Զուբին Մետտայից մինչեւ Էդուարդ Թոփչյան

Զուբին Մետտայից մինչեւ Էդուարդ Թոփչյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, Aravot.am: Երկարամյա դադարից հետո Երեւանում կատարվեց Վերդիի «Օթելլոն»

Հերոսի անվամբ կոչվող դրամատիկական կամ երաժշտական բեմական ստեղծագործությունների դեպքում՝ («Անուշ», «Պեպո», «Տրավիատա», «Կարմեն», «Համլետ» եւ այլն), հանդիսատեսը մեծ հաշվով սպասելիքներ է ունենում տվյալ հերոսի մարմնավորած կերպարից, քան, ասենք, դերակատարի սպասված ու ճանաչված լինելու հանգամանքից: Իսկ եթե ներկայացվում է օպերայի համերգային կատարում, որտեղ բացակայում են բեմանկարչությունը, զգեստները, գրիմը, մի խոսքով՝ այն ամենը, ինչն անհրաժեշտ է տվյալ երկի ամբողջական «բացահայտման» համար, միանշանակ բարդ է հերոսի դերերգով հանդես եկող երգչի համար կերպարը հանդիսատեսին լիովին տեղ հասցնելը: Միանշանակ հեշտ չէ նաեւ մյուս կերպարները մարմնավորող արտիստների գործը:

Խոսքը, տվյալ դեպքում, օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում Էդուարդ Թոփչյանի ղեկավարած (դիրիժորի ասիստենտ եւ կոնցերտմայստեր Վարդուհի Մինասյան) Շեքսպիրի «Օթելլո» ողբերգության հիման վրա Վերդիի համանուն օպերայի համերգային կատարման մասին է (պրեմիերան կայացել է 1887թ. Լա Սկալա թատրոնում): Գլխավոր դերերգով հանդես եկող Մոսկվայի Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան թատրոնի առաջատար տենոր Արսեն Սողոմոնյանի՝ կուլիսներից մուտքն արդեն ծափերով դիմավորեց հանդիսատեսով լեփ-լեցուն դահլիճը: Պատճառը՝ առանց գրիմի Օթելլո հիշեցնող նրա տիպարն էր: Մեր հայրենակիցը, որն ավարտել է Երեւանի կոնսերվատորիան՝ երջանկահիշատակ Ռաֆայել Հակոբյանցի դասարանը, մինչ տենորային երկացանկին անցնելը, այդ թատրոնի առաջատար բարիտոններից էր: Նրա դեբյուտը որպես տենոր կայացել է երկու տարի առաջ՝ Կավարադոսիի դերերգով Պուչինիի «Տոսկայում»: Արվեստագետին վերջին շրջանում, չնայած ծանրաբեռնված գրաֆիկին, հաճախ ենք հանդիպում հայրենիքում: 2018-ին նա դարձյալ ֆիլհարմոնիկի օպերային նախագծերից Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայի թատերականացված կատարման ժամանակ (ռեժիսոր՝ Սուքիաս Թորոսյան) փայլեց Կանիոյի դերերգով:

Հրաչուհի Բասենց

Անդրադառնալով Օթելլոյի դերերգին, հետաքրքրվեցինք՝ համամի՞տ է, որ կարճ ժամանակ անց այն դարձել է իր այցեքարտը, ի պատասխան՝ Արսեն Սողոմոնյանը ընդամենը խոսուն փաստ վկայակոչեց. նախորդ տարի առաջին անգամ Բեռլին-ֆիլհարմոնիկի հետ Զուբին Մետտայի ղեկավարությամբ հանդես է եկել հենց այդ դերերգով:

Անտոն Զարաեւ Պերճ Քարազյան

Սեր, հավատարմություն, խաբեություն, դավաճանություն, զղջում, մարդկային այս զգացմունքների, հույզերի, կրքերի պոռթկում երաժշտական արտահայտչաձեւերով գրված Վերդիի նախավերջին օպերայում՝ «Օթելլոյում» (կոմպոզիտորը հեղինակ է 29 օպերայի), ինչպես միշտ, Էդուարդ Թոփչյանը «մանրադիտակով» էր ընտրել մեներգիչներին (իսկ վաղուց հայտնի օպերասեր Թոփչյանը իր նվագախմբի եւ հրավիրված մեներգիչների ու երգչախմբերի հետ իրականացրել է համաշխարհային երաժշտական գրականության գլուխգործոցներից շուրջ 15 օպերաների համերգային կատարումներ, բեմականացումներ ու բեմադրություններ): Հրավիրյալ երգիչներից շատերը ծանոթ էին մեր հանդիսատեսին: Օրինակ, գերմանաբնակ սոպրանո Հրաչուհի Բասենցը (Դեզդեմոնա), մեցցո-սոպրանո Նարինե Անանիկյանը (Էմիլիա), տենոր Պերճ Քարազյանը (Կասիո), տենոր Հայկ Թոնգուրյանը (Ռոդերիգո), բաս Հովհաննես Ներսեսյանը (Լոդովիկո), բաս Աշոտ Ղանթարջյանը (Մոնտանո):

Ի դեպ, հիշյալ օպերային ձայներին տարբեր առիթներով ներկայացրել է «Առավոտը»:

Նարինե Անանիկյան

Միայն հանդիսատեսին անծանոթ էր Յագոյի դերերգով հանդես եկած բարիտոն Անտոն Զարաեւը, որը 2011-ից Արսեն Սողոմոնյանի գործընկերն է Մոսկվայի Ստանիսլավսկու եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնում: Տեղեկացնենք, որ երաժիշտը մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է ոչ միայն որպես վոկալիստ, այլեւ դիրիժոր: Կեսկատակ-կեսլուրջ դիտարկմանը, թե իր Յագոն կարծես փոքր-ինչ «մեղմ» էր (նկատի չունենք վոկալը), քան մինչ այս մեր հանդիպածները, գուցե այս դեպքում դերակատարում ունի իր բնությունը, Անտոն Զարաեւի պատասխանը ժպիտն էր, հետո էլ հավելեց. «Տպավորված եմ ձեր ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Թոփչյանի ընդհանրապես օպերային գրականության իմացությամբ, հիացած եմ երգչախմբի կատարողական արվեստով («Օթելլոյի» կատարմանը երկու երգչախումբ էր՝ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը եւ Էմմա Առաքելյանի ղեկավարած Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը): Արսեն Սողոմոնյանին, բնականաբար, լավ գիտեմ, նա ոչ միայն պարզապես օպերային աստղ է, այլեւ հիանալի մարդ, ընկեր, խաղընկեր: Իսկ այսօրվա մյուս հայ գործընկերներիս այս նախագծի միջոցով ծանոթացա: Հաճելի էր նրանց հետ համագործակցելը»:

Ի դեպ, Երեւանի օպերային թատրոնում առաջին անգամ «Օթելլոն» բեմադրվել է 1942թ., բեմադրող դիրիժոր՝ Միքայել Թավրիզյան, ռեժիսոր՝ Արմեն Գուլակյան: Որից հետո ունեցել է երկու բեմադրություն եւս՝ 1959-ին (դիրիժոր՝ Յուրի Դավթյան, ռեժիսոր՝ Արմեն Գուլակյան) եւ 1995-ին (դիրիժոր՝ Յուրի Դավթյան, ռեժիսոր՝ Տիգրան Լեւոնյան):

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարները՝ Մարիա ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում