Շատիվանքի պարիսպը փլվել է, 3 աշտարակները՝ ճիշտ է ճաքած, բայց տեղում էին, այս տարի դրանք էլ քանդվեցին, կատարյալ անտերություն է. մարզի բնակիչն ահազանգում է

Շատիվանքի պարիսպը փլվել է, 3 աշտարակները՝ ճիշտ է ճաքած, բայց տեղում էին, այս տարի դրանք էլ քանդվեցին, կատարյալ անտերություն է. մարզի բնակիչն ահազանգում է

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Եղեգիսի կիրճում Շատիվանքի պարիսպը փլվել է, օր-օրի, ժամ առ ժամ քանդվում է, կատարյալ անտերություն է, իսկ երբ ահազանգում ես՝ ձայն բարբառո հանապատի. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ահազանգեց Վայոց ձորի մարզի բնակիչ Մարատ Զաքարյանը:

Ըստ նրա՝ ինքը գարնան է տեսել նման վիճակը և բոլոր պատկան մարմիններին դիմել է:

«Երեք ամիս առաջ եմ տեսել, նկարել եմ, փաստերը ներկայացրել Հուշարձանների պահպանության գրասենյակին, մի հատ ճիգ չեն անում՝ էտ կառույցը կամ կա, կամ չկա: Պատմամշակութային այս գոհարը գրանցել են առավել վտանգվածների ցուցակում ու վերջ: Գնացել, բարձրացել եմ իրենց մոտ՝ հսկա շենք է, հազար աշխատող ունեն, քարտուղարներ ունեն, բայց ոչինչով չեն զբաղվում: Ասում են՝ նկարները ուղարկեք, ուղարկում եմ, ահազանգում եմ, զանգում եմ՝ կա՛մ չեն պատասխանում, կա՛մ էլ պատասխանում են, թե Մշակույթի նախարարությանը դիմեք: Զանգում եմ Մշակույթի նախարարություն՝ ասում են՝ ի՞նչ եք խոսում, դա իրենց գործառույթն է, և այլն և այլն»,-ասաց նա:

Զաքարյանը նշեց, որ անցյալ տարի էլ է եղել վանքի տարածքում, նկարել. «Հարավային կողմից պատը երեք աշտարակ ուներ: Աշտարակները՝ ճիշտ է ճաքած, բայց տեղում էին, այս տարի արդեն քանդվել են: Եթե անցած տարի տիրություն արվեր, ինչ-որ բան արվեր, աշտարակները չէին փլվի»:

Մարատ Զաքարյանը նշեց, որ բացառված չէ նաև մարդկային գործոնը:

«Որպես պատմամշակութային արժեք՝ մենք իրավունք չունենք դրանց չհետևելու: Գանձագողությունը տարածված է, մեր վանքերը, խաչքարերը շուռ են տալիս: Բարձրացել են, քանդել Հակոբ Ջուղայեցու գերեզմանը, տապանաքարին ձեռք չեն տվել, գլխի մահարձան խաչքարը տեղում է, բայց տակից քանդել են, թե ի՞նչ են հանել, հանե՞լ են արդյոք, թե՞ չեն հանել՝ դա հարց է, բայց պղծել են: Կողքից Մատիսի Պետրոսի խաչքարը հանել են ու շպրտել են գետնին՝ կոտրվել, երկու մասի է բաժանվել. խայտառակ դրություն է»,-ասաց նա:

Զաքարյանին վրդովեցրել է Շատիվանքի նման հզոր կառույցի նկատմամբ նման վերաբերմունքը. «Շատիվանքը ՀՀ-ի գոհարներից մեկն է, ժամանակին Սովետական միության գիտնականները սխալմամբ Գլաձորի համալսարանը տարել տեղադրել են Թանահատ վանքում, բայց բոլոր փաստերի համադրությունը, տարածքի ուսումնասիրությունը բերում են նրան, որ Շատիվանքը հենց Գլաձորի համալսարանն է. 4 գերեզմանոց ունի, ջրաղաց, մեծ լսարաններ ունի, ստորգետնյա 28 սենյակներ, ցորենի մեծ ամբար, ջրաղաց, ձիթհան, երեք ախոռ, հեռվից՝ 4 կմ-ից բերած ջրագիծ ունի, շատ հայտնի մարդիկ են այստեղ թաղված»:

Զաքարյանը նշեց, որ գրել է նաև պատգամավոր Վարազդատ Կարապետյանին, ով արագ արձագանքել է և խորհուրդ տվել դիմել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Թուխիկյանին, ում հետ դեռևս կապ հաստատել չի հաջողվել: «Աշխատում եմ բոլոր ճակատներով: Ես հասարակ քաղաքացի եմ, որ իմ ձեռքին բան լինի, էս կողմից էն կողմ չեն ուղարկի», – եզրափակեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում