Դիցաբանական հերոսի ողբերգությունը թունելում. «Նրանց քույրը» պիեսը հետաքրքիր մեկնաբանությամբ

Դիցաբանական հերոսի ողբերգությունը թունելում. «Նրանց քույրը» պիեսը հետաքրքիր մեկնաբանությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլանդացի դրամատուրգ Լոտ Վեկեմանսի «Նրանց քույրը» պիեսի հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը, որը հին հունական դիցաբանության հայտնի կերպարներից մեկի` Իսմենեի մենախսությունն է իր անցած ճանապարհի, բացթողումների, կայացրած սխալ որոշումների մասին, հուլիսի 30-ին ցուցադրվելու է Մանկական երկաթուղու երկաթգծի թունելում դերասանուհի Նորա Բադալյանի կատարմամբ։

Կազմակերպիչների աջակցությամբ թատերասերներին անվճար թունել է հասցնելու գնացքը, որը տեղակայված է թունելին կից այգում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ պիեսը բեմադրելու առաջարկն արել է Նարինե Գրիգորյանը: «Հավանեցինք այն, սկսեցինք աշխատել թարգմանության վրա: Լոտ Վեկեմանսը քմահաճ անձնավորություն է, և բավականին բարդ էր բեմադրության հեղինակային իրավունք ստանալը»,-ասաց Բադալյանը:

Անդրադառնալով հերոսուհուն` դերասանուհին նշեց, որ Իսմենեն Թեբեի արքա Էդիպի դուստրն է, որը տանջվում է, երբ ընտանիքի բոլոր անդամները մեռնում են:

«Նա իրեն մեղադրում է, որ ժամանակին չի կարողացել ճիշտ որոշում կայացնել: Այս պիեսում ընտրություն կատարելու հարցն է շոշափվում, ընտրություն, որը յուրաքանչյուրիս կյանքում էական նշանակություն ունի»,-շեշտեց դերասանուհին:

Խոսելով մոնոներկայացումների յուրատիպության մասին` նա ասաց, որ այն ունի իր հանդիսատեսը: «Կան թատրոններ, որոնց խաղացանկում ընդգրկված են մոնոներկայացումներ, բայց այս թատերական ժանրը, ըստ իս, փառատոնային է: Ես ութ տարի խաղում եմ մոնոներկայացումներում, և դրանք հիմնականում մատուցում եմ տարբեր փառատոների ժամանակ: Հատկապես երիտասարդների շրջանում մոնոներկայացումը շատ պոպուլյար է դարձել: Այն բավականին բարդ է, և դերասանը պետք է կարողանա հանդիսատեսի ուշադրությունը պահել գոնե երեսուն րոպե»,-ընդգծեց Բադալյանը:

Երիտասարդ ստեղծագործող Հռիփսիմե Շահինյանը, որը բեմադրության հեղինակն է, կարևորել է ներկայացումը թունելում խաղալու գաղափարն ու պատմել, որ այդ միտքն առաջացել է փորձերի ժամանակ: «Պիեսն ընթերցելիս հերոսին տեսա երկու նեղ պատերի արանքում սեղմված, զուրկ աջ կամ ձախ գնալու հնարավորությունից. առջևում հանդիսատեսն է, հետևում՝ խավար: Հետո մոռացա այդ պատկերը: Երբ սկսեցինք փորձերը, հիշեցի այն: Բեմադրությունն ավարտում էինք, և ես շարունակ մտովի փնտրում էի այն տարածքը, որը կհամապատասխաներ ներկայացմանը: Վստահ էի, որ դա բեմ չէ: Անընդհատ մտածում էի թունելի մասին: Առաջնախաղը խաղացինք բեմում, հետո` թունելում», – նշել է նա:

«Նրանց քույրը» ներկայացման նախագծի հեղինակն է ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը, պիեսի թարգմանիչներն են Լիլիթ Ալեքսանյանն ու Նաիրա Վան Խեյնհաուզենը։ Առաջնախաղը տեղի է ունեցել «Արմմոնո» 17-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում