Մնացականյանն անդրադարձել է Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցու շուրջ կատարվող իրադարձություններին

Մնացականյանն անդրադարձել է Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցու շուրջ կատարվող իրադարձություններին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Կուկիո կոչվող թաղամասում գտնվող Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցու շուրջ կատարվող իրադարձություններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանը լրագրողների հետ զրուցել է Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում:

«Մեզ համար շատ էական է, որ մենք պահպանենք այս հարցի հանգուցալուծումն այնպես, որ մեր երկխոսության շրջանակում թույլ չտանք որևէ զարգացում, որը խնդիրներ ստեղծի, խորացնի կամ բարդություն դառնա մեր ժողովուրդների հարաբերությունների մեջ։ Այստեղ, իհարկե, մենք ունենք դերակատարություններ, որ ավելի լայն կոնտեքստում մեզ անհրաժեշտ է ուղղակի իմանալ՝ ինչպես կառավարել խնդիրները, որպեսզի մենք կարողանանք պահպանել ժողովուրդների և պետությունների միջև երկխոսությունը` առանց խորացնելու որոշ բարդություններ»,- ասել է նախարարը:

Վիրահայոց թեմը դատարան ներկայացրած հայցով պահանջել է Թանդոյանց եկեղեցին վերադարձնել Վիրահայոց թեմին, քանի որ եկեղեցու հայկական լինելը ոչ մի կասկած չի հարուցում և բոլոր փաստերով, արխիվային նյութերով ապացուցված է: Թեմը դատը տանուլ է տվել է:

2017 թ. ապրիլին Վրաց պատրիարքարանի քարտուղար Բոթքովելին դիմել է Վրաստանի հուշարձանների պահպանության և վերականգնման գործակալություն՝ Թանդոյանց եկեղեցու մասին տեղեկություններ ստանալու: Գործակալությունը կեղծ փաստաթուղթ է ներկայացրել, թե իբր այդ եկեղեցին նախկինում եղել է վրացական, որի հիման վրա էլ այն փոխանցվել է վրաց պատրիարքարանին որպես սեփականություն:

Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է Թբիլիսիի Կուկիո կոչված թաղամասում, այն կառուցվել է 19-րդ դարում: Մինչև խորհրդային տարիները գործել է որպես Հայ առաքելական եկեղեցի, հետո վերածվել է կինոթատրոնի:

Կուկիո թաղամասում, մինչ Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցու հիմնադրումը, գործել է Սբ. Աստվածածին անվամբ Հայ առաքելական եկեղեցին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում