Արմեն Սարգսյան․ «Տիկնիկավարը»

Արմեն Սարգսյան․ «Տիկնիկավարը»

* * *

Երազանքը հեռու մի տեղ է,
ուր փողոցներում գեղանկարներ են վաճառում
ու հերթ կանգնում Սանտա Մարիա դել Ֆիորեի համար,
ուր գրականությունը կախված է քաղաքի պատերից
և շրջանաձև պտտվում է կարուսելի ձիերին թամբած…

* * *

Թույլ տվեք ինձ վերջին վանկը արտաբերել խաղաղ.
այն իսկապես խանգարում է ինձ:
Բառերը սպասվածի սկիզբն են:
Պասիվ մտքերը ազատագրում են հրապարակները:
Տառերն անկախ են տողերի հեռավորությունից ներս:
Նրանք հիշողություն չունեն:
Ոչ մի դարաշրջանում չհանգստացած բառերը…
Վիլին ասում էր,
որ կարևորը դրանք տեղին օգտագործելն է:

* * *

Աստվածները մեզ վերածել են ձավարահատիկների,
և մենք պարում ենք մեր ստվերների համար,
որ հանդիպակաց պատին են տեղավորվել:
Մենք պարող բանաստեղծներ ենք
ու բառերում կարող ենք խեղդել ամեն ինչ,
նույնիսկ աշխարհի բոլոր ձավարահատիկները,
որ ունեն հիշողություն:

* * *

Ամեն առավոտ աշխատանքի գնալիս
նարինջներ եմ գնում` մտածելով,
որ ինչ-որ ժամանակ Ֆրեզնոյում
Վիլին ավելի հեշտ կվաճառեր դրանք:

* * *

Մենք երկու բառ ենք
նույն գրքի տարբեր էջերին,
իմ ու քո միջև
մի մատնահետք տարածություն է,
մեզ արդեն տպագրել են,
և ոչինչ փոխել հնարավոր չէ:

* * *

Ես ջութակի լարեր եմ վերանորոգում,
և շատ զոհեր են ընկնում իմ առջև,
ես նրանց սովորեցնում եմ
ուրախություն և հոգատարություն:
Տողերս կապել եմ լուսանցքներին,
և մի տիկնիկ պարում է լարերի վրա
ամենասովորական աղմուկով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում