Պայծառակերպության պատկերագրական խորհուրդը

Պայծառակերպության պատկերագրական խորհուրդը

Տնօրինական պատկերաշարում առանձին կարևորություն ունի Պայծառակերպման դրվագը: Սա պատճառաբանվում է դրվագի հայտնութենական և աստվածաբանական իմաստի առանձնահատկությամբ: Աստվածհայտնության խորհրդի դրսևորումը տեղի ունեցավ Թաբոր լեռան վրա: Պայծառակերպության խորհրդին ներկա էին Մովսես և Եղիա մարգարեները, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալները: Հիսուս, Կանայի հարսանիքում ջուրը գինու փոխելով, ցույց տվեց Իր աստվածային զորությունը, իսկ Թաբոր լեռան վրա պայծառակերպվելով՝ Իր փառքն ու լույսը: Պայծառակերպության մասին գրում են Մատթեոս, Մարկոս և Ղուկաս ավետարանիչները՝ ասելով, թե. «Հիսուս իր հետ առնելով Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալներին լեռն է բարձրանում և պայծառակերպվում աշակերտների առջև»: Ինչպես Մատթեոս ավետարանիչն ասում է. «Նրա երեսը լուսավորվեց արեգակի նման և Նրա հանդերձները սպիտակ դարձան լույսի պես»: Այդ ժամանակ հայտնվում են Մովսեսն ու Եղիան և սկսում խոսել Տիրոջ հետ, ապա լուսավոր մի ամպ է գալիս, որից հնչող ձայնը, ինչպես մկրտության ժամանակ, ասում է. «Դա է Իմ սիրելի որդին, որին հավանեցի, նրան լսեք»: Այդ ձայնից աշակերտները խիստ վախենում են և դեմքի վրա գետին ընկնում: Հիսուս մոտենալով նրանց ասում է. «Վեր կացեք և մի վախեցեք»: Երբ առաքյալները բացում են իրենց աչքերը, Հիսուսից բացի ուրիշ ոչ ոքի չեն տեսնում: Լեռան բարձունքից իջնելիս Հիսուս նրանց պատվիրում է մարդկանց ոչինչ չասել մինչև մեռյալներից Իր հարություն առնելը:

Քրիստոնեական արվեստում Պայծառակերպության հնագույն պատկերները հայտնի են 6-րդ դարից: Հայկական արվեստում դա Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու որմնանկարն է (921թ.), իսկ մանրանկարչության մեջ Պայծառակերպության տեսարանի մեզ հասած առաջին պատկերները զետեղված են 11-րդ դարի նկարազարդ Ավետարաններում:

Պայծառակերպության պատկերների կենտրոնում պատկերված է Քրիստոս, աջ և ձախ կողմում՝ Եղիա և Մովսես մարգարեները, նրանց ներքևում՝ Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալները: Երբեմն պատկերվում են հարակից տեսարաններ՝ լեռ բարձրանալը, լեռից իջնելը, Հիսուսի զրույցն աշակերտների հետ: Հիսուս պատկերվում է ձվածիր կամ կլոր մանդոռլայի մեջ կանգնած, որը խորհրդանշում է աստվածային փառքը և լույսը: Իսկ շրջանակի կապույտից սպիտակի փոխվող երեք նրբերանգները խորհրդանշում են Սուրբ Երրորդությունը: Պայծառակերպման վայրում աստվածության, այն է՝ Ս. Երրորդության դրսևորումը բացառում է այսրաշխարհային չափումների՝ տարածքի և ժամանակի առկայությունը: Այն տարածքից և ժամանակից դուրս վերապատմական իրողություն է, ուր, իբրև հայտնության հպանցիկ մի պահ, դրսևորվում են աստվածությունն ու նրա բնէության անքակտելի պարունակը՝ արքայությունը: Սակայն, որպեսզի առաքյալները հաղորդակցվեին Փառքի լույսին և Աստծո արքայությանը և այդ հաղորդակցման հետևանքով չմեռնեին («Դու չես կարող տեսնել իմ երեսը, որովհետև մարդ չի կարող տեսնել իմ երեսն ու կենդանի մնալ». Ելք 33:20), նրանք, որպես անդրանցական իրականության գերհզոր դրսևորումներ, պետք է տեսնելու շնորհ ստացած առաքյալներին ներկայանային աննյութեղեն թաղանթի մեջ պարուրված: Այդ թաղանթի մասին է ակնարկում Եղիշեն. «Եւ տաղաւարս հարկանել դուք մի աշխատիք, եթե կարի ջերառուք, ահա տուեալ է ձեզ ամպ հովանի» խոսքով, ուր «տաղավար»-ը, ելնելով նրա բառարանային մի քանի նրբիմաստներից, նշանակում է նաև «խորան», «հովանի»: Մանրանկարչության մեջ առհասարակ տաղավար-փառապսակը եզրավորված է լույսի շերտավոր երեք ոլորտներով, որոնք, ըստ Գրիգոր Պալամայի բացատրության, լույսի երեք ճառագայթների հետ միասին վկայում են Սուրբ Երրորդության ներկայության մասին: Այսօրինակ բացատրությունների վրա է հիմնված մանրանկարչության մեջ Պայծառակերպման հորինվածքը: Լույսի գաղափարը երբեմն արտահայտվում է ճերմակ կամ ոսկեգույն ձվաձև խորանի (փառապսակի) մեջ Քրիստոսի պատկերումով:

Նշանակալի է, որ որոշ օրինակներում Հիսուս ներկայացվում է անմորուք պատանու տեսքով, որով ընդգծվում է Նրա այլակերպությունը, կերպարանափոխվելը, օրինակ ՝ Մոմիկի նկարում: Նման մեկնաբանությունը հիմնված է Մատթեոսի և Ղուկասի ավետարանների տվյալների վրա: Առաջինի մոտ ասվում է. «Այնտեղ Հիսուսը կերպարանափոխվեց նրանց առաջ. Նրա դեմքն արեգակի նման պայծառ դարձավ, և Նրա զգեստները լույսի նման սպիտակ եղան» (Մատթեոս 17:2), իսկ Ղուկասի ավետարանում ասվում է. «Եվ մինչ աղոթում էր, նրա դեմքը այլակերպվեց, և նրա հագուստը փայլուն-սպիտակ գույն ստացավ» (Ղուկաս 9:29): Արևմտյան արվեստում Հիսուս ներկայացվում է գետնից կտրված:

Պայծառակերպության լուսավոր ամպը, որից հնչեց հայրական ձայնը, մանրանկարիչները ներկայացնում են մկրտության տեսարանի երկնքից վար պարզված աջի նման:

Թաբոր լեռը հաճախ պատկերվում է երեք գագաթներով, որոնցից կենտրոնականին Քրիստոս է, իսկ մյուս երկուսը թեքվել և ասես խոնարհվել են նրա վրա կանգնած Հիսուսի առջև: Մովսես և Եղիա մարգարեները պատկերվում են Հիսուսից աջ և ձախ կանգնած (երբեմն՝ հակառակ դասավորությամբ): Եղիան պատկերվում է ծեր, անապատականին բնորոշ խռիվ մազերով և մորուսով, առանձին դեպքերում մի գիրք բռնած, որը խորհրդանշում է նրա մարգարեությունը: Իսկ Մովսեսը սովորաբար պատկերվում է երիտասարդ: Վաղ օրինակներում նրա ձեռքին ևս գիրք է պատկերված, իսկ ավելի ուշ գրքին փոխարինում են օրենքի տախտակները:Մովսեսը երիտասարդ է պատկերվում, համաձայն Սուրբ Գրքի այն խոսքերի, որ, թեև 120 տարեկանում մահացավ, սակայն ոչ տեսողությունն էր վատացել և ոչ էլ դեմքը խորշոմել: Մովսեսին այսպես պայծառ և առույգ պատկերելու պատճառը նաև այն է, որ երբ նա Տիրոջից տասնաբանյան ստացած Սինա լեռից իջնում է Տիրոջ հետ խոսելու պատճառով, երեսը ճառագում էր և այսպես ամեն անգամ Մովսեսի դեմքը ճառագում էր Տիրոջ հետ խոսելուց հետո: Մովսեսը երբեմն պատկերվում է պատանքված՝ խորհրդանշելով, որ եկել է մեռյալների աշխարհից: Այս մասին միջնադարյան մեկնություններում ասվում է, որ աշակերտների առջև Հիսուս Մովսեսին բերեց մեռյալների աշխարհից: Եղիայի համար ասվում է, որ նրան բերեց ողջերի աշխարհից, որովհետև ինչպես Թագավորաց 4-րդ գրքում է պատմվում, Եղիան անապատում երկնային կառքով երկինք փոխադրվեց և այնտեղ ողջ է մարմնով: Ըստ եկեղեցու հայրերի՝ Աստված Մովսեսին երկրից բերեց և Եղիային երկնքից, որ ցույց տա, թե Տերն է երկնքի ու երկրի, կենդանիների և մեռյալների: Մովսեսը խորհրդանշում է Օրենքը, իսկ Եղիան մարգարեությունները և Քրիստոս նրանց բերեց ցույց տալու համար, որ Ինքն է լրումը Օրենքի և մարգարեությունների: Ռուսական օրինակներում Մովսեսին և Եղիային Թաբոր լեռ են բերում հրեշտակները, իսկ արևմտյան օրինակներում երբեմն մարգարեները ծնկած աղոթում են:

Նրանցից ներքև երեք աշակերտներն են՝ Պետրոսը, Հովհաննեսը և Հակոբոսը, որոնք հիմնականում ներկայացվում են երկու պատկերագրական տարբերակով՝ աստվածատեսական (երբ աշակերտները շփոթված ու ապշահար են, որն արտահայտվում է նրանց մարմնի դիրքով՝ ընկած, ձեռքերով դեմքերը ծածկած) և աստվածապաշտական (երբ աշակերտները պատկերվում են ծնրադիր աղոթքի պահին): Արևմտյան օրինակներում առաքյալները ներկայացվում են քնած կամ անգիտակից վիճակում: Հայկական արվեստում առաքյալները տարբեր ձևերով են արձագանքում կատարվածին և նրանց կեցվածքում արտացոլվել են նրանց բնավորությունների առանձնահատկությունները: Պետրոսը թեև ցնցված ու ապշած է, սակայն չի կորցնում ինքնատիրապետումը, ծնկած, բայց սևեռուն հայացքով նայում է Մովսեսի և Եղիայի հետ զրուցող Հիսուսին: Քանի որ Պետրոսը առաքյալներից ամենատարեցն էր, միշտ պատկերվում է սպիտակամորուս, սովորաբար մի ձեռքով երեսը ծածկած, սակայն հայացքը Տիրոջը, զարմանք և հիացմունք արտահայտող ինքնատիրապետմամբ: Տպավորվող, հոգով երիտասարդ Հովհաննեսին ցնցել է տեղի ունեցածը: Նա ընկել է գետնին և ծածկել աչքերը՝ չկարողանալով տանել կուրացուցիչ լույսը: Հակոբոսին ևս ցնցել է տեղի ունեցածը: Նա ծնկել է այնպես, որ թվում է, թե գետնին է ընկնելու, սակայն միաժամանակ ձգտում է նաև, թե ի՞նչ է տեղի ունենում այնտեղ՝ լեռան վրա: Մի ձեռքով հենված է գետնին, մյուսով աչքերն է պաշտպանում լույսից: Միջանկյալ այս վիճակն արտահայտվում է նաև մի աչքը փակելով և մյուսով նայելով, որը նշան է միաժամանակ թե՛ շփոթության և թե՛ ինքնատիրապետման:

Ավետարանի՝ «Ահա մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ» խոսքերի հետևողությամբ 16-րդ դարից և հատկապես Ռաֆայելի «Քրիստոսի պայծառակերպությունը» հռչակավոր գործից հետո արևմտաեվրոպական արվեստում Քրիստոս սկսում է պատկերվել ոչ թե լեռան վրա, այլ լուսաշող ամպերում թևածելիս: Ավետարանիչները գրում են, որ երբ Հիսուս վայր է իջնում, ներքևում տեսնում է աշակերտներին մարդկանց բազմության մեջ խռնված: Այդ բազմության մեջ կար մի մարդ, որ իր հիվանդ երեխայի համար բուժում էր խնդրել Հիսուսի աշակերտներից, բայց նրանք չէին կարողացել բուժել: Նույն խնդրանքով, որպես իր վերջին հույս և ապավեն, հայրը դիմում է նաև Հիսուսին: Ռաֆայելն իր գործում ներառել է նաև այս պահը: Կառուցվածքային առումով պայծառակերպության դասական պատկերներում, եթե վերին մասում Հիսուս է, Եղիայի ու Մովսեսի հետ, ապա այստեղ պատկերի վերին մասում, պատկերված է բուն պայծառակերպությունը, իսկ ներքևում լուսնոտ երեխայի պատմությունը, որով պատկերի վերին մասը խորհրդանշում է աստվածայինը, իսկ ներքևինը՝ երկրայինը, ինչը ստեղծում է շեշտված մի հակադրություն: Վերևում քննվում են անհաս խորհուրդներն ու գաղտնիքները, իսկ ներքևում անզորությունն է իրենց հիվանդ երեխայի առջև: Ռաֆայելի այս գործն ասես պատկերային վերարտադրություն լինի Ղուկասի ավետարանի այն հատվածի, որում լուսնոտ երեխայի հայրը դիմելով Հիսուսին, ասում է. «Վարդապե՛տ, աղաչում եմ, նայիր իմ որդուն, միա՛կ զավակս է: Չար ոգին բռնում է նրան և հանկարծ գոռալ է տալիս, գետին է խփում, թավալեցնում, բերանը փրփրեցնում և նրան խորտակելուց հետո դժվարությամբ է հեռանում նրանից: Ես Քո աշակերտներին խնդրեցի, որ հանեն չար ոգին, բայց նրանք չկարողացան» (Ղուկաս 9:38-40): Այսպիսով Ռաֆայելի մտահղացմամբ, ներքևում հոգսն է, կարիքն ու տառապանքը, իսկ վերևում՝ երկնքի լուսեղեն ամպերում Նա է, Ով ապավենն է ներքևում գտնվողների:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Պայծառակերպության տոնը նշում է նաև Վարդավառ անվանումով: Տաթևացին վարդի տոնը կապում է պայծառակերպության հետ հետևյալ զուգահեռով. «Ինչպես որ վարդն է կոկոնի պատյանում ծածկված մնում մինչև բացվելը, այնպես և Տերը մինչև պայծառակերպությունը աստվածության պայծառությունը կրում էր իրենում ծածկյալ կերպով, և ինչպես որ կոկոնի բացվելով՝ վարդը երևում է բոլորին, այնպես էլ Քրիստոս պայծառակերպությամբ հայտնի է դարձնում Իր աստվածության մասին»:

Կազմեց Գայանե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում