Հավատը`բարոյական կյանքի հիմք

Հավատը`բարոյական կյանքի հիմք

«Գիտությունը չի կարող ամբողջովին լցնել մարդու հոգին. այնտեղ հավատի համար միշտ էլ տեղ կգտնվի». Վազգեն Ա

Ի՞նչ է հավատը. լիակատար վստահություն, համոզմունք ինչ որ բանի ստույգության, ճշմարտության կամ անձի, իսկ կրոնական իմաստով`Աստծո և տվյալ կրոնի ուսմունքի նկատմամբ: Ամերիկացի հոգեբան Պոլ Ջոնսոնն իր «Կրոնի հոգեբանություն» աշխատության մեջ նշում է, որ «հավատը մարդկանց համար նույնքան կարևոր է և անհրաժեշտ, որքան սնունդը…բոլոր մարդիկ կարիք ունեն հավատալու, և անօգուտ է մտածել, որ մեզանից ինչ-որ մեկը կարող է երջանիկ լինել` լինելով կասկածամիտ»: Հոգեբանական գիտությունների թեկնածու Հրաչ Հովհաննիսյանի խոսքով`«հավատն անորոշության, հետևաբար նաև հոգեկան լարվածության ու տագնապների հաղթահարման կարևորագույն պայման է»:

Հոգեբանական տեսանկյունից կարելի է առանձնացնել հավատքի մի քանի «գործառույթներ»` այն բավարարում է մտքի պահանջմունքները (տալիս է անպատասխան հարցերի պատասխանները), բերում է հույս, հոգու հանգստություն, ուրախություն և այլն: Հավատի շնորհիվ ձեռք բերված վստահությունը, խաղաղությունն ու ներդաշնակությունը հոգեկան կայունության գրավական են դառնում: Կրոնա-բարոյագիտական տեսանկյունից`հավատը խոստանում է փրկություն, հավիտենական կյանք և բարոյական կատարելագործման ճանապարհ է, քանզի «հստակ տեսողությունը, կատարյալ իմաստությունը, մտերմությունն Աստուծո հետ և բարձրյալին ծանոթ լինելը հավատքի մասն են» (ԲԱՆ Ժ):

«Մարդկային բնությանը հատուկ է ձգտումը դեպի գեղեցիկը, Բարին, կատարյալը, դեպի Նա, ում պատկերն է մարդն ինքը: Մարդկային բանականությունը (անգամ չճանաչելով Աստծուն) փորձում է հասնել այն բարուն, որը գտնվում է Աստծո մոտ և աստվածային ծագում ունի, չէ՞ որ կատարյալ Բարին հենց Ինքն Աստված է»,-նշում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գագիկ սարկավագ Հովհաննիսյանը: Այսպիսով,Աստծո նկատմամբ հավատքը բացարձակ բարու և կատարյալի ձգտումն է:

Հոգևորականի խոսքով` մարդու համար հոգեկան կայուն վիճակ կարող է ապահովվել այն պարագային, երբ նա գտնվում է Աստծո հետ հարաբերության, շարունակական շփման և մեղքերից լիակատար ազատության մեջ: Մարդը երբեք հավատի բացակայություն չի ունեցել, այն պարզապես լռեցվել է մեղքերի պատճառով: «Սուրբ Հոգին մեր ներսում է, ուզենք մենք այդ, թե ոչ: Խնդիրն այն է, թե այդ հոգին մենք որքանով ենք պահում և կրողը դառնում, թույլ տալիս, որպեսզի առաջնորդի մեզ»:

Տերն Ինքն է բնակվում մեր մեջ, և յուրաքանչյուրս հոգու խորքում կարող ենք բացահայտել Աստծո թաքնված գոյությունը: Միաժամանակ, ինչպես նշում է Ս. Գրիգոր Նյուսացին, Աստվածճանաչողությանը միայն ինքնաճանաչողությամբ կարելի է հասնել, քանի որ այն կատարվում է Աստծո պատկերը կրող հոգու միջոցով: Չէ՞որ մարդն առանց որևէ ջանք թափելու ձեռք է բերել սիրելու ունակություն, դիմացինին օգնության հասնելը, բարու արարումը ևս մարդուն տրված են ի սկզբանէ: Անբացատրելի են այն պահերը, որոնք առաջանում են մարդու հոգեկանում`դիմացինի համար որևէ լավ գործ կատարելիս: Եվ, ի վերջո, բնական բարոյական օրենքը ևս տվել է Աստված`«իբրև ժառանգություն բոլոր մարդկանց»,-կարդում ենք ռուս հայրերից մեկի`Պլատոն վարդապետի գրքում:

Ճշմարիտ հավատը սերտորեն կապված է բանականության հետ: Իսկ բանականությունն ինքնին Աստծո պարգևն է, որը կապում է մեզ Տիրոջ հետ և նմանեցնում Նրան, հնարավորություն տալիս զանազանելու իրականությունն ու ճշմարտությունը`կեղծ երևույթներից, կյանքը` մահից, հավիտենականը` անցողիկից և այլն: Միևնույն ժամանակ, «բանականությունն ի զորու չէ, որ մենք լիովին ըմբռնենք Աստծուն» (Գարեգին Ա), այսինքն` իրական աստվածճանաչողությունը բխում է հավատի և բանականության միասնությունից:

Մեզ` հավատացյալներիս համար հավատը դուռ է բացում դեպի Աստված, ցույց տալիս ճանապարհը`հասնելու այն իրականությանը, որից զրկվել ենք ադամական մեղքի պատճառով: Եվ «այն ճշմարտությունները, որոնք ուղղակի կապ ունեն մարդու հոգեկան փրկության ու պայծառացման հետ, ճանաչելի են միայն հավատով. օրինակ`Աստծո գոյությունը, Սուրբ Երրորդության խորհուրդը, Քրիստոսի մարդեղությունը, հավիտենական կյանքը և այլն»,-նշում է Գագիկ սարկավագը:

Սակայն որքանո՞վ է օգտակար մեր հոգուն, երբ հավատում ենք, որ Աստված ճշմարիտ է ու ճշմարտություն, բայց մեր կյանքն ու գործն անհունորեն հեռու են ճշմարիտից: «Հավատքն առանց գործերի մեռած է» (Հակ. Բ 26). այս խոսքերը ցույց են տալիս, որ առ Աստված չենք կարող բարձրանալ մեկ թևով`հավատքով. մեզ պետք է նաև երկրորդը`գործերը:

Իհարկե, հավատքի նավարկությունը զերծ չէ վտանգներից և պատահարներից, ծանր ու դժվարին պահերից, բայց չէ՞ որ ունենք այդ բոլորին հաղթելու հույսն ու միջոցը, որ Աստված Ինքն է, և «արդ, հիշե՛նք Տիրոջ պաշտելի խոսքը խրախուսիչ, թե` «Ամենայն ինչ հնարավոր է նրան, ով հավատում է» (ԲԱՆ Ժ):

Մարիամ Ավետիսյան

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում