Ճշմարիտ մտավորականը միշտ պետք է լինի իր ժողովրդի կողքին․ Սուսաննա Ղազարյան

Ճշմարիտ մտավորականը միշտ պետք է լինի իր ժողովրդի կողքին․ Սուսաննա Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, Aravot.am: Օրերս բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանը ընթերցողի սեղանին դրեց իր «Թռիչք» վերտառությամբ բանաստեղծությունների ժողովածուն: Այս հանգամանքն էլ առիթ հանդիսացավ`զրուցելու երիտասարդ գրողի հետ:

– Հարգելի Սուսաննա,Դուք հանրությանը սոցիալական հարթակներից առավել հայտնի եք Հայուհի Սուսաննա Ղազարյան անվանմամբ: Համացանցում շատ չեն տեղեկությունները Ձեր մասին, բացի մի քանի ստեղծագործություններից,նկարներից ու գրառումներից: Մեր զրուցի հիմնական նպատակն այն է, որ հայ հասարակությունն ավելի լավ ճանաչի ժամանակակից երիտասարդ գրողներին: Պատմեք Ձեր մասին: Որտեղի՞ց եք, ովքե՞ր են Ձեր նախնիները, ծնողները:

– Նախնիներս Արևելյան Հայաստանից են: Շահ Աբասի տեղահանությունից հետո բնակվել են Պարսկաստանում, 1946-ին հայրենադարձվել են Արմավիրի մարզ: Հայրս` Արամայիս Ղազարյանը, իր ողջ կյանքն է նվիրել կրթության գործին: 1983-ից մինչ 2019 թվականը Արմավիրի մարզի Հայկական համայնքի դպրոցի տնօրենն է եղել: Մայրս` Ալինա Իվանյանը, քիմիկոս է: Դպրոցում է աշխատում: Իսկ ես էլ մասնագիտությամբ բանասեր եմ… 

– Ո՞ր տարիքից սկսեցիք ստեղծագործել, և ովքե՞ր էին Ձեր առաջին ընթերցողները:

– Գրել սկսել եմ տասներեք տարեկանից: Մի փոքրիկ աղջնակ, ով տառապում էր ծանր հիվանդությամբ, շատ խորը տպավորություն էր գործել ինձ վրա և այդտեղից էլ ծնվեց իմ առաջին գործը` «Ծաղկի հիվանդությունը»: Տասներորդ դասարանում, վերջին զանգին, երբ կարդացի իմ ուսուցչին նվիրված ստեղծագործությունը, առաջինը նրանք արձագանքեցին` ուսուցիչներս… 

– Իսկ ինչպե՞ս մուտք գործեցիք մեծ գրականություն: Ովքե՞ր էին Ձեզ առաջնորդողները:

– Համալսարանն ավարտելուց հետո սկսեցի տպագրվել «Նոր դար» ամսագրում :Ինձ նկատել էին ավագ գրողներից Հրաչյա Սարուխանը, Արշակ Քոչինյանը, քաջալերողների թվում էր նաև իմ դասախոս, գրականագետ Աբգար Ափինյանը: -Խոսենք Ձեր գրքերից: Ե՞րբ լույս տեսավ Ձեր առաջին ժողովածուն: -Առաջին գիրքս ՝«Վերադարձ դեպի արևը», լույս տեսավ 2009-ին: Երկրորդը` «Վաղը կգա»-ն, լույս տեսավ 2015-ին և ճանաչվեց տարվա լավագույն ժոդովածու: Չորս տարի հետո էլ`2019-ին, հրատարակեցի երրորդ՝ «Թռիչք» գիրքս:

– Այս տարի Դուք մրցանակ ստացաք Համահայկական գրողների միության և Սիմոն Դերդերյան հիմնադրամի համատեղ կազմակերպված «Նոր ոսկեդար» մրցանակաբաշխությանը: Ասացեք խնդրեմ` կա՞ն այլ մրցանակներ,որ ստացել եք գրականության ասպարեզում: Ի՞նչ է տալիս մրցանակը ստեղծագործողին,գրողին: 

– 2017 թվականին արժանացել եմ Պարույր Սևակի անվան մրցանակի: Նույն թվականին Ռուսաստանի մշակույթի նախարարության կողմից կազմակերպված ինտերնետ ֆորումում իմ պոեզիան ճանաչվել է լավագույնը: 2019-ին արժանացել եմ «Աղասի Այվազյան» մրցանակի: Մրցանակը գրողին ոգևորում է, խրախուսում և մղում նոր ստեղծագործական ձեռնարկների: Պետք է նաև նշեմ, որ նախկինում գրական մրցանակները թելադրում էին գեղարվեստական չափանիշ, մի գործառույթ, որ այսօր հաճախակի է ոտնահարվում: -Խոսեցիք չափանիշների ոտնահարումից: Այսօր ամեն գրիչ բռնող իրեն բանաստեղծ է համարում: Արդյո՞ք դժվար չէ՞ առաջ գնալ նման «անբարենպաստ» պայմաններում: Որտե՞ղ գտնել «մեղավորներին» և ինչպե՞ս լուծել խնդիրը:

– Այո, այսօր համացանցը ողողված է անորակ բառակույտով: Դրանք տպարան են հասնում և գալիս են իրենց տեղն ունենալու` խանգարելով շատերին: Փորձը ցույց է տալիս` ինչքան պարզունակ, միջակ ու թույլ են նրանք, այնքան համառությամբ են պայքարում: Այս հարցում մեղքի բաժին ունենք բոլորս: Պետք է միասնական ճանապարհով դիմադրենք և հասնենք ցանկալի արդյունքի: Պետք է խոսել և մատնացույց անել անորակը և պրոպագանդել բարձրարժեք գրականությունը:

– Խոսենք Ձեր երրորդ գրքի` «Թռիչք» -ի մասին: Ո՞րն է Ձեր ասելիքը ընթերցողին: -Գրքի վրա աշխատել եմ չորս տարի: Դրանք աշխատանքի և խմբագրական առումով դժվար, բայց բերկրանքով լի տարիներ էին, որոնք ինձ բերեցին վստահություն և էլ ավելի ընդգծեցին իմ պոետական ձեռագիրը: Ես տեսնում էի կյանքի վտանգավոր ընթացքը, թե ինչպես են մարդիկ գնալով համակերպվում ճահճային օրենքներին, զրկվում թևերից ու սկսում սողալ: Ես տեսա նաև, թե ինչպես են բանտում ազատատենչ հոգիներին: Այդպես ծնվեց գրքիս գլխավոր լեյտմոտիվը` հե՜յ թռչնասպաննե՛ր, բա՛ց արեք բոլոր վանդակները, թռչունները ճախրելու համար են: Իմ հիմնական ասելիքը հետևյալն է`Մարդն իր ծնված օրից պետք է ձգտի կատարելության. կատարելության հասնելու միակ ճանապարհը թռիչքն է…

– Ովքե՞ր են Ձեր ընթերցողները:

– Իմ ընթերցողների շրջանակը լայն է` դպրոցականներից մինչև հասուն տարիք: Ինձ շատ է ուրախացնում այն հանգամանքը, որ իմ պոեզիայի հանդեպ հետաքրքրությունը մեծ է նաև մարզերում, սահմանամերձ գյուղերում, որտեղից հաճախ եմ հրավերներ ստանում:

– Հարգելի Սուսաննա, մեր զրույցի վերջում պիտի խնդրեմ, որ խոսեք այսօր հայ մտավորականի, հայ գրողի դերի մասին: Ըստ Ձեզ, ի՞նչ է կարող փոխել մտավորականը հասարակության շրջանում դեպի դրականը:

– Այսօր հատկապես մեծ է հայ մտավորականի դերը: Երբ մշակութային դաշտը ետին պլան է մղված, անհրաժեշտ են պայքարող ու ազատամիտ մարտիկներ, ովքեր իրենց ձայնը կբարձրացնեն հանուն Նոր Հայաստանի կերտման, ովքեր ի զորու կլինեն անել մշակութային հեղափոխություն: Եվ առհասարակ, ճշմարիտ մտավորականը միշտ պետք է լինի իր ժողովրդի կողքին և իր ժողովրդի խոսափողը…

Հայկ ՄԱԳՈՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում