Բաղայ Ասորի. «Երանելի՜ ես դու, որովհետև քո կաթով կերակրեցիր Աստծուն»

Բաղայ Ասորի. «Երանելի՜ ես դու, որովհետև քո կաթով կերակրեցիր Աստծուն»

[…] Երանելի՜ ես, Մարիամ, որովհետև հանձինս քո իրականացան Մարգարեների կողմից կանխավ ավետված առեղծվածներն ու խորհուրդները։ Մովսեսը պատկերեց քեզ այրվող մորենու ու ամպի, Հակոբը՝ [դեպի երկինք ձգվող] սանդուղքի, Դավիթը՝ Ուխտի Տապանակի, իսկ Եզեկիելը՝ փակված ու կնքված դռան մեջ։ Եվ ահա, քո ծննդաբերելով այսօր բոլոր այդ խորհուրդները կատարվեցին։ Թող գովաբանվի Հայրը, որ առաքեց Իր Միածին Որդուն, որ ծնվեց Մարիամից, ազատելով մեզ ստից ու կեղծիքից և փառավորելով նրա հիշատակը երկրի վրա ու երկնքում։

Երանելի՜ ես, Մարիամ, որ Նրան հղացար։ Երանելի՜ ես, որ Նրան ծնեցիր։ Երանելի՜ ես, որ կերակրեցիր Նրան, ով կերակրում է բոլորին։ Երանելի՜ ես, որ քո գրկում կրեցիր այն Հզորին, ով կրում է աշխարհն Իր կարողությամբ և ամեն բանի վրա իշխում է։ Երանելի՜ ես և օրհնյա՜լ, որ շուրթերովդ համբուրեցիր այն կիզիչ Բոցը, [որի կարոտով] տոչորվում է Ադամի սերնդի զավակը։ Երանելի՜ ես դու, որովհետև քո գրքից ճառագայթեց մի շքեղ Պայծառություն, որ տարածվում է ողջ աշխարհով մեկ, որն այժմ քեզ երանելի է անվանում։ Երանելի՜ ես դու, որովհետև քո կաթով կերակրեցիր Աստծուն, որն Իր ողորմությամբ խոնարհվեց՝ բարձրացնելու համար թշվառներին։

Փա՜ռք քեզ, ո՜վ ապաստան մեր։ Փա՜ռք քեզ, ո՜վ պարծանք մեր, որովհետև քո շնորհիվ մեր ցեղը բարձրացավ երկինք։ Աղաչիր քեզնից ծնված Աստծուն, որպեսզի խաղաղություն ու անդորր առաքի Իր Եկեղեցուն։ Քո աղոթքների զորությամբ, ո՜վ Մայր Բարձրյալի, թող որ Նա պարգևի երկրին ու նրա բնակիչներին լիակատար խաղաղությունը։ Գո՜վք Նրան, ով ծնվել է Մարիամից, ով նրան դարձրել է Իր Մայրը, և ով նրա մեջ դարձավ մանուկ։ Օրհնությո՜ւն արքայից Արքային, որ մարդացավ և մարդկային ցեղը բարձրացրեց դրախտի բարձրությանը։ Գո՜վք Նրան, ով Նրան առաքեց մեր փրկության համար, և փա՜ռք Սուրբ Հոգուն, ով ջնջում է մեր մեղքերը։ […]

Բաղայ Ասորու (?-460) « Աղոթքներ և շարականներ » աշխատությունից
Աղբյուր՝ Mashtoz.org

Հետևեք մեզ նաև Telegram-ում