USD
EUR
RUB

Աղքատություն

 

Մարդասիրություն զրկումով

Մարդիկ ավելի շատ դժվարության պահերին են հիշում Աստծուն` Նրանից օգնություն խնդրելու կամ ավելի հաճախ Նրա դեմ տրտնջալու համար՝ ասելով. «Ես ի՞նչ էի արել, որ ինձ այս վիճակի մեջ գցեցիր»: Մենք հաճախ Աստծուն արդար ենք համարում միայն այն ժամանակ, երբ բարիքներ ենք ունենում: Սակայն Աստծո պարագային ոչ միայն տալը, այլև խլելն է մեծ մարդասիրության նշան: Օրինակ` Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, որ եթե Կայենը, արտաքսումը և Աստծո բարկությունը տեսնելով, այդպիսի բան արեց, ապա ինչ ահավոր բան կաներ դրախտում, երբ Աստծո զայրույթի հետևանքները չէր տեսել և ավելի մեծ պատիժ կստանար: Եվան նույնպես արտաքսումից հետո Աստծո պատվիրանը գերադասեց: Նա երբեք չբողոքեց Աստծուց իր սպանված որդու համար, այլ, ընդհակառակը, Եվան շնորհակալություն հայտնեց փոխարենը մեկ ուրիշ որդի ունենալու համար (Ծննդ. 4.25): Մենք հաճախ ենք եղել գեղեցիկ բնության գրկում, բայց ոչ մի տեղ մեզ դրախտում չենք զգացել, որովհետև ծառերը և ծաղիկները չեն դրախտը, այլ` Աստծո ներկայությունը: Հետևաբար, Եվայի օրինակով էլ կարող ենք տեսնել, որ զրկումով ու արտաքսումով կինը բերվեց աստվածճանաչության և ձեռք բերեց ավելին, քան կորցրել էր:

Հարստության և աղքատության պատճառները

Մարդիկ աղքատ և հարուստ են լինում աստվածային հատուկ դաստիարակչական և փրկչական ծրագրով: Սոցիալական անհավասարություններին իմաստուն կերպով անդրադարձել են եկեղեցական տարբեր հեղինակներ, որոնց մտքերն էլ ներկայացնում ենք ձեզ: Ինչպես որ հրով փորձվում է ոսկին, նույնպես էլ աղքատությամբ փորձվում է մարդը` համբերո՞ղ է, թե՞ ոչ: Աստված աղքատացնում է նաև լավ մարդուն, որպեսզի փորձի, թե արդյո՞ք միայն իր ունեցվածքի համար է սիրում Աստծուն, որովհետև շատերը, երբ խնդիրներ չունեն, հաշտ են Աստծո հետ, իսկ երբ ընկնում են դժվարությունների մեջ, սկսում են Աստծուն մեղադրել և նույնիսկ հայհոյել: Աստված աղքատացնում է նաև այն մարդուն, որի շատ գործեր բարի են, սակայն նաև մի մեծ մեղք ունի, որպեսզի աղքատությամբ չարչարվելով` վճարի իր մեղքի համար և հավիտենական կյանքի ժառանգորդ դառնա: Հետևաբար, աղքատությունը լինում է միայն մարդու օգտի համար և բարի նպատակով. մնում է, որ մարդը դա հասկանա և դասեր քաղի ու ոչ թե հոգու հակառակությամբ ավելի վատ վիճակի մեջ ընկնի:

Հարստությունը մարդկանց տրվում է երեք պատճառներով: Հարուստ մարդկանց դիտելով` տեսնում ենք, որ նրանցից շատեր բարի են, շատերը չար ու ամբարտավան, իսկ շատերն էլ` անարժան: Ինչ վերաբերում է բարիներին, ապա Աստված նրանց հարստություն է տալիս, որպեսզի նրանք կարոտյալներին օգնեն և շատերին օգուտ տան: Աստված հարստություն է տալիս նաև չարերին ու ամբարտավաններին, որպեսզի Դատաստանի ժամանակ, երբ իրենց չար գործերի և Աստծուն չսիրելու համար դատապարտվեն, արդարանալու ոչինչ չունենան և Աստծուն չասեն, թե ինձ ինչ տվեցիր, որ քեզ սիրեի: Աստված անարժանին մեծություն է տալիս, որպեսզի նա նյութական իրերով Աստծուն դառնա և իր մտքում ասի. «Ես անարժան եմ, և ահա Աստված ինձ այսքան մեծացրեց»: Ուրեմն, ինչպես աղքատությունը, այնպես էլ հարստությունը մարդուն տրվում է միմիայն մեկ բանի համար, որպեսզի մարդ Աստծուն դառնա: Այս կյանքի ապրելակերպով մարդ իրական հարստություն է դիզում հանդերձյալ կյանքում: Հևտևաբար, ասում է Հովհան Ոսկեբերանը, հարստությունը և աղքատությունը նման են թատրոնի դիմակներին, ներկայացումից հետո թագավոր չես համարում նրան, ով թագավորի դիմակ էր հագել:

Կրկին աղքատության պատճառի մասին

Ամեն տարի մենք տոնում ենք Հովհաննես և Ալեքսիոս կամավոր աղքատների տոնը: Նրանք հարուստ մարդկանց որդիներ էին, և իրենց հասուն տարիքում որոշեցին ապրել քրիստոնեությունը աղքատության մեջ ու երկար տարիներ հեռացան իրենց հարուստ տներից: Պետք է ընդունենք, որ մեր օրերում դժվար է գտնել աղքատների, ովքեր կամավոր են այդ վիճակի մեջ: Այսօր բազմաթիվ մարդիկ ստիպված են ապրում աղքատության պայմաններում, և աշխարհը շատ միջոցներ է ձեռնարկում աղքատության դեմ պայքարելու համար: Կարո՞ղ է արդյոք աշխարհը վերացնել աղքատությունը: Քրիստոս ասաց. «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք» (Մատթ. 26.11, Մարկ. 14.7, Հովհ. 12.8): Տիրոջ այս խոսքը հիմք է տալիս ենթադրելու, որ աղքատությունն աշխարհում միշտ էլ լինելու է: Երբեմն աղքատությունը մարդուն տրվում է Աստծուց դաստիարակչական նպատակներով: Մենք պետք է աղոթենք, աղոթքի համար ժամանակ կամ հատկացված օրեր ունենանք: Սակայն բազում մարդիկ` զբաղված իրենց առօրյա գործերով, հաճախ մոռանում են աղոթել: Նրանք արժևորում են հատկապես գործը և լքում աղոթքը: Տեսնելով այս սխալ ընթացքը` Աստված վերցնում է գործը` ժամանակ և առիթ տալով աղոթելու համար: Աստված բուժում է այն ճանապարհով, որով մենք մեղանչում ենք: Այս վարմունքը նման է բժշկի գործունեությանը: Երբ բարձր տաքություն ունենք, բժիշկը դեղ է տալիս` իջեցնելու այն, իսկ երբ լինում է այնպես, որ հիվանդի տաքությունը չափից ավելի է իջնում, բժիշկները ջանում են բարձրացնել այն: Նույն կերպ Աստված միջոցներ է գործի դնում` մարդկանց հատկապես մեղքերից բուժելու համար: Մտքով մեղանչողներին Աստված հաճախ տալիս է մտահոգություն, որպեսզի միտքը շեղվի մեղավոր մտածումներից, տեսողությամբ մեղանչողներին Աստված տալիս է աչքի տկարություն, ձեռքով մեղանչողներին` մարմնի այդ անդամի տկարություն, մարմնով մեղանչողներին` հիվանդություն և այլն: Նույնպես և աղքատությունը հաճախ միջոց է Աստծո համար` մարդկանց խրատելու և դեպի իրեն դարձնելու:

Ողորմություն աղքատներին

Աղքատներն ու չքավորները պետք է հիշեն Ավետարանի աղքատ Ղազարոսին, ով չքավորության ու թշվառության մեջ էր, սակայն ոչ մի բառ չասաց Աստծո դեմ և իր մահից հետո գնաց Աբրահամի գոգը, այսինքն` Երկնքի Արքայություն: Մինչդեռ աղքատ Ղազարոսին արհամարհած հարուստը գցվեց դժոխք` մեծ չարչարանքների մեջ: Հարուստը, ծարավից պապակվելով, ցանկանում էր գոնե ջրի մեկ կաթիլ ունենալ իր շուրթերին, բայց չստացավ, որովհետև ողորմության արժանի չէր դարձել (Ղուկ. 16.19-26):

Մենք պետք է օգնենք կարիքավորներին և ողորմություն տանք աղքատներին: Իմաստունն ասում է. «Հացդ ջրի՛ն տուր` թող տանի, շատ օրեր անց պիտի նորից գտնես այն» (Ժող. 11.1): Եկեղեցական հեղինակներից մեկը բացատրում է այս խոսքը` ասելով, որ երբ մարդն իր հացը նույնիսկ ջուրն է գցում, այն չի կորչում, այլ ձկներն ուտում են հացը, և Ամենակարողն Աստված, տեսնելով մարդու հոգատարությունը անգամ կենդանի արարածների հանդեպ, գնահատում է մարդուն և օրհնության արժանացնում: Եվ եթե Աստված գնահատում է մարդու հոգատարությունը կենդանիների հանդեպ, որքան առավել բարձր կգնահատի հոգատարությունը կարիքավոր մարդկանց հանդեպ: Եկեղեցական հեղինակն ասում է, որ Քրիստոս քո դուռն է գալիս աղքատի կերպարանքով, և ինչ տալիս ես աղքատին, դնում ես Քրիստոսի ձեռքի մեջ: Դրա համար է ասվում, որ «աղքատին ողորմություն տվողը փոխ է տալիս Աստծուն, և ըստ նրա տվածի էլ Աստված պիտի հատուցի նրան» (Առակ. 19.17): Իրականությունը ցույց է տալիս, որ մեր այս կյանքի օրերն անթիվ չեն, և մեր կյանքի ճանապարհը պետք է զարդարենք ողորմություններով, բարիքով, առաքինություններով և աստվածահաճո գործունեությամբ:

Հացի խնդիր

Քրիստոս բազում հրաշքներ գործեց Իր երկրային կյանքի ընթացքում` հիվանդների բուժեց, մեռելների հարություն տվեց, սակայն երկրային, նյութական բարիքներով ավելի հետաքրքրված լինելու պատճառով մարդկանց վրա ոչ մի հրաշք այնքան մեծ ազդեցություն չունեցավ, որքան հացի բազմացումը: Հացի բազմացումից հետո էր, որ ժողովուրդը հավաքվելով` ցանկանում էր Քրիստոսին թագավոր դարձնել (Հովհ. 6.14-15): Ցավոք, այսօր էլ մարդիկ, առաջին հերթին ավելի շատ նյութականի, քան հոգևորի մասին մտածելով, ցանկանում են իրենց թագավոր տեսնել այն մարդուն, ով իրենց ուտելու հաց կտա: Սա է պատճառը, որ ոմանք բողոքում են Եկեղեցուց, թե Եկեղեցին իրենց ուտելու և սնվելու բան չի տալիս` մոռանալով Եկեղեցու իրական առաքելությունը, և սա է պատճառը, որ շատ մարդիկ էլ վազում են աղանդների հետևից` օգուտներ ունենալու նպատակով: Սակայն Քրիստոս ժամանակին Իր մերժումով (Հովհ. 6.15) ցույց տվեց, որ Ինքը երբեք թագավորը չէ շահախնդիր մարդկանց:

Երբ Ադամն արտաքսվեց դրախտից, նա նաև անիծվեց Աստծուց` իր հանապազօրյա հացը վաստակելու իր երեսի քրտինքով (Ծննդ. 3.19): Եվ մարդկությունն այդ ժամանակից սկսյալ չարչարվել է` իր հացը քրտինքով վաստակելով: Երբ մարդն անիծվեց, երկիրը նույնպես անիծվեց նրա հետ միասին: Աստված ասաց. «Թող երկիրը անիծյալ լինի քո արածի պատճառով» (Ծննդ. 3.17): Սա ցույց է տալիս մարդու սերտ կապը տիեզերքի հետ. երբ մարդն անկում է ապրում, նրա հետ անկում է ապրում նաև ողջ տիեզերքը: Երկրի անիծված լինելն ի հայտ եկավ նրա պտղաբերության զորության նվազումով: Մարդը պետք է տանջալի աշխատեր, հողը մշակեր` որոշ պտուղներ և արդյունքներ ստանալու համար: Մենք կարող ենք ավելի լավ պատկերացնել մարդկանց չարչարանքը` իմանալով, որ մանգաղը գերանդիով փոխարինվեց միայն 18-րդ դարում:

Հնում բնակչության մեծամասնությունն ապրում էր գյուղերում, որովհետև միջին դարերում միայն սակավաթիվ քաղաքներ կային և քաղաքները մեծ դեր չունեին բնակչության համար: Օրինակ` 18-րդ դարում Անգլիայում կային ընդամենը երկու քաղաքներ, իսկ 19-րդ դարում Անգլիայում քաղաքների թիվը մի փոքր աճեց` հասնելով ութի: Մեր օրերում, ընդհակառակը, մարդկային բնակչության մեծ մասն ապրում է քաղաքներում, և բազում մարդիկ չեն աշխատում հողագործության մեջ: Սակայն նրանք այլ աշխատանք ունեն և նույնպես պետք է շատ աշխատեն` իրենց հացը իրենց երեսի քրտինքով վաստակելու:

Երբ Քրիստոս աղոթում էր Գեթսեմանի պարտեզում, Նրա քրտինքը հոսում էր արյան կաթիլների պես, որի մասին մեզ հայտնում է մասնագիտությամբ բժիշկ Ղուկաս Ավետարանիչը (Ղուկ. 22.44): Այս կերպ մեր Տերը` Հիսուս Քրիստոս, բուժեց մեզ Ադամին տրված և նրանով իր սերունդներին փոխանցված անեծքից` զոհագործությամբ նաև մեր առջև բացելով դռները Երկնքի Արքայության, որտեղ մենք հանապազօրյա հացի համար այլևս չենք չարչարվելու, ինչպես այս աշխարհում, այլ երկնային լուսեղեն օթարաններում վայելելու ենք հավիտենական երանությունն ու երջանկությունը:

Անշահախնդրություն

Սուրբ Հայրերն ասում էին, որ մարդը պետք է հիշի իր մահը, դժոխքի չարչարանքները, Ահեղ Դատաստանի օրը, որպեսզի հոգևորապես զգոն և արթուն լինի իր կյանքի ընթացքում: Սակայն Պողոս առաքյալն ասում է, որ պետք է փափուկ կերակուր տանք նոր դարձած քրիստոնյաներին, ինչպես փոքրիկ երեխաներին կաթ ենք տալիս և ոչ այլ ուտելիք (Ա Կորնթ. 3.2): Եվ մեռնելու, Դատաստանի օրվանից վախենալու հիշեցումը, որով և չարչարանքներից խուսափելու ու երանության հասնելու փափագը միայն այն քրիստոնյաների համար են, ովքեր իրենց առաջին քայլերն են անում դեպի կատարելություն: Առավել կատարյալ դառնալով` քրիստոնյաները պետք է հասկանան, որ պարտավոր են ապրելու առանց հոգևոր իմաստով շահ փնտրելու այստեղ կամ հանդերձյալում, այլ պետք է ապրել հավատքով, որովհետև դա ապրելու միակ ճիշտ ճանապարհն է, և ինչպես Պողոս առաքյալն է ասում, մենք առաջին հերթին պետք է ամեն ինչ անենք Աստծո փառքի համար (Ա Կորնթ. 10.31):

Հոգևոր կերակուր

Մարդիկ աշխատում են մարմնավոր կերակրի համար` հաճախ մոռանալով հոգևոր կերակրի համար աշխատելը: Մարդը միայն մարմնի սնումով չի կարող իրապես ապրել, այլ պետք է նաև սնի իր հոգին: Քրիստոս մեր Տերն Ինքն է պատվիրում. «Գնացեք աշխատեցե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակրի համար, այլ այն կերակրի, որը մնում է հավիտենական կյանքի համար, և որը մարդու Որդին կտա ձեզ» (Հովհ. 6.27): Հաճախ շատ մարդիկ տքնաջան աշխատանքով դարձյալ դառը կարիքների ու նեղությունների մեջ են մնում, քանի որ նյութականն են իրենց համար առաջնային ու կենսական համարում: Մինչդեռ Տերունական աղոթքում նշվում է հերթականությունը` նախ Աստծո կամքի կատարման մասին հոգալ, հետո նոր մտածել հացի մասին. «Սուրբ եղիցի անուն քո: Եկեսցէ՛ արքայութիւն քո: Եղիցին կամք քո որպէս յերկինս եւ յերկրի: Զհա՛ց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր» (Մատթ. 6.9-11): Քրիստոս նաև ասում է. «Այսուհետև հոգ մի՛ արեք ու մի՛ ասեք` ի՛նչ պիտի ուտենք կամ ի՛նչ պիտի խմենք կամ ի՛նչ պիտի հագնենք, որովհետև հեթանոսներն են այդ բոլորը որոնում. քանի որ ձեր երկնավոր Հայրը գիտի, թե այդ բոլորը ձեզ պէտք է: Նախ խնդրեցե՛ք Աստծու արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մատթ. 6.33):

Երբ Ադամը արտաքսվեց դրախտից, դատապարտվեց քրտինքով վաստակելու իր հացը (Ծննդ. 3.19): Նույնպես ջանքերով նաև հոգևոր հացն է վաստակվում, այսինքն` աղոթքով, ծոմապահությամբ, առաքինությունների գործադրմամբ: Ճգնավորները մեծ ջանքեր գործադրեցին` ապրելու աղոթքներով, սրբությամբ, և ճգնավորներ կոչվեցին նրա համար, որ ճիգ, ջանք գործադրեցին: Նրանք մեզ օրինակ եղան, որպեսզի մենք էլ ճգնավորներ լինենք, այսինքն` ճիգ և ջանք գործադրենք ոչ միայն մարմնավոր հացի համար, այլև աշխատենք հոգևոր կերակրի համար: Ով միայն մարմնավորի համար է աշխատում նման է դռան, որ ծխնիների վրա ետ ու առաջ է գնում, շարժվում է աշխատում, բայց հոգևորի մեջ չի առաջանում: Եվ կամ նման է ծույլ մարդու, ով անընդհատ շարժվում է պառկած տեղը այս ու այն կողմ, բայց նշանակալի ոչ մի օգուտ չի ունենում:

Ճիշտ է ասված, թե ով ամռանը շրջում է կռնեկուռ, ձմռանն ընկնում է դռնեդուռ: Մենք այնպես պետք է ապրենք, որ մեր կյանքի ձմռանը, այսինքն` երկրային կյանքի ավարտին մեր աստվածահաճո ընթացքի շնորհիվ գանձեր ամբարած լինենք երկնքում: Շատերս այնպես ենք ապրում, կարծես թե մեր երկրային կյանքը վերջ չունի, բայց հաճախ հիշենք մեր մահը, ինչպես նաև հավատքի, բարի գործերի, Սուրբ Գրքի ընթերցանության, հոգևոր արժանիքների կարևորությունը, առանց որոնց փրկության չենք հասնի, որպեսզի այս առօրյայի մեջ աշխատենք ոչ միայն մարմնավորի, այլև հոգևորի համար:

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

Աղբյուր՝ Surbzoravor.am

Լրահոս
Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել «Սգո տունը» թատրոն կդառնա Պաղտասար Դպիր.Դարձեալ առ տաճարն երկնանման Էդ Շիրանի նոր ստեղծագործությունը 1 մլն-ից ավելի դիտում է ունեցել մի քանի ժամում Գնացքում Շուշանիկ Կուրղինյան. ․․․Եվ մենք քսան դար․․․ Սիպիլ․ Մենաստանին կույսը Բաղայ Ասորի. «Երանելի՜ ես դու, որովհետև քո կաթով կերակրեցիր Աստծուն» Emmy-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարի. Fox Entertainment Գրիգոր Զոհրապ․ Ժամին բակը «Չկա անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակեր Հովհաննես Թումանյան․ Աղջկա սիրտը «ՌեԱնիմանիա»-ն կիրականացնի «Անիմացիոն ֆիլմի դիտարկում մեդիայում» խորագրով դասընթաց Մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը Աշխարհի բանաստեղծական պատկերին հավատարիմ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործելու է Արդարադատության նախարարության ենթակայության տակ Աստված նայում է մարդու սրտին, իսկ մարդիկ՝ մարդկանց երեսին Հովհաննես Հովհաննիսյան․ Արազն եկավ լափին տալով․․․ Սոնա Արշունեցի․ Արդար դատաստան Աղոթք ընտանիքի Ստեփանակերտի հրապարակում կհնչի Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը Արչի Կալենցը` Նիկողոսյանի մասին. «Պապիկս ասում էր` քանդակն իմ կինն է, գեղանկարչությունը` սիրուհիս» Վալենտին Գաֆտին գլխուղեղի կաթվածով հիվանդանոց են տեղափոխե Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Տարանտինոն չի բացառում, որ իր 10-րդ ֆիլմը կդառնա վերջինը Բելգիացին 500 եվրոյով պատահաբար գնել է Ռեմբրանդտի՝ մոտ 30 մլն եվրո արժեցող կտավը Մայր տաճարի բուսածածկույթի մաքրման աշխատանքների ժամանակ պատահականորեն բացահայտվում է, որ տաճարը փլուզման վտանգի առջև է «Տիրոջ երկյուղը կյանք է մարդու համար» Disney-ը կվերանկարահանի «Տանը՝ մենակ» եւ «Գիշերը թանգարանում» ֆիլմերը Վիլյամ Սարոյան. Ծիծաղ Աղոթք առ Աստված Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին Ավարտվեցին Հաղբատավանքի որմնանկարների վերականգնման աշխատանքները Արդյո՞ք դժվար է Թուրքիայում հայերեն երգեր կատարելը. ստամբուլահայ երգչուհին է պատմում Ստեփան Զորյան․ Անհայտ թելեր Կյանքից հեռացել է ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը «Չնայած , ես ինձ գրող չեմ համարում, բայց...». Սամվել Սևադա Սիպիլ․ Ապրի՛լ Եղիշե Չարենց․ Երկիր Նաիրի՝ Մասն երկրորդ Աղօթք ապաշխարութեան
website by Sargssyan