Գրողների միությունը Օքրո Օքրոյանի ութսունամյա հոբելյանը նշեց գրական- գեղարվեստական ցերեկույթով

Գրողների միությունը Օքրո Օքրոյանի ութսունամյա հոբելյանը նշեց գրական- գեղարվեստական ցերեկույթով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրող, գրականագետ, մանկավարժ Օքրո Օքրոյանը, որը մի շարք բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, այս տարի կդառնար ութսուն տարեկան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի գրողների միությունը, կարևորելով նրա դերը հայ գրականության մեջ, գրողի ծննդյան օրը` հուլիսի 25-ին, ցերեկույթով նշեց Օքրոյանի հոբելյանը:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ գրողներն իրենց ծննդավայրերը, շրջապատը վերածում են հոգու քարտեզի` գրականության, և դրանց հետ կապված վառ տպավորություններն ու հիշողությունները թողնում են պատմությանը: Նա անդրադարձավ Օքրոյանի «Ջավախք» խորագրով գրքին ու նշեց, որ դրանում ամփոփված են հեղինակի բանաստեղծություններն իր ծննդավայրի` Ջավախքի մասին: «Օքրոյանի ստեղծագործություններում լոկ բնապատկերների նկարագրություններ չեն. ամեն բանաստեղծություն՝ լինի սարերի, գետերի, լճերի, ծաղիկների, իր հայրենի գյուղի, թե այլ բանի մասին, ինքնատիպ է: Օքրոյանն իր գործերում ներկայացնում է իր գյուղի պատմությունը, անցյալն ու ներկան, ավանդույթները` հենվելով պատմական աղբյուրների, լեգենդների վրա»,- շեշտեց Միլիտոնյանը:

Նա նշեց, որ հայկական գյուղերը պատմական արժեքներ են, և դրանց հետ կապված պատմությունները գրականության վերածելը խիստ անհրաժեշտություն է:

Միլիտոնյանը խոսեց նաև «Օքրո Օքրոյան» գրական հիմնադրամի մասին ու շեշտեց, որ այն մեծ նպաստ է ունեցել գրական մարաթոնների իրականացման գործում, և միությունը երախտապարտ է հիմնադրամին և այն մարդկանց, որոնք մշտապես աջակցում են իրենց:

Գրականագետ Արմեն Ավանեսյանի խոսքով` արդի հայ գրականությունը` մասնավորապես, պոեզիան, բազմազան ու բազմաձայն է, սակայն գրականության առաքելությունը մեկն է` աշխարհն արտացոլել մարդկային խղճի մտոք, և բանաստեղծն այն երկբևեռ աչքն է, որ տեսնում է գոյություն ունեցողն ու տալիս իր գնահատումը: «Օքրո Օքրոյանի բանաստեղծությունն անընդհատ այդ երկու բևեռների միջև է: Նրա համար խիստ կարևոր է հոգևոր արժեքը և գրողը. հոգով, մտքով կապված լինելով մարդուն՝ ձգտում է նրա հետ կիսել իր ներաշխարհի տագնապները, խոհերը, աշխարհի մասին պատկերացումները»,- նշեց գրականագետը:

Ավանեսյանը նկատեց, որ Օքրոյանի բանաստեղծությունները յուրատիպ են իրենց բնապաշտական, մարդասիրական, հավատքի, զգայական, գեղագիտական ըմբռնումներով։

Միջոցառման շրջանակում Օքրոյանի ստեղծագործություններից հատվածներ ընթերցեցին դերասանուհի Գայանե Սամվելյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Սիլվա Յուզբաշյանն ու Դավիթ Հակոբյանը, դերասան Արթուր Ղալումյանը:

Երաժշտական կատարումներով հանդես եկան գրող, երգահան Արսեն Համբարյանը և «Գեղարդ» երգեցիկ խումբը:

Օքրո Օքրոյանը ծնվել է 1939 թվականի հուլիսի 25-ին Ախալքալաքում: Նա սովորել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագիտության և Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի քիմիա-կենսաբանական ֆակուլտետներում։

Լույս է ընծայել «Հանդիպում ուղեծրում», «Շուշանաց հովիտը», «Աստված սեր է» բանաստեղծությունների ժողովածուները, «Լեռան զանգեր» վեպը։

2004 թվականին Երևանի Էրեբունի վարչական շրջանի գրադարանն անվանակոչվել է Օքրո Օքրոյանի անունով։ 2007-ին Երևանում հիմնադրվել է «Օքրո Օքրոյան» գրական հիմնադրամը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում