Հրաչյա Թամրազյան․ Մարդ-Ակնթարթ

Հրաչյա Թամրազյան․ Մարդ-Ակնթարթ

Ու անուղի են մտքերը աղոտ,
Ու ցաքուցրիվ, անկատար, ծվատ –
Անդեմ է թվում նա այս առավոտ
Նոր օրվա նման, որ դեռ չծնված,

Դեռ մարմին չառած – ձիրքն այդ արարման,
Սաղմն այդ գալիքի – դեռևս անսերմ –
Այսօր նշմարվող շղարշը վաղվա,
Այն խոսքի նման – որ դեռ չես ասել,

Այդ Մարդ-ակնթարթն – իբրև մի հյուլե –
Աշխարհների մեջ այս հյուլեական,
Ցոլքերն հավաքող մոգական բյուրեղ,
Այրող կիզակետ – երկնքից առկախ –

Ու երկրից կառչած մի ահեղ հանգույց,
Ու սիրտն արյունող անուղի կեռման,
Որ տրոփում է ու իսկույն քանդվում.-
Նրա հետքերն են էջերը ճերմակ,

Ու այս բառերի եզրագծերով,
Իբրև հարաշարժ մի ուրվապատկեր,
Դեռ կթափառի մեր հոգիներով՝
Հավիտյան մենակ, հավիտյան անկերպ

Մեծ մենությունն այդ – բնության ոգին,
Որի զգայուն զավակներն ենք մենք,
Ու հաղորդակից նրա մորմոքին,
Ու նրա առջև կանգնած մորեմերկ –

Երկրպագում ենք այրումին անկեզ
Ու այրվում դանդաղ նրա քուրայում –
Այս առավոտյան դիպել է նա քեզ,
Ունայնությունն է իր խորքից նայում,

Ու կապուտակ է աչքերը նրա,
Ու թափառում է հայացքը անէ,
Նրա հետ այսպես լուռ անէանալ,
Նրա հետ կրկին այսպես կյանք առնել.-

Ապրել լիուլի ու ամեն վայրկյան,
Ամեն ակնթարթ նոր կյանք սերմանել –
Մինչ մտորում ես դու թղթին հակված,
Նա հեռանում է անդարձ ու անհետ…

Հետևեք մեզ նաև Telegram-ում