Սոհրաբ Սեփեհրի․ Ո՛չ դու կմնաս․․․

Սոհրաբ Սեփեհրի․ Ո՛չ դու կմնաս․․․

Ո՛չ դու կմնաս,
ոչ էլ տխրությունդ,
ոչ էլ բնակիչները այս ավանի.
գետեզերքի անհանգիստ պղպջակն ու
վայելքի անցած կարճ պահերը վկա,
այս թախիծն էլ երկար չի տևի
այնպես, որ նրանից միայն մի հուշ կմնա:

Պահերը մերկ են,
քեզ տրված այս ակնթարթին վշտի զգեստ մի հագցրու բնավ.

Այդ դու չես հայելուն՝
հայելին է քեզ ակնապիշ նայում.
եթե դու խնդաս, նա էլ քեզ է խնդալու,
և երբ փղձկաս,
ա՜խ, թե ինչեր չի անի այս աշխարհ-հայելին…

Անցյալիդ պահարանը, ավա՜ղ, լցվել է ափսոսանքով ու թախծով,
և վաղվա փաթեթներդ էլ լի են՝ երանի՜, ա՜խ երանիով,
սակայն դատարկ է գավաթն այս ակնթարթի,
ո՞ւմ է հյուրընկալելու սրտիդ տարածքը.
սրտիդ դուռը մի բացիր
ճամփից հասած վշտի առջև:

Մինչև Աստված՝
վզի մի երակ է միայն,
մինչև Աստված դեռ կա,
այս տան խոստումը տխրությանը մի տուր:

Բնագրից թարգմանաեց՝ Ալբերտ Ավագյանը

Աղբյուր՝ ԳՐԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ

Հետևեք մեզ նաև Telegram-ում