Աստված որպես Խոսք

Աստված որպես Խոսք

Նույնիսկ նրանք, ովքեր օտար են մնում մեր հավատին, աստվածությունը չեն պատկերացնում խոսքից անմասն: Բավական է ունենալ նրանց համաձայնությունը այս կետի շուրջ, որպեսզի հստակորեն բացատրենք մեր դրույթը:
Արդարև, համաձայնել, որ Աստված անմասն չէ խոսքից` նշանակում է միանգամայն ընդունել, որ նա ունի խոսք, որ նա անբաժան չէ խոսքից: Բայց արդյո՞ք դրանք նույն բառերն են, որ մենք գործածում ենք մարդկային խոսքի պարագայում: Եթե մեր հակառակորդն ասի, թե ինքը աստվածային Խոսքը պատկերացնում է մեր մարդկային խոսքի նմանողությամբ, ապա հենց դրանով էլ մենք նրան կառաջնոր դենք դեպի ավելի բարձր մի հասկացություն: Արդարև, պետք է անհրաժեշտաբար համոզվել, որ բանը (խոսքը), ինչպես մյուս բոլոր ունակությունները, համեմատական է բնությանը: Մարդու մեջ կարող ենք նկատել որոշ մի զորություն, մի կյանք, մի իմաստություն: Բայց ինչքան էլ որ բառերը նույնանման լինեն, դա մեզ թույլ չի տա աստվածային բնության մեջ ենթադրել նույն տեսակի մի կյանք, մի զորություն կամ մի իմաստություն: Այդպիսի բառերի նշանակությունը փոքրանում է մեր մարդկային բնության չափի մեջ: Արդ, մեր բնությունը ենթակա է ապականության, թույլ է. մեր կյանքն էլ ունի շատ կարճ տևողություն, իսկ մեր զորությունը անկայուն է, և մեր խոսքը` անորոշ:

Աստվածային բնության մեջ, ընդհակառակը, ամեն ինչ, որ ասվում է նրա մասին, բարձրանում և հասնում է քննարկվող նյութի մեծությանը: Հետևաբար, երբ խոսվում է Աստծու Խոսք հասկացության մասին, պետք չէ կարծել, որ այն առաջ է գալիս սոսկ հնչյուններ արտաբերելու իրողությունից, իրողություն, որ այնուհետև կկորսվի, ինչպես մենք ենք կորցնում մեր մարդկային խոսքը: Բայց ինչպես որ մեր կորստական բնությունը ունի կորստական խոսք, այնպես էլ անապական և հավիտենական բնությունը ունի հավիտենական և գոյացական Խոսք:

Խոսքը կյանք է

Այսպիսով, նյութի տրամաբանական շարունակությունը մեր հակառակորդին կառաջնորդի այն բանին, որ նա կընդունի Խոսքի (Բանի) հավիտենական գոյացությունը: Այն ժամանակ նա անպայման կհամաձայնի, որ Բանի գոյացությունը օժտված է կյանքով. որովհետև մտածել, որ Բանը անկենդան մի գոյացություն է, ինչպես, օրինակ՝ քարերը, աստվածամերժություն կլիներ: Երկուսից մեկը. եթե նա (Բանը) մտածող և մարմնավոր գոյացություն է, ապա բացարձակապես ունի կյանք, իսկ եթե, ընդհակառակը, զուրկ է կյանքից, ապա զուրկ է նաև գոյացությունից: Արդ, մենք հստակորեն ցույց տվեցինք, որ աստվածամերժություն կլիներ Խոսքը (Բանը) նկատել որպես գոյացությունից զուրկ մի բան: Ուրեմն հենց դրանով էլ տրամաբանորեն ապացուցեցինք, որ Բանը, որի մասին խոսվում է, ունի կյանք:

Եվ, եթե համոզված ենք, որ Բանի էությունը պարզ է ըստ ամենայն հավանականության (այսինքն` որ նա ո՛չ երկակի է և ո՛չ էլ` բաղադրյալ), այլևս կենդանի Բանը չենք կարող նկատել որպես կյանքին սոսկ մասնակցություն ունեցող մի բան: Հիրավի, ընդունել, որ մի բան մի ուրիշ բանի մեջ է` նշանակում է մնալ բաղադրյալի հասկացության մեջ: Ընդհակառակը, աստվածային բնության միությունն ընդունելուց հետո, անհրաժեշտություն է դառնում հավատալ, որ Բանը կենդանի է ինքն իրենով և ոչ թե պարզապես մասնակից է կյանքին:

Բանի զորությունը

Ուրեմն, եթե Բանը ապրում է` ինքն իսկ լինելով կյանքը, նա բացարձակ իմաստով ունի նաև կամքի ունակություն, որովհետև կենդանի էակներից ոչ մեկը զուրկ չէ դրանից: Բայց, տրամաբանորեն, աստվածապաշտությունը ուզում է, որ նրա մեջ որպես զորություն տեսնենք վճռելու այդ ունակությունը: Չընդունել, որ նա օժտված է զորությամբ` կնշանակեր ուղղակիորեն նրան անզոր ենթադրել:

Արդ, իսկապես, երբ ընկալում ենք աստվածայինը, դրանից բացառում ենք անզորությունը: Երբ ջանում ենք հասկանալ աստվածային բնությունը, չենք կարող ընդունել, որ նրա մեջ կարող է լինել որևէ աններդաշնակ տարր: Պետք է, ուրեմն, անհրաժեշտաբար համաձայնել, որ Բանի զորությունը հավասար է նրա կամքին, այլապես կնշանակեր ընդունել մի խառնուրդ, իրար հակառակ բաների հարակցություն այդ միության մեջ. որովհետև նույն կամքի մեջ միաժամանակ կենթադրվեր թե՛ զորություն և թե՛ անզորություն, այսինքն` թե նա որոշ պարագաներում զորավոր է, այլ պարագաներում` անզոր: Ուրեմն, լինելով ամենազոր, Բանի կամքը անհրաժեշտաբար ոչ մի հակում չունի դեպի վատը, որովհետև չարի ձգտումը օտար է աստվածային բնությանը: Ընդհակառակը, ամեն ինչ բարի է. ահա՛ թե ինչ է կամենում նա: Եվ ինչ որ կամենում է, բացարձակապես կարող է այն անել: Եվ այդ զորությունը զերծ չէ արդյունավետությունից. նա բարու իր բոլոր ծրագրերը հասցնում է արարման:

Բանը արարող է

Արդ, աշխարհը և այն ամենը, ինչ նրա մեջ կա, բարի գործ է` դատելով այն իմաստությունից և ճարտարությունից, որ նկատվում է այնտեղ: Ուրեմն ամեն ինչ Բանի գործն է, կենդանի և գոյացական Բանի գործը, քանի որ նա Աստծու Բանն է: Բայց Բանը նաև օժտված է կամքով, քանի որ ապրում է: Նա կարող է նմանապես իրականացնել այն ամենը, ինչ ընտրում է անելու համար` ընտրելով միշտ ինչ որ բարի է և իմաստուն: Կարճ ասած` նա ներկայացնում է գերակայության բոլոր հատկանիշները:

Աշխարհը, ուրեմն, բարի գործ է. սրանում մենք համակարծիք ենք. և ինչ որ ասացինք վերևում, ապացուցեց, որ աշխարհը Բանի գործն է, այն Բանի, որն ընտրում է բարին և կարող է այն իրականացնել:

Մյուս կողմից` այս Բանը, որի մասին խոսում ենք, չի շփոթվում նրա հետ, որից բխում է, որովհետև այստեղ, որոշ իմաստով, խոսքը վերաբերում է հարաբերական մի հասկացության, քանի որ, վստահաբար, Բանի հետ միաժամանակ պետք է հասկանալ նաև Բանի հեղինակին: Եթե, ուրեմն, ունկնդիրներն իրենց մտածողությամբ հարաբերությունն արտահայտող մի բառով տարբերում են Բանն ինքը նրանից, որից նա բխում է, հեթանոսական ըմբռնումների դեմ պայքարելիս մենք այլևս վտանգի տակ չենք դնում մեզ` նշելով, որ այդ խորհուրդը գալիս համաձայնում է հուդայական հավատալիքների հետ: Ընդհակառակը, նրանք` ունկնդիրները, կխուսափեն ինչպես հեթանոսների, այնպես էլ հուդայականների անհեթեթությունից` ընդունելով, որ Բանը միաժամանակ կենդանի է, գործուն և արարող (ինչը հրեան չի ընդունում), և որ չկա բնության տարբերություն Բանի և նրա միջև, որից նա բխում է:

Բանը ստեղծում է մարդուն

Արդարև, երբ հարցը մեզ` մարդկանց է վերաբերում, ասում ենք, որ խոսքը բխում է բանականությունից` առանց շփոթվելու նրա հետ, բայց և առանց ամբողջովին տարբերվելու նրանից, որովհետև, քանի որ բանականությունից է բխում, տարբերվում է նրանից և չի շփոթվում նրա հետ, բայց քանի որ դրսևորումն է բանականության, չի կարող համարվել բացարձակապես տարբեր: Եթե իր բնությամբ նա նույնանում է նրա հետ, ապա նրանից զատորոշվում է որպես սուբյեկտ: Նույն բանը պետք է ասել նաև Աստծու Խոսքի (Բանի) համար: Նա ունի իր սեփական գոյությունը և դրանով էլ տարբերվում է նրանից, որից բխում է:

Բայց նա ինքն իրենով ցույց է տալիս այն բոլոր հատկանիշները, որ մենք նկատում ենք Աստծու մեջ, և հետևաբար իր բնությամբ շփոթվում է նրա հետ, ում ճանաչելի են դարձնում նույն հատկանիշները. բարություն, զորություն, իմաստություն, հավիտենականություն, նաև առանձնաշնորհում` զերծ լինելու ամեն ինչից, որ բացահայտում է չարը, մահը, ապականությունը: Ամբողջական կատարելություն մյուս բոլոր ատորոգելիներով, որոնք նրան դարձնում են Հոր գաղափարի հայտարար նշան: Այդ նույն հատկանիշներով ենք ճանաչում Բանը, որի գոյությունը բխում է նրանից:

Աղբյուր` ter-hambardzum.net:

Հետևեք մեզ նաև Telegram-ում