USD
EUR
RUB

Հովհաննես Թումանյան․ Աղջկա սիրտը

 

(Արևելյան ավանդություն)

Հին արևելքում, մի հին քաղաքում
Ժուկով մի ջահել աղջիկ էր ծաղկում։
Հարուստ էր հերը զալում սիրունի,
Անհուն գանձի տեր ու շատ անվանի։
Բայց սիրո համար խեղճ ու շեն չըկան.
Մի աղքատ տըղա սիրեց աղջըկան,
Աղջիկն էլ նըրան սիրեց կաթոգին,
Եվ ուզում էին լինեն մարդ ու կին.
- Կա թե չըկա,
Նա է, որ նա...

- ՉԷ՛, որ չէ՛, կանչեց ծընողը փարթամ,
Իմ աղջիկն, ասավ, սև հողին կըտամ
Ու մերկ աղքատին աղջիկ չեմ տալ ես։
Ասավ ու կանգնեց էն լեռ քարի պես։
Բայց սիրո համար քար ու սար չըկան.
Սիրում էր գըժված տըղեն աղջըկան,
Աղջիկն էլ նըրան սիրում կաթոգին,
Եվ ուզում էին լինեն մարդ ու կին.
- Կա թե չըկա,
Նա է, որ նա...

Սաստիկ բարկացավ հարուստն անկոտրում,
Փակեց աղջըկան մեծ աշտարակում
Իր սիրած տըղից ու կյանքից հեռու.
- Թող էսպես, ասավ, մոռնան իրարու։
Բայց սիրո համար փակ ու բանտ չըկան.
Սիրում էր անվերջ տըղեն աղջըկան,
Աղջիկն էլ նըրան սիրում կաթոգին,
Եվ ուզում էին լինեն մարդ ու կին.
- Կա թե չըկա,
Նա է, որ նա...

Տեսավ իր ձեռքին ոչ մի ճար չըկար,
Համառ հարուստը հերսից խելագար,
Իրեն աննըման զավակը միջին,
Կըրակի մատնեց աշտարակն էն հին։
Բայց սերը որտեղ հըրդեհ է ձըգել,
Ի՞նչ անի էնտեղ հըրդեհը մեկ էլ։
Ու թեժ բոցերի սաստկության միջում
Աղջիկն՝ էրվելով ճըչում էր, կանչում.
- Կա թե չըկա,
Նա է, որ նա...

Ու էրվեց հիմքից աշտարակն ահեղ,
Էրվեց նըրա հետ էն սիրունն անմեղ.
Հող-մոխիր դարձավ։ Իր սիրտը մենակ
Չէրվեց հըրաշքով ու սառ մոխրի տակ
Մընաց կենդանի... էն մոխրի վըրեն
Արտասուք թափեց սիրահար տըղեն
Ու կորա՜վ, գնաց, հեռո՜ւ, շատ հեռու,
Իր օրը լալու, նըրան փընտրելու,
Մենա՜կ, օտա՜ր,
Անմըխիթար...
Ո՜վ քընքուշ գաղտնիք, ո՜վ սիրուն հըրաշք.
Էրված աղջըկա սիրտը մոխրի տակ,
Իրեն մոխրի տակ կենդանի էր դեռ-
Ոչ ոք չըգիտեր, ոչ ոք չըգիտեր...
Ժամանակ անցավ էս տըխուր դեպքից,
Արցունքով թըրջված էն մոխրի տակից,
Էն միշտ կենդանի սրրտից թըրթըռուն
Բուսավ խաշխաշի ծաղիկը սիրուն,
Կարմի՜ր, թեթև՜,
Բայց... սիրտը սև...

Սըգավոր տըղան հուսահատ, թըշվառ
Շըրջում էր մոլոր աշխարհից աշխար,
Չէր գըտնում սակայն կյանքում էլ նըրան,
Ամեն տեղ վիշտն էր սիրածի մահվան,
Որ հար, թե՛ զարթուն, թե՛ քընի միջում.
Տանջում էր նըրան, անդադար տանջում։
Բայց սիրո համար վերջ ու մահ չըկան,
Տըղի հառաչքը հասավ աղջըկան
Անմահ կյանքում
Էն աշխարհքում։

Հասավ, ու շարժված, կարոտ, կարեկից,
Թըռավ աղջիկը անմեռ աշխարհքից,
Սիրով ու բույրով, թարմ, անուշահոտ,
Երազով եկավ սիրած տըղի մոտ։
- Լըսիր, իմ սըգվոր, լսի՛ր ինձ, ասավ.
Իմ մոխրի տակից մի ծաղիկ բուսավ,
Ու էն ծաղկի մեջ իմ սիրտն է, որ կա,
Կարոտ, խենթ սիրտը ջահել աղջըկա-
Լիքը սիրով,
Երազներով...

Ուժ ունի իր մեջ նա կախարդական
Ու քաղցր արբեցում էնքա՜ն ու էնքա՜ն...
Քամիր ու խըմիր ուժը էն ծաղկի,
Նա քեզ կըփըրկի, նա քեզ կըփըրկի...
Մոռացնել կըտա իմ հուր սերն ու ինձ,
Հեռու կըտանի էդ կոպիտ կյանքից,
Ու կապրես անվիշտ և զըվարթ հոգով,
Կըխնդաս ընդմիշտ անթառամ կյանքով
Ազատ հեռվում,
Երազներում...

Ո՜վ սիրուն հըրաշք, ո՜վ քնքուշ գաղտնիք.
Տըղան էն օրից դարձավ երջանիկ։
Հարբած նվիրական էն ծաղկի ուժով,
Միշտ նոր կարոտով ու նոր աշխուժով,
Իրեն երբեմնի վիշտը մոռացած,
Էս կոշտ ու կոպիտ կյանքից հեռացած,
Ապրում էր ուրախ, ճոխ վայելքներով.
Լե՜ն ու լի սըրտով, անկաշկանդ սիրով
Ազատ հեռվո՜ւմ-
Երազներում...

1913

Լրահոս
Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել «Սգո տունը» թատրոն կդառնա Պաղտասար Դպիր.Դարձեալ առ տաճարն երկնանման Էդ Շիրանի նոր ստեղծագործությունը 1 մլն-ից ավելի դիտում է ունեցել մի քանի ժամում Գնացքում Շուշանիկ Կուրղինյան. ․․․Եվ մենք քսան դար․․․ Սիպիլ․ Մենաստանին կույսը Բաղայ Ասորի. «Երանելի՜ ես դու, որովհետև քո կաթով կերակրեցիր Աստծուն» Emmy-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարի. Fox Entertainment Գրիգոր Զոհրապ․ Ժամին բակը «Չկա անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակեր Հովհաննես Թումանյան․ Աղջկա սիրտը «ՌեԱնիմանիա»-ն կիրականացնի «Անիմացիոն ֆիլմի դիտարկում մեդիայում» խորագրով դասընթաց Մարզահամերգային համալիրի տարածքում տեղադրվելու է Կարեն Դեմիրճյանի արձանը Աշխարհի բանաստեղծական պատկերին հավատարիմ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը գործելու է Արդարադատության նախարարության ենթակայության տակ Աստված նայում է մարդու սրտին, իսկ մարդիկ՝ մարդկանց երեսին Հովհաննես Հովհաննիսյան․ Արազն եկավ լափին տալով․․․ Սոնա Արշունեցի․ Արդար դատաստան Աղոթք ընտանիքի Ստեփանակերտի հրապարակում կհնչի Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը Արչի Կալենցը` Նիկողոսյանի մասին. «Պապիկս ասում էր` քանդակն իմ կինն է, գեղանկարչությունը` սիրուհիս» Վալենտին Գաֆտին գլխուղեղի կաթվածով հիվանդանոց են տեղափոխե Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Տարանտինոն չի բացառում, որ իր 10-րդ ֆիլմը կդառնա վերջինը Բելգիացին 500 եվրոյով պատահաբար գնել է Ռեմբրանդտի՝ մոտ 30 մլն եվրո արժեցող կտավը Մայր տաճարի բուսածածկույթի մաքրման աշխատանքների ժամանակ պատահականորեն բացահայտվում է, որ տաճարը փլուզման վտանգի առջև է «Տիրոջ երկյուղը կյանք է մարդու համար» Disney-ը կվերանկարահանի «Տանը՝ մենակ» եւ «Գիշերը թանգարանում» ֆիլմերը Վիլյամ Սարոյան. Ծիծաղ Աղոթք առ Աստված Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին Ավարտվեցին Հաղբատավանքի որմնանկարների վերականգնման աշխատանքները Արդյո՞ք դժվար է Թուրքիայում հայերեն երգեր կատարելը. ստամբուլահայ երգչուհին է պատմում Ստեփան Զորյան․ Անհայտ թելեր Կյանքից հեռացել է ճանաչված գրականագետ Հասմիկ Աբեղյանը «Չնայած , ես ինձ գրող չեմ համարում, բայց...». Սամվել Սևադա Սիպիլ․ Ապրի՛լ Եղիշե Չարենց․ Երկիր Նաիրի՝ Մասն երկրորդ Աղօթք ապաշխարութեան
website by Sargssyan