Խոնարհության մասին

Խոնարհության մասին

Խցերի երեց հայր Իսահակն ասաց. «Երբ երիտասարդ էի, ապրում էի հայր Կրոնիոսի մոտ, և նա ինձ երբեք չասաց. «Արա՛ այս բանը»: Նա դողդոջուն ծեր էր, բայց ինքն էր վերցնում հացը և տալիս ինձ, և այդպես՝ ամենքին: Նստեցի նաև հայր Թեոդորոս Փերմացու մոտ, և նա նույնպես ինձ երբեք չասաց որևէ գործ անելու մասին, այլ ինքն էր դնում սեղանը և ինձ ասում. «Եղբա՛յր, ճաշակի՛ր»: Մի անգամ ես նրան ասացի. «Հա՛յր, եկա քեզ մոտ, որպեսզի գեթ փոքր-­ինչ օգնեմ քեզ, իսկ ինչո՞ւ չես ասում ինձ՝ ինչ անեմ»: Իսկ ծերը լուռ մնաց: Եվ ես գնացի և այս բանը պատմեցի ծերերին, և ծերերը, գալով նրա մոտ, ասացին. «Հա՛յր, քո եղբայրը եկել է քո սրբության մոտ, որպեսզի օգտակար լինի: Ինչո՞ւ դրան չես ասում, թե ինչ գործ անի»: Ծերը նրանց ասաց. «Մի՞թե ես միաբանների գլխավորն եմ, որ դրան հրամայեմ. ես դրան ի՞նչ ասեմ: Սակայն եթե իսկապես ուզում է, ինչ որ տեսնի՝ ես եմ անում՝ նույնը թող ինքն անի»: Այնուհետև ես փութով կատարում էի այն, ինչ պատրաստվում էր կատարել ծերը: Սակայն նա, ինչ էլ որ կատարում էր, ամեն ինչ կատարում էր լռությամբ. և այդպիսով ինձ կատարյալ լռություն սովորեցրեց»:

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում