Հովհան Ոսկեբերան. Եկեղեցի գնալու հորդոր

Հովհան Ոսկեբերան. Եկեղեցի գնալու հորդոր

Ի՞նչ եք կարծում` ես վշտանում եմ` հիշելով, թե տոնակատարության օրը ծովի ընդարձակ ջրերին նմանվող բազմություն էր հավաքվել, իսկ այժմ դրա փոքր մասն անգամ չկա: Որտե՞ղ են հիմա նրանք, ովքեր սեղմում էին մեզ տոնակատարության ժամանակ: Լսում եմ, թե ինչպես են շատերը պատճառաբանում շոգը` ասելով. «Խեղդող, անտանելի շոգ է, մենք չենք կարող դիմանալ շոգից ու խտությունից ուժասպառ եղած և քրտինքով ողողված ամբոխի խտությանը»: Ես ամաչում եմ այդպիսի մարդկանց համար, ճիշտն ասած, այդ պատրվակները բավարար չեն նույնիսկ նրանց արդարացման համար, ում մարմինը նուրբ է և տկար:

Մի՞թե դատապարտելի չեն այդպիսի արդարացումները, չէ՞ որ սրբերը, գտնվելով կրակների, տիղմի մեջ, բանտերում, կոճղերի ու վերքերի մեջ, կալանքի տակ ու անտանելի դժվարությունների մեջ, երբեք նման պատճառաբանություն չարեցին, այլ մեծ պատրաստակամությամբ և բոցավառ եռանդով, միշտ աղոթքի ու սուրբ երգեցողության մեջ էին, իսկ մենք, ոչ մի դժվարություն չկրելով, փոքր-ինչ տոթի, շոգի ու քրտինքի պատճառով արհամարհում ենք մեր անձնական փրկությունը և թողնելով այստեղի հավաքները` թափառում ենք դրսում` ապականվելով անառողջ հավաքներում: Քրիստոս ասում է. «Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մեջ կլինի բխող ջրի աղբյուր հավիտենական կյանքի համար» (Հովհ. 4:14), և նորից. «Ով ինձ հավատում է, – ինչպես Գիրքն է ասում, – նրա ներսից կենդանի ջրի գետեր պիտի բխեն» (Հովհ. 7:38): Դու, հոգևոր աղբյուրներ ու գետեր ունենալով հանդերձ, վախենում ես զգայական շոգից: Իսկ շուկայում, որտեղ այդքան աղմուկ է, նեղվածք և տոթ, ինչո՞ւ չես տրտնջում խեղդոցից և շոգից: Այդ պատճառաբանությունները գալիս են անհոգությունից, հոգու անփութությունից և Սուրբ Հոգու զորությունից զրկվելուց: Մի՞թե չես ամաչում հրեաներից, ովքեր այդպես ճշտորեն պահում են շաբաթը և երեկոյից սկսած` դադարեցնում են բոլոր աշխատանքները:

Նրանք ուրբաթ օրը, երբ տեսնում են, որ արևը թեքվում է դեպի արևմուտք, դադարեցնում են պայմանագրերը, ավարտում առևտուրը: Իսկ եթե մեկը նրանցից որևէ բան էր գնել և երեկոյան վերադարձնում է գումարը, ապա նրանք իրենց թույլ չեն տալիս ստանալ արծաթը, նրանց համար լավ է զրկվել գանձերից, քան խախտել օրենքը: Այսպիսի ճշգրտությամբ են հրեաները պահում օրենքը, որը նրանց ոչ մի օգուտ չի բերում, այլ նույնիսկ վնասում է, իսկ դու, որ առավել բարձր ես կանգնած ստվերից, որ արժանացար տեսնել Ճշմարիտ Արեգակին, սլանում ես դեպի երկնային կյանքը, ընդունել ես ճշմրտությունը, չես ցուցաբերում նույնիսկ այնպիսի եռանդ, ինչպես վատ գործերի մեջ` ջանասերները, բայց կանչված լինելով օրվա այս կարճ հատվածում` չես ցանկանում նույնիսկ այդ կարճ ժամանակահատվածն օգտագործել աստվածային խոսքեր լսելու համար:

Ինչպե՞ս կարող ես ներում ստանալ, ինչպիսի՞ հիմնավոր և իրավացի արդարացում կարող ես ունենալ: Անհնար է այդքան անհոգ ու անփույթ լինելով հանդերձ` երբևէ ներում ստանալ, թեկուզ հազար անգամ պատճառաբանելով կենցաղային գործերի անհրաժեշտությունը: Մի՞թե չգիտես, որ եթե գաս եկեղեցի՝ աղոթելու Աստծուն, ձեռնարկած գործերդ ավելի հաջող ընթացք կունենան: Եթե կենցաղային գործեր ունես, ապա եկեղեցի գնա, որպեսզի քո ներկայությամբ ձեռք բերելով Աստծո բարեհաճությունը` ապահով դուրս գաս այդտեղից՝ օգնական ունենալով Աստծուն և աստվածային ձեռքի օգնությամբ դևերի համար անհաղթահարելի դառնալով: Եթե օգտվում ես հայրերի աղոթքներից, մասնակցություն ես ունենում ընդհանրական աղոթքին, լսում ես աստվածային խոսքեր, Աստծո օգնությունն ես ստանում և դուրս ես գալիս այդտեղից՝ աստվածային զենքերով պաշտպանված, այդ ժամանակ սատանան այլևս չի համարձակվի հայացք գցել քեզ վրա, էլ չեմ խոսում չար մարդկանց մասին, որոնք ջանում են չարախոսել և զրպարտել քեզ: Եթե դուրս գաս տնից առանց այդ զենքերի, այդ ժամանակ հեշտությամբ կկորսվես բոլոր թշնամիներից: Եվ հոգևոր գործերն անտեսելու պատճառով էլ կենցաղային, հասարակական ու անձնական շատ գործեր մեր ցանկությամբ չեն ընթանում: Բայց մենք խախտել ենք կարգը, դրանից էլ մեր գործերի ճիշտ ընթացքը խախտվել է, և այդ ամենը մեզ մոտ մեծ շփոթություն է առաջացրել: Հնարավոր չէ հասարակական այլ հավաքներից ու գործերից ավելի օգուտ ստանալ, լինեն դրանք դատարաններ, խորհրդակցության վայրեր կամ նույնիսկ թագավորական պալատ, քան այստեղ ներկա գտնվելուց: Այստեղ եկողներին չենք վարդապետում ո՛չ ժողովուրդներ, ո՛չ քաղաքներ կառավարելու և ո՛չ էլ զորքեր ղեկավարելու իշխանության մասին, այլ ուրիշ իշխանության՝ թագավորի իշխանությունից առավել կարևոր, ոչ թե մենք ենք վարդապետում, այլ Սուրբ Հոգու շնորհը: Ի՞նչ իշխանություն են ստանում այստեղ եկողները, որն առավել կարևոր է նույնիսկ թագավորի իշխանությունից: Այստեղ սովորում են իշխել ամոթալի կրքերին, թագավորել վավաշոտության ախտին, զսպել բարկությունը, ոչնչացնել նախանձը, հպատակեցնել սնափառությունը: Այնքան կարևոր չէ թագավորական գահին նստած և թանկարժեք գլխազարդով պատված թագավորը, որքան մարդը, ով ինքն իր մեջ իշխանության գահին է բազմեցնում առողջ բանականությանը՝ իշխելու ստրկական կրքերին և զարդարում է իր գլուխը դրանց հանդեպ տերությամբ, ինչպես փայլփլուն թագավորական գլխազարդով: Ի՞նչ օգուտ կա ծիրանագույն, ոսկեղեն հագուստներից և թանկագին քարերով պսակներից, երբ հոգին կրքերի գերի է: Ի՞նչ օգուտ կա արտաքին ազատությունից, երբ մեր իշխելու ընդունակությունը՝ միտքը, ստրկանում է ամոթալի և թշվառ ձևով: Երբ տենդը թաքնվում է մարմնի ներսում և այրում ամբողջ մարմինը, թեև նրա արտաքին մակերեսը պահպանում է իր նախկին տեսքը, սակայն ոչ մի օգուտ չի կարող տալ մարդուն, այդպես էլ երբ հոգին պատառոտվում է ներքին կրքերից, օգուտ չկա ո՛չ արտաքին իշխանությունից, ո՛չ թագավորական գահից, երբ միտքը տապալվում է կրքերի հանդեպ ունեցած իշխանության գահից, ենթարկվում է այդ կրքերին և վախենում դրանց բռնկումից: Որպեսզի դա տեղի չունենա, մարգարեներն ու առաքյալներն ամեն կողմից գալիս են օգնության՝ հպատակեցնելու մեր կրքերը, դուրս նետելու մեզանից ամեն տեսակի անմտություն և մեզ տալիս թագավորությունից ավելի կարևոր իշխանություն: Այդ պատճառով էլ ասում եմ, որ իրեն այդպիսի հոգատարությունից զրկողը մահացու վերքեր է ստանում՝ ենթարկվելով վնասների, իսկ այստեղ եկողներն այնպիսի օգուտ են ստանում, ինչպիսին չեն կարող ստանալ ուրիշ ոչ մի բանից:

Ռուսերենից թարգմանեց Գայանե ԹԵՐԶՅԱՆԸ

Աղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ

Հետևեք մեզ նաև Telegram-ում