«Սգո տունը» թատրոն կդառնա

«Սգո տունը» թատրոն կդառնա

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, Aravot.am: – Պարոն Դադասյան, մեր տեղեկություններով, արդեն 36 տարի պետական կարգավիճակ ունեցող ձեր մշակութային օջախի համար վերջապես հայտարարվել է թատրոնի շենքի շինարարության մրցույթ…

– Այո՛, հայտարարությունն արդեն տարածվել է, ինչը նշանակում է՝ «սայլը տեղից շարժվել է»: Հայտարարության մեջ նշված է, որ շինարարության աշխատանքները պետք է տեւեն 14 ամիս՝ Գեւորգ Քոչար 21 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկի 950 քմ մակերեսով տարածքում: (Ի դեպ, ասում են, որ խորհրդային տարիներին այս շենքը Հայաստանի Կենտրոնական կոմիտեն կառուցել է իբրեւ սգո տուն):

– Ձեր խոսքերից կարելի է ենթադրել, որ «մնջախաղի հարաբերություններն» արդեն լավ են կառավարության հետ:

– Մենք տարիներ շարունակ, առանց տարածք ունենալու, աշխատել ենք գերլարումով, բեմադրել ենք ներկայացումներ, մասնակցել հանրապետական միջոցառումների ու բազմաթիվ միջազգային փառատոների, մրցույթների, ի վերջո, Հայաստանում առաջին անգամ իրականացրել ենք մնջախաղի միջազգային փառատոն: Սրանք ապացույցն են, որ այս ժանրը ոչ միայն իրավունք ունի ունենալ իր սեփական տարածքը, այլեւ զարգանալ, մանավանդ որ, ժամանակակից թատրոնի տենդենցները գնում են դեպի վիզուալ թատրոն, որտեղ, եթե ոչ առավել, ապա շարժումը դառնում է խոսքին համարժեք: Մի բան էլ՝ պետությունը ոչ թե պարտավոր է պետական կարգավիճակից ելնելով թատրոնին տրամադրել տարածք միայն այն պատճառով, որ այն պետական է, այլ առաջին հերթին պետք է հաշվի առնել, թե ինչ ձեռքբերումներ է գրանցել տվյալ օջախը, թույլ տվեք նկատել, այն էլ մեր դեպքում, որ փաստորեն տասնամյակներ գոյատեւել ենք առանց սեփական տարածքի (օրինակ, Շվեդիայի մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող թատրոնների ֆինանսավորումը կախված է նախորդ թատերաշրջանի ընթացքում նրանց ձեռք բերած հաջողություններից եւ անհաջողություններից.- Ս.Դ.):

Հայկական միջնադարյան թատրոնի գործնական ուսումնասիրությունների ընթացքում մեր խաղացանկում հայտնվել են այնպիսի ներկայացումներ, որոնք առանձնանում են ոչ միայն իրենց ազգային թեմաների, այլեւ արտահայտչամիջոցների եւ մոտեցումների յուրահատկությամբ, ինչն անխոս արդյունք է մեր միջնադարյան տաղերի, հոգեւոր երաժշտության, մանրանկարչության, մատենագրության խորը ուսումնասիրության եւ այլն: Այս մասին միջազգային տարբեր հարթակներում քանիցս փաստել են անվանի շատ թատերական փորձագետներ:

Օրինակ, Վաչե Շարաֆյանի երաժշտությամբ «Շերանիկում» Հաղպատի ավետարանի միջնադարյան մանրանկարչության խոսուն կերպարներն են դարձել բեմադրության առիթը:

– Խնդրում ենք լայն լսարանին տեղեկացնել, թե, օրինակ, նոր տեխնոլոգիական առումով ի՞նչ ժանրային մոտեցումներ կարող են լինել մնջախաղի արվեստում:

– Նոր տեխնոլոգիաները, ինչ խոսք, կարող են զարմացնել, ազդել հանդիսատեսի աչքին, ինչի շնորհիվ թատրոնի հեքիաթը կարող է հենց աչքի առաջ առարկայանալ: Բայց թատրոնի առաքելությունը մարդու հոգու հետ հաղորդակցվելն է: Ու տեսողության միջոցով պատկերը պիտի թափանցի, բովանդակություն ստանա մարդու հոգում: Հենց սա է առաջացնում բազում հարցեր, եւ հանդիսատեսը պետք է փորձի գտնել դրանց պատասխանները:

– 2018թ. նորին գերազանցություն գումարի բացակայության պատճառով չկայացավ Ծաղկաձորում ավանդաբար անցկացվող Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային թատերական փառատոնը: Գիտենք, որ այն կմեկնարկի 1-2 օր անց…

– Մնջախաղի միջազգային փառատոնն այս տարի նույնպես կմեկնարկի Ծաղկաձորում: Ծրագրված են ներկայացումներ նաեւ Դիլիջանում:

Կհյուրընկալենք վեց երկիր՝ Ռուսաստան, Լեհաստան, Ֆրանսիա, Ճապոնիա, Իրան, Արգենտինա: Նշածս երկրների մնջախաղացները, բացառությամբ Ռուսաստանի, առաջին անգամ կներկայանան հայաստանցի հանդիսականին: Օրինակ, կժամանի Բրոցլավի Հենրիխ Տոմաշեւսկու անվան մնջախաղի թատրոնը, ինչպես հայտնի է, աշխարհահռչակ Տոմաշեւսկին իր կարիերան սկսել է ժամանակակից թատրոնի ռեֆորմատորներից Եժի Գրատովսկու հետ:

– Այս փառատոնին հրավիրված չե՞ն «դրսում» ճանաչված մեր հայ մնջախաղացներից, ասենք՝ ֆրանսաբնակ Վահրամ Զարյանն ու Դիանա Ներսիսյանը, որոնց արվեստով, փառատոնի շնորհիվ, առիթ ունեցել ենք հիանալու:

– Այս անգամ ոչ: Բայց նշենք, որ հյուրի կարգավիճակով հայրենիք է ժամանել Վահրամ Զարյանը:

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում