USD
EUR
RUB

Սո՛ւրբ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է Սուրբ

 

Արարիչ Աստված Ծնվեց Սուրբ Կույս Մարիամից, ապրեց մեզ հետ, մեր կողքին` առանց մեղքերի, մկրտվեց Հովհաննես Մկրտչի ձեռքով, քարոզեց, օրինակ ծառայեց Իր իսկ կյանքով, չարչարվեց մեր մեղքերի համար, խաչվեց` մեր մեղքերը գամելով Խաչին, և Իր Սուրբ Արյունը հեղեց մեր փրկության համար, մեռավ Խաչի վրա, թաղվեց և երրորդ օրը Հարություն առավ, երևաց աշակերտներին և քառասուներորդ օրը համբարձվեց Երկինք ու պիտի գա Հոր Փառքով` դատելու ողջերին ու մեռելներին:

Սա Ավետարանի և Քրիստոսի Եկեղեցու դավանության առանցքային մասն է: Քրիստոսի Փրկչական առաքելությունը մարդու փրկության համար է, որ նա ստանում է Աստծու Ձեռքից իր հավատքով և դրանից բխած բարի գործերով: Կյանքի հորձանուտում արագ զարգացող այսօրվա աշխարհի աղմուկ-աղաղակը կարծես խլացրել է մարդու ականջները, բթացրել միտքը, սպանել խիղճը, ոչնչացրել հոգին, մարդու կյանքից դուրս մղել փրկության հույսը: Մարդու զգայարանները` պսակված բանական հավատով, որ Աստված պարգևել է իր ստեղծագործությունը հասկանալու, վայելելու և, ինչու ոչ, կատարելագործելու համար, օրինակ (քար-խաչքար), ծառայեցվում են չարին, և ամեն կերպ փորձում են Աստծուն և հենց մարդկայինը հանել մարդու ներաշխարհից և այնտեղ ներմուծել աշխարհը, մեղքն ու չարը: Ինչ է նշանակում «էլեկտրոնային հասարակություն», այդպիսի հասարակություն կարելի է ստեղծել միայն այն մարդկանցից, ովքեր արդեն չեն հավատում, որ «Հոգին է կենդանարար, մարմինը ոչինչ չի կարող անել»: Եվ մենք գնում ենք դեպի այդ հասարակության կառուցում:

Հասարակ մարդիկ այսօր արհեստականորեն կտրված են հավատից, նրանց անհասանելի է գիտությունը, և զուրկ լինելով ինքնաճանաչողական որևէ միջոցից` նրանք խոցելի են: Քրիստոնեությունը երբեք դեմ չի եղել մարդկային բանականությանը, ավելին` առաքյալը հորդորում է. «Ամեն բան քննե՛ք և բարի՛ն ամուր բռնեք»,- և անշուշտ, նա այդ ասում է համոզմունքով, որ քրիստոնեությու՛նն է միակ բարին: Սատանան հասկացավ, որ մարդուն կործանելու համար պետք է նրան կտրի սրբությունից` Եկեղեցուց, պետք է համոզի նրան բաց թողնել Քրիստոսի ձեռքը, այլապես մեղքի կատաղած ալիքներն ինքնին չեն կարող կլանել մարդուն: Չարին իր ծրագիրը հաջողվեց իրագործել լրիվ իր ոճի մեջ. նա ստեղծեց «եկեղեցի»` առանց Քրիստոսի, բայց այդ իրողությունը քչերն ըմբռնեցին: Ի տարբերություն սատանայի «եկեղեցու», որտեղ նա բացահայտ պաշտվում է, այս անքրիստոս «եկեղեցում» նա պաշտվում է, կարելի է ասել, միջնորդավորված` քողարկված, ձևով: Այդ «եկեղեցիներում» ամենաշատն են խոսում Աստծո, Քրիստոսի, Սուրբ Հոգու մասին, սակայն մակաբուծում են անաստվածություն, անհավատություն, պղծություն և ուրացություն: Այդ ամենը հաստատում է հենց միայն այն, որ սրանք ժխտում են Սուրբ Պատարագի ընթացքում օրհնվող նշխարի և գինու իրական գոյափոխությունը, և դա այն դեպքում, երբ Տերն Ինքն է ասում. «Եթե չուտեք Իմ Մարմինը և չխմեք Իմ Արյունը, կյանք չեք ունենա...»: Միայն մեկ օրինակ բավական է` ապացուցելու համար. անգլիկան բողոքական «եկեղեցին» այսօր արդեն մկրտում է կենդանիներին և ամուսնացնում է համասեռամոլներին: Իսկ կանանց ձեռնադրությունները փոքրագույն չարիքն են:

Այս «եկեղեցիների» և հեթանոս կրոնների խաչասերումից ծնվեցին այլազան աղանդները, որոնք ճագարային էնտուզիազմով և պետական լուռ հովանավորչությամբ բազմանում են հատկապես մեր փոքրիկ պետության մեջ:

Հիսուս Իր սրբությունը չկիսեց պատահական մարդկանց հետ, քանի որ «Նա ինքը գիտեր, թե ինչ կա մարդու սրտում, և կարիք չկար, որպեսզի որևէ մեկը ասեր Նրան»: Եվ Ինքն էլ հորդորում էր. «Ձեր սրբությունը մի՛ տվեք շներին և ձեր մարգարիտները մի՛ գցեք խոզերի առաջ, որպեսզի չկոխոտեն և, ետ դառնալով, չպատառոտեն ձեզ»: Հորդորում էր` շեշտելով շների ու խոզերի այն հատկությունները, որոնք արգելակում են նրանց մեջ «սրբանալու» կարողությունը և ձգտումը, «քանզի շունը վերստին դառնում է իր փսխածին, և լվացված խոզը` թավալվելու ցեխի մեջ»:

Նրանք, ովքեր այսօր սրբություն են պահում աշխարհում, աշխարհի սրբությունն են և սրբացնում են աշխարհը, նրանք քիչ են ու մարդկանց աչքին թվում են աննշան` խոզանոցի աղբի մեջ թաղված մարգարիտի նման, սակայն դժվար չէ հասկանալ, որ աղբի մեջ, թե թագուհու պարանոցին` մարգարիտը նույն մարգարիտն է, որի արժեքի մասին աղբը կամ խոզը զուրկ են որևէ պատկերացումից:

Այսօր չարը գործում է նրա՛նց միջոցով, ովքեր «մեր մեջ էին, սակայն ելան մեր միջից, որովհետև մեզնից չէին, քանզի եթե մեզնից լինեին, մեր մեջ էլ կմնային»: Նրանք ելան Սրբության հանդիմանությունից` զինվելով Նրա դեմ արդեն տանուլ տված պատերազմում:

Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Աղբյուր՝ Irates.am

Լրահոս
Ռազմիկ Դավոյան. Ինձ էլ աշխարհից մի բան հասավ «Մինչև ե՞րբ պիտի գամված մնաս, ո´վ ծույլ․․․» Սաղմոս ՃԽԲ Հին Թիֆլիսի երգիչը ՀՀ տարածում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը փաստագրել է մոտ 100 վիշապաքար Համո Սահյան. Անձրև Վահագն Դավթյան. Անի Ապահովություն Զրույց «ոչնչի» շուրջ Մահացել է «Ոսկե գլոբուս»-ի կազմակերպիչ Լորենցո Սորիան «Հացի բազմացումը» տեսարանի պատկերագրական դրսևորումը Եղիշե Չարենց․ Մայրամուտներ Պարույր Սևակ․ Անակնկալ հայտնագործություն Երբ փրկությունը սերն է. Լիլյա Մուկուչյանի դերակատարմամբ ներկայացումը կցուցադրվի «Արմմոնո» փառատոնին Քարոզչություն «Առնո Բաբաջանյանը» ոչ թե ախտահանվել, այլ արտաքինից մաքրվել է Վիեննայի օպերան Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է արվեստում ունեցած ներդրման համար Ռազմիկ Դավոյան. Արարչություն Հայաստանում հնչեցին Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Վստահություն Սրբին մեծարելը նրան ընդօրինակելն է Հավատարմություն Հպարտությունն ու խոնարհությունը Արմենուհի Սիսյան․ «Փախուստ ծառերի մոտ» Մհեր Բեժանյան. Հաճույքի թռչուն Էրմիտաժը սկսել է խմբային էքսկուրսիաներ անցկացնել Ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի և կտեսագրի Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները Հայ ճարտարապետների ամառային կինոթատրոնը՝ Մոսկվայի «Гараж» ժամանակակից արվեստի կենտրոնում Գթասրտություն Հնագետ Գրիգոր Արեշյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով խոսել է Հյուսիսային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդների հետ Սաղմոս ՃԽԱ Հովհաննես Հովհաննիսյան․ Հայ զինվորին Ծաղկաթերթեր Դերասանի մենախոսություն կյանքի իմաստի մասին. «Հեռագիր»-ը ցուցադրվեց «Արմմոնո» փառատոնին Կյանքի արվեստ. Սեռական դաստիարակության խնդիրը Կորյուն Առաքելյան. Բանաստեղծություններ Սամվել Մարգարյան․ Բանաստեղծություններ Մեզ հրամցված է մի չափորոշիչ, որն առանձին անձանց քմահաճույքի արդյունք է. Տեր Սարգիս Netflix-ը «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել
website by Sargssyan