Արչի Կալենցը` Նիկողոսյանի մասին. «Պապիկս ասում էր` քանդակն իմ կինն է, գեղանկարչությունը` սիրուհիս»

Արչի Կալենցը` Նիկողոսյանի մասին. «Պապիկս ասում էր` քանդակն իմ կինն է, գեղանկարչությունը` սիրուհիս»

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, Aravot.am: Օգոստոսի 9-ին Երեւանում` Սարյան 19/21 շենքի նկուղային հարկում կբացվի անվանի քանդակագործ եւ նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանի ցուցասրահը, որտեղ մշտական ցուցադրություն կլինի: Այս մասին Aravot.am-ին հայտնեց արվեստագետի թոռը` նկարիչ, համադրող եւ գալերիստ Արչի Հարություն Կալենցը: Ասաց, որ որոշ գործեր բերվել են Մոսկվայից, որոշ գործեր` նրա Բարեկամություն փողոցի տնից: Դեռեւս վարպետի կենդանության օրոք ստեղծվել էր «Նիկոլայ Նիկողոսյան» մշակութային հիմնադրամ, եւ այժմ այդ հիմնադրամը եւ Մոսկվայի «Նիկո» պատկերասրահը կազմակերպում են Նիկոլայ Նիկողոսյանի աշխատանքների ցուցահանդեսի բացումը՝ հիմնադրամի նոր արվեստային տարածքում:

Հարություն Կալենցը շնորհակալություն հայտնեց քաղաքապետարանին` աջակցության համար, նաեւ ՀՀ կառավարությանն այն բանի համար, որ վարպետը իր հանգիստը գտավ Կոմիտասի անվան պանթեոնում այլ մեծերի կողքին:

Արչի Հարություն Կալենցը գտնում է, որ Նիկոլայ Նիկողոսյանի աշխատանքները կարեւոր դերակատարություն ունեն Երեւանի դիմագծում. «Այժմ մեր ճարտարապետության մեջ մոդեռնիստական ժամանակաշրջանն ուսումնասիրվում է, եւ մենք հասկանում ենք, թե ինչ մեծ ազգային արժեք էր այդ ամենը` եւ ուտոպիկ մոտեցումը եւ փոքրիկ շուկայի մտածելակերպից դուրս գալը…Պապիկիս գործերը շատ կարեւոր են, եւ ես հույս ունեմ, որ նոր տարածքը կծանոթացնի նրա մոնումենտալ գործերի ստեղծման պատմությունների հետ, նաեւ դրանցից բացի գրաֆիկական գործերին, որոնք յուրահատուկ տեղ ունեն նրա ստեղծագործության մեջ: Նիկողոսյանը լինելով քանդակագործ` շատ սիրել է գրաֆիկան եւ գեղանկարչությունը: Պատահական չէ, որ նա միշտ ասում էր, թե քանդակն իր կինն է, գեղանկարչությունը` սիրուհին»:

Նիկողոսյանի մոնումենտալ և մոնումենտալ-դեկորատիվ քանդակներից են Միքայել Նալբանդյանի, Եղիշե Չարենցի հուշարձանները Երեւանում եւ Ավետիք Իսահակյանի հուշարձանը` Գյումրիում: Բոլորի ճարտարապետն էլ Ջիմ Թորոսյանն է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները` nikoartgallery.com -ից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/08/07/1059191/

© 1998 – 2019 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Հետևեք մեզ նաև Telegram-ում