Կարծախում նշվել է Ջիվանու օրը

Կարծախում նշվել է Ջիվանու օրը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Սամցխե-Ջավախքի Կարծախ գյուղում հուլիսի 20-ին նշվել է Ջիվանու օրը։ Տոնական օրը մեկնարկել է Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցում՝ Սուրբ պատարագով, որից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել Ջիվանու արձանի առջև և շրջայց կատարել աշուղ Ջիվանու տուն-թանգարանում։ Համերգին ելույթներ են ունեցել ՀՀ Հանրային ռադիոյի «Սայաթ Նովա» անսամբլը, Ախալքալաքի Մշակույթի տան «Ջիվանի» անսամբլը և այլք։

Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ միջոցառմանն մասնակցել է դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության դիվանագետները։ Դեսպան Սադոյանը աշուղ Ջիվանու տուն-թանգարանին է նվիրել վիրահայ հայտնի նկարիչ Թենգիզ Միկոյանցի նկարը։

Հայ մեծ աշուղ, ժողովրդական երգիչ Ջիվանին (Սերովբե Ստեփանի Լևոնյան, 1846 մարտի 5 – 1909 մարտի 19) ծնվել է Ջավախքի Կարծախ գյուղում, Բանգոյանների հայտնի գերդաստանում և շուրջ 18 տարի (մինչև 1864 թ.) ապրել իր հայրենի գյուղում, որտեղ աշակերտել է Ջավախքի մեծանուն աշուղներից մեկին՝ Սիայուն: Երկու տարվա ընթացքում պատանին այնպիսի առաջադիմություն է հանդես բերում, որ նույնիսկ դառնում է իր վարպետի մրցակիցը։ Վարպետը հայրաբար օրհնում է իր սանին և անունը դնում Ջիվանի։ Գյուղից հեռանալուց հետո Ջիվանին մեկ տարի ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում, այնուհետև՝ Ալեքսանդրապոլում, իսկ 1895 թ. անվանի աշուղը կրկին վերադառնում է Թիֆլիս, որտեղ անցկացնում է իր կյանքի վերջին տարիները: Հայրենի գյուղում աշուղ Ջիվանին վերջին անգամ եղել է 1908 թվականին: Աշուղ Ջիվանին բնորոշվում է որպես «հայ աշուղական արվեստի Մաշտոց»: Գաղտնիք չէ, որ մինչ Ջիվանին հայ աշուղները մեծամասամբ ստեղծագործել են օտար լեզուներով: Ջիվանիով հայացավ հայ աշուղական արվեստը: Աշուղի երկրորդ պատվավոր բնորոշումն է «հայ աշուղական երգարվեստի Կոմիտաս»: Այստեղ էլ պետք է փաստել, որ աշուղական ստեղծագործությունները Ջիվանիով մաքրվեցին արևելյան ելևէջումներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում