Եկեղեցին և դպրոցը միավորված են վեհագույն միությամբ

Եկեղեցին և դպրոցը միավորված են վեհագույն միությամբ

Դարեր ի վեր Հայոց աշխարհում ինչպես եկեղեցական, այնպես էլ արքունի և ազնվական գործիչները եկեղեցու լույսով են կրթվել՝ ազգի սյուները դառնալով: Ս. Գրիգոր Լուսավորչի ողջ տոհմը, Մամիկոնյան և այլ նախարարական տներ այդ ամենի վառ օրինակն են հանդիսանում: Հայոց պատմության էջերը վկայում են, որ Հայոց եկեղեցին հավասարապես կրթել է թե՛ իշխանին և թե՛ գեղջուկին՝ հանդիսանալով հայի ազգային ինքնության, բարոյական կյանքի ու ապագայի պահպանողը:

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, աստվածաբան, պատմաբան, հայագետ և մանկավարժ Արշակ Տեր-Միքելյանն (1864-1901 թթ.) ասել է, որ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին և դպրոցը գոյություն չունեն առանձին-առանձին, այլ վեհագույն մի միություն են կազմում. «Եկեղեցու գավթում է դպրոցը, որ պետք է կրթի և նրանից պետք է ելնեն կրթողներ, սերմանողներ և հնձողներ: Դպրոցը պետք է տա մարդիկ բառի բուն նշանակությամբ, որպեսզի նրանից ելնեն եկեղեցական և հասարակական գործիչներ: Հենց այդ չի ասում «դպրոց» բառը. «դպիր», որից և դպրոց, «դպրություն». ահա գաղափարներ, որոնք եկեղեցու գմբեթի տակ են պտտվում: Ծխական դպրոցից սկսած մինչև ճեմարան. այդ ուսումնավայրերի արմատները եկեղեցուց են սնունդ առնում: Այդ պատճառով և բոլոր գիտություններն իրենց համաչափությամբ պետք է եկեղեցու լույսի շուրջը հաստատվեն, այսինքն՝ տան այն պտուղները, որոնք ելնում են հիշյալ սնունդից բողբոջյալ ծաղիկներից, որպեսզի այդ պտուղները վերստին ծառայեն իրենց արմատների վայրը ծաղկեցնելուն»: Արշակ Տեր-Միքելյանն ուսման արդյունավետության հետ կապված կարևորում է այն, որ ուսումը ուսում չէ, եթե բարոյականի և ինքնաճանաչության կողմից հիմունք կազմողը կաղում է, և այդ պահանջը պատմական է:

Իսկ Յոհան Վոլֆգանգ Գյոթեն ասել է, որ մի ազգի համար միայն այն է լավ, ինչը նրա սեփական միջոցից և նրա ընդհանուր կարիքից է բխել՝ առանց որևէ մեկին պատկանելու: Քանի որ ինչ որ մի ազգի իր որոշ հասակի բարերար սնունդը կարող է մեկ ուրիշի համար թույն դառնալ: Բոլոր փորձերը որևէ օտարերկրյա նորոգության, որի կարիքը ազգի խոր միջուկի մեջ արմատ չի տվել, աննպատակ են և այդ տեսակի բոլոր մտադրյալ հեղափոխություններն՝ անհետևանք, քանի որ դրանք առանց Աստծո են, իսկ եթե ճշմարիտ կարիք կա այդպիսի մի վերանորոգության, այն ժամանակ Աստված կհաջողի:

Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորիչն իր «Հաճախապատում» գրքում գրել է. «գրել ձեզ և ուսուցանիլ կամիմ, եղբարք, զորս ի Քրիստոս Աւետարանաւն ծնայ», այս էր նրա սկզբունքը, նրա համար չկար այլ հեղինակություն, քան Սուրբ Գիրքը, որով պետք է առաջնորդվեին և որն ուսուցանեին իր հաջորդները: Ս. Գրիգոր Լուսավորչի՝ անխոջ մշակի գործունեության պտուղներն էին 4-5-րդ դարերը՝ Սահակ-Մեսրոպ գործունեության խարիսխները: Ըստ Գարեգին եպս. Տրապիզոնի Խաչատուրեանի՝ Հայ եկեղեցու զույգ ոսկեղեն սյուները՝ Ս. Սահակ Պարթև հայրապետն ու Ս. Մեսրոպ Մաշտոցն ընտրեցին զույգ ոսկեղեն խարիսխները՝ եկեղեցին և դպրոցը, որ հետապնդում էին միևնույն նպատակը՝ ազգային-կրոնական դաստիարակությունը, առաջինը՝ ժողովրդին, երկրորդը՝ մանուկներին: Երկու հաստատություններում էլ դաստիարակչական գլխավոր գործոնը Սուրբ Գիրքն էր, բայց մեծ վարպետները զուրկ չէին մանկավարժական և ժողովրդավարական ըմբռնումից: Նրանք որչափ, որ ճանաչում էին մանուկներին, նույնչափ էլ ժողովրդի հոգին և հոգեբանությունը: Սուրբ Գրքով կրթվեցին նրանց ուսման մունետիկները, որոնք դարձան ճշմարտության այգու մշակները: Նրանց հաջորդող սերունդները դարեր շարունակ ոգի առան այդ լուսավորյալ դարաշրջաններից, իսկ Հայոց այն դարաշրջանները, որ չսնվեցին իրենց խոր արմատներից, զրկվեցին կենարար լույսից՝ խավարի մեջ հայտնվելով: Ոսկեդարյան շրջանի հայը Ավետարանը ճանաչում էր որպես իր հայրը, իսկ եկեղեցին՝ մայրը: «Մեր հայրը Սուրբ Ավետարանն է, իսկ մայրը՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին»,- ահա ոսկեդարյան ոսկեղենիկ նշանաբանը: Ավետարանն ու եկեղեցին ծնողն ու սնողն են այն բոլոր ողջամիտ ուսուցումների, որոնք կրոնական կյանքը դարձնում են անհատի ու հասարակության բարձրագույն նկարագրի խարիսխը:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում