Ո՞ւր ենք մենք

Ո՞ւր ենք մենք

Երբ առաջին մարդն անկում ապրեց, և այդ լուրը երկինք հասավ, Աստված շտապեց փնտրելու կորուսյալ մարդուն: Ադամն ու Եվան երեկոյան, երբ լսեցին Տեր Աստծո՝ դրախտում շրջագայելու ոտնաձայնը, թաքնվեցին դրախտի ծառերի մեջ: Արդարև, հանցանք ունեցող մարդն է ամաչում երևալ: Բայց աստվածային անճառելի ներողամտությունն Ադամին զղջման հրավիրեց և հնչեց Աստծո ողորմության և սիրո ձայնը. «Ո՞ւր ես Ադամ»: Ուզում է ասել, թե՝ «Ես քեզ անմեղ ստեղծեցի, յոթնարփյան շնորհներով զարդարեցի, այժմ ո՞ւր մնացիր, ինչո՞ւ մերկացար այդ աստվածապարգև փառքից: Ո՞ւր էիր և ո՞ւր հասար»: Եղիշե պատմիչն իր «Մեկնութիւն արարածոց» գործի մեջ ասում է. «Աստված ողբում է՝ ասելով. «Ո՞ւր ես Ադամ», Իր այս հարցումով, կարծես Աստված ուզում է ասել՝ Ադամ, նայիր, ինչ փառքից դեպի ինչպիսի անարգություն ընկար: Երկնայինդ և անմահդ՝ երկրային և մահկանացու եղար: Ոչ դու քեզ խնայեցիր և ոչ էլ Իմ պատկերից պատկառեցիր»: «Ո՞ւր ես Ադամ». դարձի գալու հրավեր է, սթափեցնող հարց, սակայն Ադամը չսթափվեց, չզղջաց, իրեն զղջման շնորհին արժանի չհամարեց և ոչ տեղին պատասխաններ տվեց. «Լսեցի Քո ձայնն այստեղ՝ դրախտում, ամաչեցի, որովհետև մերկ էի և թաքնվեցի» (Ծննդոց 3:10): Ավելին, նա, Եվային մեղադրելով, Աստծո առջև ցանկացավ պատրվակներ բերել. «Այս կինը, որ տվեցիր ինձ, նա՛ տվեց ինձ ծառի պտղից, և ես կերա» (Ծննդոց 3:12): Երկինքն ու երկիրը սկսեցին հեռանալ իրարից. «Աստված դուրս հանեց Ադամին, բնակեցրեց բերկրության դրախտի դիմաց և հրամայեց քերովբեներին ու բոցեղեն սրին շուրջանակի հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները» (Ծննդոց 3:24):

Ադամը երջանիկ էր, բայց իր անհնազանդությամբ ընկավ, և Աստծո հետ իր հարաբերությունը խզելով՝ իրեն և իր սերնդին մեղքի և թշվառության մեջ գցեց. «Մեկ մարդու պատճառով էր, որ մեղքն աշխարհ մտավ, և մեղքի պատճառով էլ աշխարհ մտավ մահը: Եվ այսպիսով, մահը տիրեց բոլոր մարդկանց, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին» (Հռոմ. 5:12): Բայց մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս՝ Երկրորդ Ադամը, փրկիչն ու ազատարարն է բոլոր նրանց, ովքեր ճշմարտապես հավատում են Նրան. «Նրանո՛վ միայն դուք կարող եք փրկվել: Աշխարհում Նա միակն է, որին Աստված տվեց մարդկանց, որպեսզի Նրա անունով մենք կարողանանք փրկվել» (Գործք Առաք. 4:12) և «Ինչպես Ադամից ծնվածները բոլորն էլ մեռնում են, այնպես էլ Քրիստոսից ծնվածները բոլորն էլ կենդանանալու են» (Ա Կորնթ.15:22):

Անցել են դարեր, Աստծո կողմից Ադամին ուղղված հարցը այսօր մեզ էլ է ուղղված՝ ո՞ւր եք մարդիկ: Աստված չի դադարում փնտրելու կորուսյալին, բայց չլինի թե մենք էլ Ադամի նման ոչ տեղին պատասխաններ տանք և անպատասխանատու լինենք մեր արածի համար: Աստված Իր այս հարցադրումով ինչպես Ադամին, այնպես էլ մեզ, հնարավորություն է տալիս ուղղվելու: Իսկ մենք կուղղվենք, թե՝ ոչ, դա արդեն մեր որոշելիքն է, քանի որ մեր Տերը բռնի ուժով չի գրավում մարդկանց սրտերը: Ինչպես Ս.

Օգոստինոսն է ասում. «Աստված քեզ ստեղծեց առանց կամքիդ, բայց առանց կամքիդ քեզ չի փրկում»:

Գայանե Սուգիկյան

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում