«Ողբ առ Քրիստոս» տեսարանի պատկերային արտահայտությունը

«Ողբ առ Քրիստոս» տեսարանի պատկերային արտահայտությունը

Քրիստոնեական արվեստում պատկերագրական ուրույն ձև են ներկայացնում Քրիստոսին խաչից իջեցնելը պատկերող նկարները, ուր Տիրամայրը ողբում է իր Որդու մահը: Աստվածամայրը ներկայացվում է հատուկ հուզականությամբ: Նա շրջապատված է սգացող ու ողբացող կանանցով: Տիրամոր ողբը ներկայացնող նկարներում գլխավոր գործող անձինք տղամարդիկ են՝ Հովսեփն ու Նիկոդեմոսը, նրանք են Խաչյալին իջեցնում խաչից: Այստեղ է նաև Տիրոջ սիրելի աշակերտը՝ Հովհաննեսը: Միջնադարյան վարպետների նկարներում Տիրամայրը պատկերվում է կամ Հիսուսի ձեռքը համբուրելիս, կամ Փրկչի վրա հակված: «Ողբ առ Քրիստոս» պատկերաշարում Մարիամ Մագդաղենացին պատկերվում է Հիսուսի ոտքերը գրկած, կամ համբուրելիս, որն ունի իր խորհրդաբանական իմաստը. նա զղջման մարմնավորումն է և խաչից իջեցված Քրիստոսի առջև խորհրդանշում է մեղքից հրաժարվելն ու դարձն առ Աստված:

Զաքարիա Աղթամարցու 1377 թ-ին նկարազարդված և այժմ Երևանի Մատենադարանում պահվող ձեռագիր Ավետարանում «Ողբ»-ը հետևյալ կերպ է պատկերված. Խաչից իջեցված Փրկչի վրա խոնարհվել են Հովհաննես ավետարանիչը, Հովսեփ Արիմաթացին և Տիրամայրը: Ներքևում պատկերված է Արիմաթացու Քրիստոսի մարմինը վերցնելու համար Պիղատոսին դիմելու դրվագը:

Ինքնատիպ է Վարպետ Մոմիկի «Ողբ առ Քրիստոս» կոմպոզիցիան, նկարիչն այն կառուցել է յուրօրինակ ձևով: Մանրանկարում հանգուցյալին ողբալու տեսարան է, ուր վշտացող մարդկանց մի ոչ մեծ խումբ խոնարհվել է Քրիստոսի մարմնի վրա: Կոմպոզիցիայի կենտրոնում Որդուն հրաժեշտ տվող Տիրամայրն է, որ նստել է Նրա սնարին: Նա թեքվել է, հայացքը հառել Որդու անկենդան ու խաղաղ դեմքին: Նկարը ինքնուրույն ֆիգուրների չի տարրալուծվում, նրանք, ընդհակառակը, կապված են միասնական դրամատիկական հանգույցով: Այստեղ բացակայում է կոմպոզիցիայի հավասարակշռությունը, բայց այն ռիթմիկ է և անընդհատ հակվում է իմաստային կենտրոնի կողմը: Այստեղ եզրափակիչ կետը գերեզմանն է և Քրիստոսի մարմինը: Երկրորդ պլանում Տիրամայրն է, Նիկոդեմոսը, Հովսեփ Արիմաթացին և Մարիամ Մագդաղենացին: Երկու խումբն էլ տեղադրված են պատի ֆոնին, որի վրա սավառնում են երկու հրեշտակ: Այս մանրանկարը աչքի է ընկնում պարզորոշ արտահայտված հորիզոնական կառուցվածքով: Բնորոշ ու գերակշռող գույնը մուգ կանաչն է:

Իտալական վերածնության նշանավոր վարպետ Ջոտտոյի 1304 թ-ին Պատուայում կատարած որմնանկարում Տիրամայրն ասես իրեն ողբակցելու է հրավիրում երկնքին ու երկրին, երկնային լուսատուներին և հրեշտակներին, ովքեր ինչպես նրանց կեցվածքից ու ձեռքերի դիրքերից է երևում, ավանդական օրհներգության փոխարեն վշտակցում են Տիրամորը: Ջոտտոյի այս որմնանկարում կանանցից յուրաքանչյուրը իր վիշտը յուրովի է արտահայտում, իսկ Հովսեփն ու Նիկոդեմոսը կանգնած են լուռ ու հոգնաբեկ:

«Ողբ»-ի պատկերագրական առանձին տեսակ են կազմում այն պատկերները, որոնցում Քրիստոս Տիրամոր գրկում է ու դեռևս գետնին կամ սեղանին չի դրվել: Քրիստոսի մարմնին որպես պատվանդան է ծառայում Տիրամայրը: Նրանց առջև խոնարհված է Հովհաննես ավետարանիչը, իսկ Հովսեփն ու Նիկոդեմոսը պահել են Փրկչի ոտքերը: Տիրամայրն իր բացված ծնկների մեջ է առել պատանված Որդուն, որպեսզի այն չդրվի հողին: Հնագույն ըմբռմամբ հանգուցյալին գետնին կամ սեղանին դնելը խորհրդանշում էր նրան հողին հանձնելու մտքի հետ համակերպվելը: Ուստի պատկերագրական այս տեսարանը ներկայացնում է չհամակերպվող ողբը:

Եվրոպական արվեստում առանձնանում է իտալական բարձր վերածնության շրջանի գլխավոր ներկայացուցիչներից Տիցիանի վրձնած կտավը (1576թ), ուր Տիրամոր ողբը հետևյալ կերպ է ներկայացվում. տեսարանը թաղված է խոր և մթին գիշերվա մեջ՝ ստեղծելով ողբերգական մի հանդիսավորություն, ուր ջահերի լույսն իսկ գերեզմանային անկենդան մի սառնությամբ է փայլում՝ ակնարկելով մոտալուտ գերեզման դրվելը: Տիրամոր վշտահար հայացքն ուղղված է իր գրկում հանգչող Որդուն, իսկ Մարիամ Մագդաղենացունը՝ աշխարհին, որի անկենդան սառնությունը նա փորձում է ցրել որպես բողոքի նշան վեր պարզած ձեռքով: Մագդաղենացու ուսն ի վար տարածվում են նրա երկար մազերը, դրանք փայլում են ոսկյա թելերի պայծառությամբ, քանի որ նարդյան յուղով օծեցին և սրբեցին Տիրոջ ոտքերը Փրկչի երկրային կյանքի մայրամուտին:

Կազմեց Գայանե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում