Աստծո քաղցը

Աստծո քաղցը

«…քանի որ կհագենան»

(Մատթ. 5:6)

Աստծուն փնտրող և Նրա հետ հաղորդակցվել ձգտող մարդը հագենում է Նրա ներկայությամբ՝ Դավթի խոսքի համաձայն. «Իսկ ես արդարութեամբ կերեւամ քո առաջ, կհագենամ՝ տեսնելով փառքը քո» (Սաղմ. 16:15): Այսինքն՝ կհագենա, երբ տեսնի Աստծուն և զգա նրա ներկայությունը: Փորձառությամբ ևս ապացուցվել է, որ այն մարդը, ով անձնական հարաբերություն ունի Աստծու հետ, իր ներսում դատարկություն չի զգում: Աստծու շնորհը զարմանալի հատկություն ունի. անկախ նրանից՝ մեծ սուրբը, թե սովորական մարդն է ձգտում հանդիպել Աստծուն, յուրաքանչյուր ոք ստանում է շնորհի գիտելիքը և փորձառությունը, ճաշակում է այն՝ ապրելով Աստծու ներկայությունը: Անկախ նրանից՝ մարդու մեջ շատ է, թե քիչ շնորհը, նրա հոգում չի առաջանում անօդ տարածության զգացում: Աստծով ապրող մարդը զգում է լիություն, բացարձակ լիություն: Դա է պատճառը, որ նա այլ բանի ձգտում չունի, ինչի պահանջն ուներ նախկինում՝ իր ներսի դատարկությունը լցնելու, ժամանակը վատնելու կամ հետաքրքրությունները հագեցնելու համար: Հաճախ ենք հարցնում՝ մե՞ղք է խմելը, ծխելը, ակումբներ հաճախելը, կամ հայտնի է, թե էլ ուր են հիմա գնում: Այդ ամենը մե՞ղք է:

Մենք չենք կարող պատասխանել այդ հարցին, քանի որ հարցադրումը սխալ է: Բայց կարող ենք ասել, որ այն մարդը, ով կապված է Աստծու հետ, պահանջ չունի ո՛չ ծխելու, ո՛չ խմելու, կամ էլ փողոցներում թափառելու՝ ժամանակը սպանելու համար: Նա իր ներսում զգում է լիարժեքություն, հավասարակշռություն, և դա նրան մղում է իր անձը հեռու պահելու ամեն տեսակի ավելորդություններից, որպեսզի մնա հավասարակշռված ու երջանիկ: Կան մարդիկ, ովքեր մտահոգված են, թե ինչպես իրենց կյանքը լցնեն հազար ու մի իրերով: Օրինակ՝ ոմանք իրենց ներքին դատարկությունից գնումներ անելու մոլուցք ունեն: Վատ չէ առևտուրը խթանելու համար, բայց մարդու համար այն հոգևոր խնդիր է դառնում:

Եկեղեցին խոսում է ժուժկալ լինելու մասին. մի՛ ձգտիր ինչ որ բանի տիրանալ, որպեսզի ոչնչից կախման մեջ չընկնես. ինչ ունես, նրանով էլ բավարարվիր, ուրիշ իրեր քեզ պետք չեն: Ժուժկալությունը վանականության գլխավոր առաքինությունն է. վանականները չեն կարող ինչ-որ բան ունենալ: Ինչո՞ւ, որպեսզի սովորեն իրենց կյանքը չհիմնել նեցուկների վրա: Որպեսզի չանհանգստանան այն մասին, թե ինչպես լցնեն իրենց հոգու դատարկությունը ինչ-որ չնչին իրերով և թափոններով, կամ Պայիսոսի խոսքերով ասած` սրտի մեջ ավելորդ բեռ չկուտակեն, որպեսզի հետո հարկադրված չլինեն մի ամբողջ բրիգադ փնտրել, որ ներսումդ կուտակած աղբը մաքրի:

Մի անգամ Պայիսոսին սրճեփ բերեցին: Նա նման բան չուներ, քանի որ կերակուր պատրաստելով չէր զբաղվում: Միայն կաթի աման ուներ, որը հարմարեցրել էր՝ հյուրերին թեյ պատրաստելու համար: Այդ տեսնելով՝ նրան սրճեփ նվիրեցին: Հայր Պայիսոսը նվիրողին ասաց. «Ինչո՞ւ ես բերել, եթե դնելու տեղ էլ չունեմ: Ուրեմն դրա համար պիտի բերես դարակ, նաև մեխ, որ ամրացնես պատին: Հետո լվացքի հեղուկ՝ այն լվանալու համար, հետո էլ պետք է մտածես՝ ինչ հեղուկ է… Այնպես որ սրճեփը պահիր քեզ, իսկ ես կգոհանամ իմ ամանով, որն ինձ շատ վաղուց է ծառայում»:

Երբ ես եկա հայր Պայիսոսի մոտ, զարմացած էի և միաժամանակ ապշած նրա ժուժկալության վրա: Նա ոչինչ չուներ: Պատկերացնելը դժվար է, որ մարդն ապրի մի տանը, որտեղ ոչինչ չկա: Սենյակում մի քանի փայտե արկղ կար՝ ծածկված մի քանի հին ծածկոցներով: Պատերին թղթե սրբապատկերներ կային: Ձմռանը, երբ ցուրտ էր լինում, հագնում էր իր բոլոր հագուստները և կատակով ասում, որ ուր էլ գնա, ամեն ինչ իր հետ է, կարիք չկա վերադառնալու: Նրա մահից հետո իրերի մեջ ոչինչ չգտնվեց, որ վերցնեին:

Մի անգամ մի մարդ եկավ նրա մոտ, և տեսնելով, որ այցելուն մրսում է` ծերը հագուստ տվեց, իսկ հյուրը կոճակները պոկեց ու իբրև օրհնություն տարավ իր հետ: Ծերը հետո տեսավ, որ ոչ մի կոճակ չկար… Ի՞նչ արեց: Ծառից փոքր կոթեր կտրեց և կոճակի փոխարեն օգտագործեց:

Մեծագույն դժբախտություն է, երբ մարդը ներքուստ դատարկ է զգում իրեն: Դա առաջանում է իրերի շատությունից, այն պարզ իրերի, որի մասին եթե հարցնես էլ, չեն կարող պատասխանել: Ոչինչ առանց պատասխանի պետք չէ թողնել: Մենք մեր պատասխաններում պետք է ուշադիր լինենք: Հատկապես անհրաժեշտ է պատասխանել, երբ հարցնում են երեխաները: Նրանց պատասխանեք լրջորեն, բայց այնպես, որ նրանք հասկանան պատասխանի լրջությունը և ճշմարիտ լինելը: Դատարկությունն առաջանում է, երբ մենք շատ հարցերի պատասխանը չունենք:

Իսկ երբ մարդը հարաբերություն է հաստատում Աստծու հետ, դադարեցնում է իր ունայն որոնումները: Այդ ժամանակ նա հարցնում է իրեն. «Եվ ինչո՞ւ էի առաջ դրանով զբաղվում, աջ ու ձախ էի նետվում, զվարճանալու գնում, որպեսզի ժամանակս անցնի, այս իրերի կարիքն ունեի. երբեմն նստում էի հայելու առաջ, այդքան ժամեր կանգնում այստեղ-այնտեղ», – և դրա պատճառը չի գտնում: Երբեմն այդ ունայնությունը ծիծաղելի է: Կարևորը, որ ուզում եմ ասել. մարդը չի կարող հագենալ արհեստական սննդով: Նրան չի բավարարի անգամ մանկական սնունդը: նույնիսկ հոգևոր հարցերում:

Մարդը ներքուստ կայուն է դառնում այն ժամանակ, երբ կոշտ կերակուր է ուտում: Այդ կոշտ կերակուրը Աստծու ներկայությունն է: Իսկապես, միայն այդ ժամանակ է մարդը լիություն, հագեցում և երջանկություն զգում: Միայն այդ ժամանակ է զգում իրական ուրախությունը, ազատությունը և իր մարդկային կյանքի կարևորությունը: Զգացե՞լ եք երբևիցե` երբ նայում ես քեզ և ուրախանում քո իսկ գոյության համար, բայց ո՛չ ինքնասիրությունից, ո՛չ էլ ինքնասիրահարվածությունից, այլ տեսնելով, թե Աստված ինչպիսի իմաստությամբ և նրբությամբ է ստեղծել աշխարհը և մարդուն՝ մեզանից յուրաքանչյուրին: Այդ վիճակում մարդը մեծագույն երախտագիտությամբ է գնում առ Աստված և, երբ զգում է այդ լիությունը, նա երբեք չի ունենում այնպիսի հիվանդագին զգացմունքներ, ինչպիսիք են խանդը, նախանձը, վախը, կասկածամտությունը, բոլոր այդ խոսքերը. «նա ինձ ասաց», «այս բանն արեց», «ինձանից խլեց»: Իրականում այդպես կարող է պատահել. ասաց, արեց, խլեց, բայց մեր հոգեկան աշխարհում այդ ամենը ոչ մի դատարկություն չի թողնում, որովհետև մեզ համար որևէ նշանակություն չունի: Կարևորն այն է, որ մենք Աստծու հետ կապի լիությունն ունենք, և Քրիստոսի խոսքերը մեզ լիացնում են: Մարդը հագեցած է և լցված Աստծու ներկայությամբ:

Երբ մի բան անելու պահանջ ունենք, հարցնենք մեզ՝ ինչո՞ւ ենք դա անում: Որպեսզի լցնենք մեր դատարկությո՞ւնը, կյանքին իմա՞ստ հաղորդենք, որպեսզի հաստատենք մեր գոյությո՞ւնը: Կամ, որովհետև ենթարկվում ենք արտաքին պահանջմունքների՞ն, քանի որ միայն Աստծու հետ չէ մեր կապը: Այսպիսով, եթե վերլուծենք բոլոր հասարակական, ընտանեկան, անձնական խնդիրները, ապա մարդն ի վերջո հանգում է իրեն: Իսկ հանգելով շարունակում է և գտնում պատճառը, թե ինչի՞ց է այդ ամենը սկսվել՝ Աստծոււց կտրված լինելուց: Այդտեղից է սկսվում ամեն չարը, և ամեն ինչ դառնում է այնպիսին, ինչպիսին մենք դա գիտենք: Արտաքին համաշխարհային խնդիրները՝ պատերազմներ, սով, չքավորություն, հանցավորություն, թմրանյութեր, այդ ծառի պտուղներն են:

Թմրանյութեր օգտագործելը այն օգտագործող մարդու խնդիրը չէ. դա միայն պտուղն է: Թմրադեղերի հետևում թաքնված են հազարավոր պատմություններ: Ինչպե՞ս է նա հասել դրան: Ինչո՞ւ է նա զգում դրա կարիքը: Եթե ներսդ դատարկ չլինի, դրա կարիքը կզգա՞ս: Երբ նա ընկնում է, ապա զրկվում է ազատությունից և դառնում թմրադեղերի ստրուկը: Այդպես է ցանկացած մոլության դեպքում: Խոսելով «ցանկությունների դեմ պայքարի» մասին՝ մենք վկայում ենք կրքի ստրուկը լինելու և նրա պահանջն ունենալու մասին: Այդ ամենը վկայում է, որ դու խնդիր ունես Աստծու հետ քո հարաբերություններում:

Մետրոպոլիտ Աթանաս Լամասոլցի
Թարգմանությունը բուլղ.՝ Գ.Մաքսիմով սրկ.-ի
Սկզբնաղբյուրը՝ «Շողակն» երկշաբաթաթերթ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում