասին է.

Պատմում է Հայոց մեծ եղեռնի մասնակիցներից մեկը. «Երբ անսպասելիորեն թուրքերը գյուղ մտան, ու մեզ բոլորիս անասունների նման իրար գլխի հավաքելով, առաջներն արած դեպի դաշտ քշեցին, սկզբում կարծեցինք, թե մեր ունեցվածքը կթալանեն, ու նորից բաց կթողնեն, որ գյուղ վերադառնանք: Բայց ի՜նչ իմանայինք, որ այդ անօրենները հայասպան ծրագիր են մշակել: Գնում էինք օրերով, նրանք ձիերի վրա, մենք ոտքով, նրանք կուշտ ու կուռ ուտելով մեզանից թալանածները, իսկ մենք ճամփեզրի խոտերը արածելով: Պարզ էր, որ երկար չէինք դիմանալու, որովհետև առաջին զոհերը տեսանք, որոնք ճամփեզրին մեկնվեցին ուժասպառ, ու հոգնած անտարբերությամբ իրենց մահը դիմավորեցին մարդակերպ գազանի ձեռքից: Մենք մի քանի հավատացյալ քույրերով էինք, ու ամեն առիթի դեպքում հավաքվում և աղոթում էինք, որ Տերը մեզ ազատի այս ստույգ մահվանից, կամ էլ խայտառակաբար չլլկվենք անօրեն պիղծերից, որոնք մեր աչքի առաջ իրենց դուր եկած աղջիկներին բռնաբարում էին, իսկ դիմադրողներին հենց տեղում մորթազերծ անում, որ մյուսները վախենան ու չդիմադրեն:

Մի գիշեր մեզ բոլորիս ճամփեզրի մարգագետինը հավաքեցին, իսկ իրենք մեր կողքերին խարույկ վառելով տաքանում ու հսկում էին ճամբարը: Իսկ խեղճ հայերս ցրտից դողալով, մեր ունեցած փալաս-փուլուսով ծածկվելով, մի կերպ լուսացնում էինք դժնդակ գիշերները: Տեսնելով, որ արդեն մեր հերթն էլ է գալիս մահկանացուներս կնքելու, քանի որ հյուծվածությունից թուլացել էինք, որոշեցինք այդ նույն գիշերը փախչել. կամ այս, կամ այն կողմ, միևնույն է, մահը մեր հետևից է գալիս: Չգիտենք ինչքան ժամանակ էր անցել մենք չորս ընկերուհիներով, ճամբարի եզրին, միմյանց կողքի պառկած, շշնջալով աղոթում էինք, ու աստղազարդ երկինք նայելով Արարչից ողորմություն և Իր սրբերի բարեխոսական օգնությունը հայցում:

Երբ գիշերային պահակը ինչ¬որ առիթով մի փոքր հեռացավ մեզանից, դեմքներս խաչակնքելով, ու միմյանց կողը բոթելով, անշշուկ սողացինք դեպի խավարը: Ամեն բան բարեհաջող անցավ, ու որոշ տարածություն փորի վրա սողալուց հետո ոտքի կանգնեցինք, և սրտատրոփ ուրախությունով մոռացած մեր տկարությունները, դեպի անհայտ հեռուն քայլեցինք: Երբ դիմացի սարի հետևն անցանք, կանգ առանք շունչ առնելու, և միմյանց գիրկն ընկնելով, իրար փաթաթված լաց էինք լինում ուրախությունից, և այնպիսի զգացում էինք ապրում, կարծես արդեն երկնային դրախտ ենք ընկել, և մահն ու դժբախտությունները մնացել են հետևում: Հանդարտվելուց հետո, բոլորս ծնկի եկանք, ու արտասվախառն աչքերով գոհություն էինք տալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ Իր սրբերի բարեխոսությամբ ու ամենակարող Խաչով մեզ փրկեց մարդակեր թուրքերի ձեռքից:

Բայց առջևում դեռ բազում վտանգներ էին մեզ սպասում, այդ պատճառով ամբողջ գիշեր քայլեցինք մեզ անծանոթ տեղանքներով, որ ինչքան հնարավոր է հեռանանք այդ մահվան քարավանից: Ահա և ծագեց աղոթարանը, և արևի առաջին շողերն ընկան արյունաներկ հայոց հողի վրա: Անհայտ վտանգների մասին մտորելով, գլխահակ գնում էինք, ու երբ մի բլուրի վրա ելնելով ուզեցինք շրջապատը զննել, հանկարծ ի՜նչ տեսանք. ամբողջ գիշեր պտտվել-պտտվել ենք, ու եկել նորից նույն տեղն ենք հասել: Վախից ու հիասթափությունից կարկամած մի քանի վայրկյան նայում էինք դեպի նոր արթնացող քարավանը, իսկ երբ ուզում էինք թաքնվել, հանկարծ այդ շան նման սրատես թուրք զինվորներից մեկը, մեզ տեսնելով հարայ-հրոց բարձրացրեց, ու նրանցից մի քանիսը ձիերը թամբելով իսկույն մեր կողմը շտապեցին: Փախչելն անիմաստ էր, ու միմյանց գրկելով, գլուխ գլխի տված, ծնկի գալով սկսեցինք Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքը ասել, որ երբ մեզ թրատելու լինեն, գոնե աղոթքը շուրթներիս, քրիստոնեավայել ձևով մեռնենք: ՈՒ երբ ձիերի սմբակների քառատրոփը մեզ հասավ, արդեն սուրբ Խաչի աղոթքին էինք հասել, և վախից դողդոջուն ձայնով միասին ասում էինք. «Խնամող արարածների, պահի՛ր Քո Խաչի նշանով իմ հոգին ու մարմինը մեղքերի պատրանքներից, դևերի փորձություններից, անիրավ մարդկանցից և հոգու ու մարմնի բոլոր վտանգներից. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս. ամեն»։

Մարդակերներն ընդհուպ այնքան մեզ մոտեցան, որ նրանց ձիերի սմբակների տակի ավազը մեզ վրա էր լցվում, բայց մի քանի անգամ պտտվելով մեր շուրջը, նրանցից մեկը զարմացած բացականչեց թուրքերեն. «Շուն գյավուրները էս ո՞ւր չքվեցին»: ՈՒ էլի մի քանի անգամ ձիերին այս ու այն կողմ քշելուց հետո, մեզ չտեսնելով, հայհոյելով թողեցին հեռացան: Մինչդեռ մենք հստակ լսում էինք նրանց ձայները, բայց ահից աչքներս փակած շարունակում էինք աղոթել, որովհետև հասկացանք, որ Տիրոջ սուրբ Խաչն է ու մեր հայոց հայրապետ Ներսես Շնորհալու բարեխոսական օրհնանքն է մեզ իր անտեսանելի թևերի տակ առել, որ անօրենները կուրանան ու մեզ չտեսնեն: Եվ այդպես բազմաթիվ վտանգներից Տերը մեզ ազատելով մինչև սուրբ Էջմիածին՝ մեր հոգիների փրկության տապանը հասցրեց»:

Փա՛ռք Քո սուրբ Խաչին, Տեր Հիսուս Քրիստոս, ու Քո բարի ու հաղթանակած սրբերի մեծազոր բարեխոսությանը:

Մի զինվոր մարդ, ազգությամբ հայ, օսմանցիների պետության ժամանակ կռվում էր թուրքական բանակում։ Երբ պատերազմելով եվրոպական մի երկիր են մտնում, այնտեղի շուկայում զինվորական հագ ու կապով սուրբ Գևորգի ու էլի մի զինվորյալ սրբի նկարներն է տեսնում: Երբ հարցնում է, թե ովքեր են այդ գեղեցիկ զինվոր տղամարդիկ, նրան ասում են, որ դրանք քրիստոնյա սուրբ զորավարներ են, որոնք պահպանում են իրենց խաչապաշտ քրիստոնյաներին: Նա էլ լսելով այդ, մեծ գումար տալով գնում է այդ նկարները ու տուն բերում:

Մինչ այդ նա ծանոթ չէր քրիստոնեական հավատին, չնայած հայ էր, բայց փոքրուց որբանալով բատրակություն էր անում մի թուրք հարուստի մոտ, որտեղից էլ ծառայության էր գնացել թուրքական բանակ:

Նկարները տուն բերելուց հետո նա մի հայ քրիստոնյա է գտնում, հարց ու փորձ է անում իրենց հավատի ու սրբերի մասին, ուրախանում է, որ իրենց Տերը Քրիստոսն է, որը հաղթել է սատանային, իսկ Նրա սրբերը՝ զինվորները, հավատարմորեն մինչև ի մահ ծառայել են Տիրոջը: Կամաց-կամաց նրա հավատքը արթնանում է առ Աստված, բայց դեռ վայրիվերո զինվորական բարքերով էր ապրում: Հերթական անգամ պատերազմ մեկնելուց առաջ, նա սովորականի նման փակում է իր դուռն ու լուսամուտը, քանի որ ամուրի մարդ էր, ընտանիք չուներ, բայց տանից դուրս գնալուց առաջ նրա աչքով են ընկնում սրբերի նկարները, կանգնում է նրանց առջև ու իր երեսին Խաչ հանելով, ինչպես սովորեցրել էին նրան, աղոթում է «Հայր մերը» իսկ սուրբ զինվորներին, որպես իրենց զինակից, ասում է. «Ես գնում եմ կռվի, բայց ձեզ իմ տան վրա պահապաններ եմ կարգում, որ ո՛չ մեկին չթողնեք մտնի»:

Անցնում են ամիսներ, կռվից տուն վերադառնալով, գալիս տեսնում է` տունը գող է մտել ու ինչ կա չկա մաքրել տարել է: Զայրացած զինվորականը իսկույն գնում է նկարների մոտ ու թուրը քաշելով զայրացած ասում է սրբերին. «Դուք ինչ զինվորական եք, այն էլ սուրբ, որ չկարողացաք մի տուն պահել, դրա համար ես պատժելու եմ ձեզ», ու թրի մի քանի հարվածով կտրատում, գետնին է թափում սրբերի նկարները:

Անցնում է մի քանի ժամ, հանկարծ նրա տան դարպասները ճռնչոցով բացվում են ու մի սայլ է ներս մտնում, թուրքը վրան նստած և իր տան բոլոր կահ-կարասիները բարձած, մի քանի ոչխար և մի արջառ էլ պոչից պարանով կապած: Զինվորականը զարմացած հարցնում է, թե ով է, և ինչպես են իր սեփական տան իրերը հայտնվել այս սայլի մեջ:

Թուրքը սայլից իջնելով` իսկույն նրա ոտքերն է ընկնում ու աղաչում ներել իր որդու կատարած գողությունը։ Բացի գողացված իրերից, որպես տույժ բերել է նաև մի քանի անասուն, որ իր որդու համար քրիստոնյաների Աստծուն աղաչեն այդ կապերից ազատի ու բժշկի, քանի որ լսել են, որ Հիսուս Քրիստոսը ողորմած Աստված է, որովհետև որդին այս իրերի գողությունից հետո անդամալույծ դարձավ, ոտ ու ձեռը թուլացած, ընկավ տանը:

Ապշած զինվորը երբ լսում է այս, թափով իր տունն է մտնում ու սկսում է մեղա գալով, պատերազմներում կոշտացած սրտին ոչ սազական արցունքներով լացելով, այս ու այն կողմ թափված սրբերի նկարների պատռված ծվենները հավաքել, մեկ-մեկ համբուրել ու իրար մոտեցնել, փորձելով կպցնել, և անկախ իրենից նաև այդ թուրքի տղայի համար խնդրել, որ Տերը ների նրան: Երբ մի պահ մտքով հասկանում է, թե ինչ է իր խնդրածը, բարկությամբ ընդդիմանում է ինքն իրեն, բայց Աստծո Սուրբ Հոգու այցելությունը այնպես էր նրան փոխել այդ պահին, որ այս հայորդի մարդը հասկանում է, որ իրենց Աստվածը իրապես սիրո և ողորմության Աստված է:

ՈՒ արցունքը աչքերին դեռ չչորացած դուրս է ելնում տնից և վախից խեղճացած թուրքին մեղմությամբ ու քաղցրությամբ ասում է. «Գնա՛ տունդ, տղադ կլավանա, որովհետև մեր Աստվածը ողորմած ու զորավոր Տեր է: Իսկ էդ բերածդ անասուններն էլ տար հետդ, ինձ թուրքի մալ պետք չէ, որովհետև սրանից հետո իմ հույսը միայն մեր հայի Աստվածն է լինելու»:

Դրանից հետո նա դադարում է պատերազմներին մասնակցելուց ու պարզ հողագործ դառնելով, բոլորին վկայում էր հայի Աստծո սիրո ու ողորմության ու նրա Խաչի ու սրբերի զորության մասին:

Եվ զուր չէ, որ առաքելահիմն եկեղեցու քրիստոնյաները կենդանի հավատքով կապված են Աստծո սրբերին, որոնք ի զորու են օգնելու երկրի վրա հոգևոր պատերազմ մղող եղբայրակիցներին։ Այդ պատճառով էլ Հայաստանում բազմաթիվ եկեղեցիներ են կառուցվել Տիրոջ հաղթանակած սրբերի անուններով, իսկ որոշ տեղերում էլ սուրբ խորանի տակ դրվել են տվյալ սրբի մասունքները։ Դրանցից են Սբ. Էջմիածնում կառուցված սրբուհի Հռիփսիմեի ու Գայանեի եկեղեցիները, իսկ Երևանում սբ. Գրիգոր Լուսավորչի անունով կառուցված եկեղեցին, որի անմիջապես մուտքի դիմաց, մարմարակերտ խորանի տակ, խաչանիշ ապակեպատ բացվածքում դրված է սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքներից, որ Հայոց քրիստոնեության 1700-ամյակի առթիվ մեզ է նվիրաբերել Հռոմի Հովհաննես Պողոս 2-րդ պապը։

Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը միակն է, որ միշտ ի բաց դրված է այնտեղ, որին խոնարհաբար կարող են պատվել ու խոնարհվել հավատավոր քրիստոնյաներն ու իրենց խնդրանքների համար այդ օրհնյալ սրբի մեծազոր բարեխոսությունը խնդրել։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Աղբյուր՝ Irates.am

Լրահոս
Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել «Սգո տունը» թատրոն կդառնա Պաղտասար Դպիր.Դարձեալ առ տաճարն երկնանման Էդ Շիրանի նոր ստեղծագործությունը 1 մլն-ից ավելի դիտում է ունեցել մի քանի ժամում Գնացքում Շուշանիկ Կուրղինյան. ․․․Եվ մենք քսան դար․․․ Սիպիլ․ Մենաստանին կույսը Բաղայ Ասորի. «Երանելի՜ ես դու, որովհետև քո կաթով կերակրեցիր Աստծուն» Emmy-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարի. Fox Entertainment Գրիգոր Զոհրապ․ Ժամին բակը «Չկա անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակեր Հովհաննես Թումանյան․ Աղջկա սիրտը «ՌեԱնիմանիա»-ն կիրականացնի «Անիմացիոն ֆիլմի դիտարկում մեդիայում» խորագրով դասընթաց Մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը Աշխարհի բանաստեղծական պատկերին հավատարիմ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործելու է Արդարադատության նախարարության ենթակայության տակ Աստված նայում է մարդու սրտին, իսկ մարդիկ՝ մարդկանց երեսին Հովհաննես Հովհաննիսյան․ Արազն եկավ լափին տալով․․․ Սոնա Արշունեցի․ Արդար դատաստան Աղոթք ընտանիքի Ստեփանակերտի հրապարակում կհնչի Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը Արչի Կալենցը` Նիկողոսյանի մասին. «Պապիկս ասում էր` քանդակն իմ կինն է, գեղանկարչությունը` սիրուհիս» Վալենտին Գաֆտին գլխուղեղի կաթվածով հիվանդանոց են տեղափոխե Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Տարանտինոն չի բացառում, որ իր 10-րդ ֆիլմը կդառնա վերջինը Բելգիացին 500 եվրոյով պատահաբար գնել է Ռեմբրանդտի՝ մոտ 30 մլն եվրո արժեցող կտավը Մայր տաճարի բուսածածկույթի մաքրման աշխատանքների ժամանակ պատահականորեն բացահայտվում է, որ տաճարը փլուզման վտանգի առջև է «Տիրոջ երկյուղը կյանք է մարդու համար» Disney-ը կվերանկարահանի «Տանը՝ մենակ» եւ «Գիշերը թանգարանում» ֆիլմերը Վիլյամ Սարոյան. Ծիծաղ Աղոթք առ Աստված Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին Ավարտվեցին Հաղբատավանքի որմնանկարների վերականգնման աշխատանքները Արդյո՞ք դժվար է Թուրքիայում հայերեն երգեր կատարելը. ստամբուլահայ երգչուհին է պատմում Ստեփան Զորյան․ Անհայտ թելեր Կյանքից հեռացել է ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը «Չնայած , ես ինձ գրող չեմ համարում, բայց...». Սամվել Սևադա Սիպիլ․ Ապրի՛լ Եղիշե Չարենց․ Երկիր Նաիրի՝ Մասն երկրորդ Աղօթք ապաշխարութեան
website by Sargssyan