Հովհաննես Երանյան. Խաբուսիկ օրը

Հովհաննես Երանյան. Խաբուսիկ օրը

Մեկ տարին բոլորած տղեկը կանգնեց դռան շեմին, դուրս եկավ բակ, զարմացած նայեց պայծառ արևին, պստիկ թաթիկով փակեց աչքերը, ըհը-ըհը` փորձեց լաց լինել, բայց լրջորեն մտադիր չէր, նորից նայեց շուրջը, զմայլվեց շրջապատով, ասես առաջին անգամ էր տեսնում լույս աշխարհը ու մի քանի քայլ առաջ գնաց: Մանկան բարձր տրամադրությունը հուշում էր, որ առաջին անգամ ինքնուրույն բակ էր դուրս եկել:

Փնտրեց մորը, չգտավ, ըհը-ըհը` նորից փորձեց լաց լինել, բայց փոշմանեց ու էլի առաջ գնաց:

Կովն անսպասելի բառաչեց, երեխան շրջվեց ու տեսավ գետնին պառկած մորը: Մի անգամ էլ փորձեց լալ, բայց մոր մոտիկ ներկայությունը բերկրալից էր, և երեխան քայլեց այդ կողմ: Հասավ, փռվեց մոր կողքին, սկսեց քաշքշել: Հետո նկատեց կաթով լիքը դույլը, ձեռքը մտցրեց մեջը և հանելով` լպստեց մատները: Նորից շրջվեց մոր կողմ ու ձեռքի սովոր շարժումով բարակ զգեստի տակից դուրս գցեց նրա կուրծքը, հարմար տեղավորվեց ու բերանն առնելով պտուկը` աշխարհի ամենաազնիվ գործին անցավ: Երբ արդեն կշտացել էր, նորից անցավ դույլին, հաջողեց ոսկեգույն գլուխը խոթել մեջը:

Հետո կաթոտ ձեռքերով մի քիչ էլ մորը քաշքշեց: Տղային դուր չեկան կովի պոչից մոր շրթունքներին անցնող, հետո իր քթին նստող ճանճերը, գոռաց նրանց վրա և բարկությունից սկսեց թաթիկներով չմփչմփացնել կաթով դույլի մեջ: Գոլ կաթը առատորեն ցայտում էր դույլից, թրջեց կնոջ բաց մնացած կուրծքն ու պարանոցը և խառնվելով արյանը` դարձավ գորշ դարչնագույն: Կովը գլուխը շրջեց, նայեց տղայի չափազանց լուրջ դեմքին ու նորից բառաչեց, բայց երեխան այնքան էր տարված իր գործով, որ ուշադրության չարժանացրեց, այլ շարունակեց չմփչմփացնել: Նա մի քիչ էլ խաղաց մերթ մոր կրծքի, մերթ կաթի դույլի հետ, հետո հոգնեց դրանից և ձեռքերը գետնին հպելով` ոտքի ելավ, մի քանի քայլ արեց, շրջվեց, նայեց մորը, մի անգամ էլ ձայնեց նրան, բայց այս անգամ էլ պատասխան չստանալով` առաջ գնաց: Բակից դուրս եկավ և ձեռքերն առաջ պարզած` արագացրեց քայլերը:

Օրը տաք էր, բայց շոգ չէր, արևը շողում էր, բայց չէր այրում: Երկնքում ոչ գորշ ամպ կար, ոչ խավար կետ, որոտի, ամպրոպի, կայծակի ոչ մի դավ: Մաքուր էր, անբիծ, ինչպես ինքը` մանկության հուշը: Խաղաղությունը կատարյալ էր: Երեխան մորեմերկ քայլում էր կանաչ խոտի վրա: Նա էլ, ինչպես ամեն երեխա, ծնվել էր աշխարհը փրկելու համար, և աշխարհն այդ օրը փրկված էր: Օրն անմեղ էր, մարդը` նույնպես: Ոչ ոք չէր մահացել, բոլոր մարդիկ անմահ էին: Մահ չկար:

Փարթամ խոտը դժվարացնում էր քայլելը, բայց երեխան չէր կռահում դուրս գալ տրորված, պնդացած հողե ճանապարհ: Մեկ-երկու անգամ նստելու նման ընկավ, հերթապահ թնկթնկոցներն արձակեց և հետույքը տնկելով ու թաթիկներով գետնից հրվելով` ոտքի ելավ: Մի քիչ էլ քայլեց, շրջվեց, նայեց տան կողմն ու ձայնեց.

– Մաաա:

Մի փոքր սպասեց, երևի պատասխան էր ակնկալում, և չստանալով` շրջվեց ու շարունակեց ճանապարհը: Հասավ առվին, ոտքը առաջ պարզեց` մեջը մտնելու: Առուն մեծ չէր, բայց արագահոս էր և կքշեր, կտաներ տղային, բայց քանի որ մահ չկար այդ օրը, փոշմանեց ու հետ քաշեց ոտքը: Ջրի կարկաչը միզելու ցանկություն առաջացրեց, ու երեխան սովորության համաձայն պպզեց, բայց խոտը ծակծկեց հետույքը, և նա ոտքի ելնելով` առաջին անգամ իր կյանքում միզեց տղամարդավարի` կանգնած: Հրճվեց` տեսնելով, թե ինչպես են խառնվում իր և առվակի ջրերը: Տղան ուզում էր երկար շարունակել խաղը, ձեռքերը ուժ տալու պես թափահարում էր, հիշեց ու կրկնեց նման դեպքերի մոր հորդորը` ՛՛լու-լու-լու՛՛, բայց ոչինչ չօգնեց: Խորը խոնարհվեց` տեսնելու, թե ինչու իրենից այլևս ջուր չի գալիս, և այս անգամ էլ գլխի վրա էր առուն ընկնելու, եթե օրն ուրիշ լիներ: Ձեռքը մի պստլիկ քարի դիպավ, վերցրեց ու նետեց առվի մեջ: Ջրի ճլթոցից այնքան մեծ բավականություն ստացավ, որ կարկաչեց խաղընկերոջ` առվի պես ու մատը տնկեց առաջացած օղակի վրա: Երկար ժամանակ քար էր փնտրում խոտի մեջ: Գտավ:

Մեծ էր, չկարողացավ մեկ ձեռքով վերցնել, բարձրացրեց երկու ձեռքով ու ամբողջ մարմնով առաջ մղվելով` շրմփացրեց առվի մեջ: Ջրի մի մեծ շիթ թրջեց տղայի կաթոտ կուրծքն ու գլուխը: Նա առաջին անգամ վախեցավ ջուրն ընկնելուց, շրջվեց ու արագ նահանջեց: Բայց չգնաց տան կողմ, այլ թեքվեց ու քայլեց առվին զուգահեռ: Հետո ուղիղ էր գնում, իսկ առուն լքեց նրան ու գնաց խեղդվելու ծովի մեջ: Տղան հետզհետե ավելի վարժ էր քայլում, ավելի հազվադեպ էր ընկնում և զգալով այդ` հրճվանքով արագացնում էր ընթացքը: Մոտեցավ խաչմերուկին, որտեղից բաժանվող ճանապարհներից մեկը, շրջանցելով հանրային անասնագոմը, նորից գյուղ էր մտնում մյուս ծայրից, իսկ երկրորդը տանում էր դեպի հարևան գյուղ, որն արդեն երկու տարի էր, ինչ ուրիշ երկրում էր: Տղեկը հասավ խաչմերուկին, առանց մի պահ կանգ առնելու, ասես գիտեր թե ուր է գնում, բռնեց երկրորդ ճանապարհը և քայլեց դեպի պատերազմի ճակատային գիծը:

Փոշոտ ճանապարհի վրա իր մարմնի նախշերը թողնելով, անցավ լխպոր օձը: Տղան փորձեց բռնել, կռացած մի քանի քայլ արեց հետևից, բայց գյուրզան անհետացավ խոտերի մեջ: Ուղղվելով` տղան մի անգամ էլ շրջվեց, նայեց գյուղի կողմը, բայց հասակը թույլ չտվեց խոտերից բացի որևէ բան նկատել: Մի քիչ քայլելուց հետո նստեց ու խաղալու ոչինչ չգտնելով` խոտն էր պոկոտում, շպրտում օդ: Նա բարկացավ իր վրա թափվող խոտի մնացորդի վրա, մի քիչ էլ խաղաց և հոգնած կողքի թեքվեց ու քնեց:

Երբ արթնացավ, օրն արդեն մոտենում էր ավարտին: Արևը հասցրել էր կարմրացնել երեխայի` իրեն պարզած կողմը: Մանկիկն սկսեց թնկթնկալ, իսկ քիչ անց, տնից դուրս գալուց հետո առաջին անգամ` լաց լինել: Լալիս էր, որովհետև սոված էր: Երկար լաց եղավ, կանչեց ՛՛մա-մա՛՛, ու հասկացավ, որ իրեն լսող չի լինելու, վեր կացավ ու էլի առաջ գնաց: Եվ էլի քայլեց գյուղից հեռացող ճանապարհով: Աննկատ անցավ պահակակետերը:

Մտավ ականապատված դաշտ: Այնտեղ ռումբերից բացված խորը փոսեր կային և հարյուրավոր ականներ: Տղան քայլում էր նրանց միջով: Ուղիղ գնում էր դեպի տասը մետր հեռավորության վրա տեղադրված երկու ականներն իրար կապող լարը, որը գետնից երկու թզաչափ բարձրության վրա էր և խոտերի մեջ` աննկատ: Տղան կանգնեց կես մետր հեռավորությամբ: Կանգնեց, տրորեց փորիկը, մի քանի պտույտ արեց տեղում և հուսահատությունից ճչաց: Էլի նստեց և արդեն լաց լաց լինելու ուժ չունենալով` միայն սնկրտում էր: Դեմքը հողոտ էր, մարմինը կարմրել էր արևից և կանաչել խոտերին քսվելուց: Նա էլի քնեց, բայց այս անգամ քնեց ուշակորույս: Մթնելուց հետո օդն սկսեց ցրտել, բայց մանչուկը ոչինչ չէր զգում:

Գիշերվա մի պահի` կեսգիշերից քիչ անց, մի կենդանի հայտնվեց մոտակայքում: Բորենի էր, որ շրջում էր ականապատված դաշտում կեր հայթայթելու համար: Մարդու, որևէ կենդանու, կամ էլ հենց իր տեսակի դիակը, լեշն այստեղ արդեն երկար ժամանակ անպակաս էր: Գիշակերը նախ հեռվից տնտղեց որսը, մի քանի պտույտ գործեց` համոզվելու համար, որ իրեն վտանգ չի սպառնում, հետո սկսեց զգուշորեն մոտենալ և, երբ յոթ-ութ քայլ էր մնում, որ հասներ երեխային, դեմ առավ ականների բարակ լարին ու ձգեց: Գիշերվա խաղաղության մեջ երկու ականների միաժամանակյա պայթյունը որոտաց երկնքով մեկ և տարածվեց, հասավ հեռուները: Գազանը ցիրուցան եղավ դաշտում: Ալիքն առավ երեխայի մարմինը ու տարավ հեռու: Ռազմագծի երկու կողմում էլ իրար անցան, ու թեպետ այդպիսի պայթյունները հազվադեպ չէին, այնուամենայնիվ, ամեն անգամ կողմերը հաշված րոպեների ընթացքում պատրաստվում էին դիմավորել թշնամուն: Շուրջ կես տարի էր, որ դադարել էին մարտական գործողությունները, զինադադար էր կնքվել, բայց հաշտությունը խախուտ էր, որովհետև երկու կողմի նշանառուները սպասում էին հարևան գյուղերի բնակիչներին կամ պարեկող զինվորներին` սադրելով պատերազմի վերսկսումը: Լույսը բացվելուց առաջ շների ու շնագայլերի ոռնոցն ու կաղկանձը լցրեց մութը: Իսկ երբ սկսեցին նշմարվել բնությունն ու աշխարհը, լռեցին, և առավոտն էլի պայծառ էր ու խաղաղ: Արդեն երկու շաբաթ էր, որ ականազերծմանը լծված եվրոպացի մասնագետները` սակրավորները, աշխատում էին երկու կողմերի ներկայացուցիչների ուղեկցությամբ և մաքրում տարածքը: Գործում էին զգույշ ու դանդաղ, և եթե օրվա ընթացքում մեկ երկու ական էին վնասազերծում, աշխատանքը համարում էին արդյունավետ: Գործը շատ էր, տարածքը` ընդարձակ ու ականառատ:

Օրվա կեսին սակրավորների շունն անսպասելի սկսեց հաչել, բայց չփորձեց քայլ իսկ անել առանց տերերի թույլտվության: Բոլորը քարացան և լարված նայեցին շուրջները: Շունը նրանց կանգնեցրեց բորենու գլխի մոտ, ավելի հեռվում սակրավորները նկատեցին գազանի մարմնի մասերը նույնպես, բայց այն, ինչ տեսան մի փոքր ավելի ուշ` ցնցեց բոլորին, և ամեն մեկին թվաց, թե պատկերն անիրական է, տեսիլք, ցնորք: Դաշտով դանդաղ ու երերալով անցնում էր մի մերկ երեխա: Ուրվական լինելու համար նա շատ էր գեղեցիկ:

– Ալլահ, Ալլահ, – շշնջաց զինվորականն ու ծնկի եկավ:

Երեխան բաց ու խուփ էր անում բերանը, լաց էր լինում, բայց ոչ մի ձայն չէր կարողանում արձակել:

– Այ քեզ բան, – շշնջաց մյուս զինվորականը, – մեզա քեզ, Տեր Աստված:

Տղան մի քանի քայլ էլ արեց, ճոճվեց ու ընկավ: Բարձրահասակ գերմանուհին այլևս անկարող եղավ մնալ տեղում ու արհամարհելով ականապատված տարածքում տեղաշարժվելու կանոնները` նետվեց դեպի երեխան: Հասավ, գրկեց ու արցունքները կաթեցրեց երեխայի փոշոտ, մրոտ ու ճաքճքված մարմնին: Փորձեց, բաըց չկարողացավ մտաբերել, թե երբ է վերջին անգամ արտասվել: Նրանց մոտ վազեցին առաքելության մյուս անդամներն էլ: Երեխայի բերանը ջուր կաթեցրին, հետո` թերմոսի քաղցր թեյից, բայց վերադարձնել երեխայի գիտակցությունը չէր հաջողվում:

՛՛Եթե նա ապրի, ես այլևս երբեք չեմ բաժանվի նրանից: Ես այլևս թքած կունենամ այս վտանգավոր գործի վրա, որովհետև Աստված ինձ ապրելու նպատակ պարգևեց: Միայն թե նա բացի աչքերը, միայն թե մի ծպտուն հանի, միայն թե չմեռնի՛՛:

– Պետք է նրան շտապ հիվանդանոց հասցնել, – ասաց գերմանացի սակրավորը:

Օդում կախված մնաց որ կողմ տանելու հարցը:

– Երկնքից է իջել էս երեխան, – ասաց մի կողմի սպան, – Ալլահն է ուղարկել, մերն է:

– Երկնքից է իջել, թե գետնի տակից ծլել` մերն է, – ասաց մյուս կողմի զինվորականը:

Նա բռնեց երեխայի թևից, շրջեց իր կողմ ու զվարթացած գոչեց.

– Ձերոնցից որ լիներ, թլփատված կլիներ, նայիր:

Գերմանուհին կոպտորեն հեռացրեց զինվորականի ձեռքը:

– Մենք նրան կտանենք մեզ հետ, – ասաց նա ու կրծքին սեղմեց երեխային:

Նույնը պնդեցին մնացած եվրոպացիները, իսկ նրանց գրասենյակը գտնվում էր մարտական գծի հակառակ կողմում: Այլ փաստարկ, բացի մանկան անթլփատությունից` քրիստոնյա սպան չուներ, ուստի մի փոքր ընդդիմանալուց հետո զիջեց, որովհետև չգիտեր էլ, թե, ի վերջո, ինչ է անելու երեխային:

Գերմանուհին երկու օր ու գիշեր չհեռացավ մանկան հիվանդանոցային մահճակալից, մինչև որ նա բացեց աչքերն ու շշնջաց. ՛՛մա-մա՛՛, ու թաթիկը տանելով գերմանուհու կրծքին` սկսեց տնտղել: Կինը կաթով լցված շշի ծծակը շտապ դրեց մանկան բերանը, բայց երեխան լեզվով մի կողմ հրեց ու կառչելով երեխայի պարանոցից` փորձեց բերանն առնել նրա կուրծքը: Կինն արձակեց կոճակներն ու թույլ տվեց: Երեխան մի քանի վայրկյան անօգուտ ճիգ թափեց և հասկացավ, որ բերանը ոչինչ չի ընկնելու, սկսեց թնկթնկալ ու ճանկռոտել կնոջ կուրծքը: Գերմանուհին մի անգամ էլ կաթով շիշը դրեց տղայի բերանը:

Նա այս անգամ սկսեց **** կաթը, և կնոջ հոգին պռնկեպռունկ բերկրանքով լցվեց իր համար անսովոր մանկական ՛՛հաում-հաում՛՛-ից:

Քանի դեռ երեխան կիսամեռ էր, նրա մասին լուրը տարածվել էր մոտակա գյուղերում: Այդ կողմերում ոչ ոք երեխա չէր կորցրել, բայց և այնպես երկու օրվա ընթացքում շատ մարդիկ եկան Ալլահի հրաշքը տեսնելու: Եղան նաև երեխային սեփականել փորձողներ` կվաճառեին ծնողներին, կամ կփոխանակեին գերի ընկած հարազատի հետ:

Գերմանուհին վճռական էր տրամադրված և կարողացավ մանկանն իր մոտ պահել: Նրա համար երբեք կարևոր չէին եղել մարդու ազգությունը կամ կրոնը, բայց չէր հասկանում, թե ինչու է ուրախ, որ երեխան մահմեդական կողմից չէ:

Ուրեմն մեծ էր հավանականությունը, որ նա ականապատ դաշտում հայտնվել էր սահմանի հակառակ կողմից: ՛՛Իսկ եթե չէ՞, եթե այնտե՞ղ էլ չգտնեմ ծնողներին՛՛, – մտածեց, միայն մի պահ սիրտը թրթռաց ուրախությունից, բայց հաջորդ իսկ պահին կծկվեց անանուն երկյուղից.՛՛Գուցե իսկապե՞ս տղայի հայտնությունը երկնքից է, աստվածային հրաշք է՛՛: Շտապեց ինքն իրենից վանել միստիկ ահը.

– Այո, այնքանով է աստվածային, որ կանխորոշեց իմ ճակատագիրը, և ես այլևս չեմ բաժանվի նրանից, – արտասանեց թեպետ շշուկով, բայց այնքան հաստատակամ, որ թվաց, թե զրուցակից ունի:

Տղային գտնելու հինգերորդ օրը գերմանուհին նրան տարավ ճակատային գծի հակառակ կողմը: Մանկանը ճանաչեցին հարևանները և թարգմանչի միջոցով պատմեցին, թե մորը սպանել են նրան առևանգելու համար:

– Որտե՞ղ է հայրը, -հարցրեց գերմանուհին` երեխային ավելի ամուր կրծքին սեղմելով:

Թարգմանիչը երեք անգամ կրկնեց հարցը, բայց հավաքվածները ոչ մի կերպ չարձագանքեցին, բացի գլուխները կախելուց: Գերմանուհին մեծ դժվարությամբ կարողացավ հնչեցնել երեխային իրեն զիջելու առաջարկը և այս անգամ մանկանն այնքան ամուր սեղմեց կրծքին, որ տղեկն սկսեց ցավից լաց լինել: Հավաքվածներն էլի որևէ կերպ չարձագանքեցին, բացի գլուխներն ավելի խորը կախելուց: Պետք էր շտապ մեկնել մայրաքաղաք` որդեգրման գործը գլուխ բերելու: Երբ տղային իջեցրեց գրկից, ոտքերը թուլացան, զգաց, որ այլևս իր անբաժանելի մասնիկն է թողնում օտար մարդկանց մեջ: Երեխան էլ չէր ուզում բաժանվել, գրկից պոկ չէր գալիս և հավաքվածներին նայում էր վախեցած ու թշնամաբար: Սակայն, մեկ շաբաթն էլ բավական էր, որ մինչ կնոջ վերադարձը այնքան մոռանար նրան, այնպես խորթանար, որ նույնիսկ շոկոլադը չէր ուզում ձեռքից վերցնել ու ճչում էր, հենց որ կինը փորձում էր գրկել:

Գերմանուհին հուսահատության մեջ էր, իսկ տղայի հորեղբայրն այդ պահին կծոտում էր շրթունքներն ու մտածում, թե դեռ ամեն ինչ վճռված չէ: Գերմանուհին ճչացող տղայի հետ հեռանալուց առաջ սեղանին փողի մի տրցակ դրեց ու դյուսելդորֆյան իր հասցեն: Նկատելով դրամը` հորեղբայրը թեքվեց դեպի թարգմանիչն ու գոռաց.

– Ասա, թող վերցնի իր փողը, մենք մանկավաճառ չենք:

Հարևաններից մեկը ոգևորված այս պոռթկումից, ինքն էլ բորբոքվեց.

– Գիտե՞ք, թե մենք ինչքան երեխա ենք կորցրել, հազար, տասը հազար, հարյուր հազար, միլիոն: Գիտե՞ք:

Թարգմանիչը ծպտուն չէր հանում: Հավաքվածներն սկսեցին խրատել ու հանգստացնել դժգոհներին:

՛՛Էհ, թող գնա, գուցե երջանիկ լինի, գուցե մեծ մարդ դառնա: Ի՞նչ կա այստեղ բացի տառապանքից՛՛, – շշնջաց հորեղբայրը, բայց իրենց ցեղական անկամությունից ընկճված դուրս թռավ բակ ու սկսեց հեկեկալ:

Իսկ որդեգիրն այդ պահին մտածում էր, որ ճիշտ կլինի կորցնել իր հետքերը: ՛՛Չէ՞ որ վաղուց ես երազում հասատվել Կանադայում, հիմա ճիշտ ժամանակն է՛՛:

Երեք օր անց տղան իր նոր մայրիկի հետ ինքնաթիռով կտրում էր օվկիանոսը: Իր որբության գաղտնիքն անտեր թողած` գնում էր անազգ, պատմության դեմ անքեն, անվրեժ բարեկեցիկների ծովում կորսվելու` ինչպես իր խաղընկեր առվակը:

Դուրս էր եկել մեկ տարեկան երեխան, տնից մորեմերկ դուրս էր եկել ու գնում էր տեսնելու, թե ինչ կա աշխարհում: Իսկ օրն այնքան պայծառ էր ու խաբուսիկ: Օրը մանկան պես անմեղ էր ձևանում, և թվում էր, թե մահ չկա, թե Ադամից հետո աշխարհ եկած որևէ մեկը չի կորչելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում