Սբ. Երանոս Լուգդունացի. «Փրկչին հետևել՝ նշանակում է մասնակցել փրկությանը»

Սբ. Երանոս Լուգդունացի. «Փրկչին հետևել՝ նշանակում է մասնակցել փրկությանը»

[…] Հայրը պատվիրեց մեզ հետևել Բանին (*) ո՛չ այն պատճառով, որ իբրև թե կարիքն ուներ մեր ծառայութան, այլ՝ տալու համար մեզ փրկությունը։ Փրկչին հետևել, արդարև, նշանակում է մասնակցել փրկությանը, ինչպես որ լույսին հետևել՝ նշանակում է շրջապատվել լուսավորությամբ։ Ով գտնվում է լույսի մեջ, անշուշտ ինքը չէ, որ լուսավորում է լույսը և շողացնում է այն, այլ՝ լույսն է, որ լուսավորում է նրան և նրան դարձնում է լուսավոր։ Նա ոչինչ չի տալիս լույսին, այլ՝ լույսից է, որ ստանում է պայծառության բարիքը և մյուս բոլոր օգտակարությունները։

Այսպես է նաև Աստծուն մատուցված ծառայության դեպքում. ոչինչ չի տալիս Աստծուն, և մյուս կողմից՝ Աստված մարդկանց կողմից Իրեն մատուցված ծառայության կարիքը չունի. բայց նրանց, ովքեր ծառայում են Իրեն և հետևում են Իրեն, Նա տալիս է հավիտենական կյանքը, անապականությունն ու փառքը։ […] Աստված ակնկալում է ծառայություն ստանալ մարդկանց կողմից, որպեսզի հնարավորությունն ունենա – Նա, որ բարի է ու ողորմած – Իր բարերարությունները հեղելու նրանց վրա, ովքեր հարատևում են Իրեն մատուցվող ծառայության մեջ։ Մինչ Աստված ոչնչի կարիքը չունի, մարդը կարիքն ունի Աստծո հետ հաղորդության։ Մարդու փառքը կայանում է Աստծուն մատուցված ծառայության մեջ հարատևելու մեջ։

Սրա համար էր Տերն ասում Իր աշակերտներին. « Դուք չէ, որ ընտրել եք ինձ, այլ՝ ես եմ, որ ընտրել եմ ձեզ » (Հվհ 15, 16)։ […] Եվ տակավին. « Կամենում եմ, որ նաև նրանք, որոնց տվեցիր ինձ, իմ հետ լինեն այնտեղ, ուր ես եմ, որպեսզի տեսնեն իմ փառքը » (Հվհ 17, 24)։ […] Նրանց մասին է Աստված ասում Եսայի մարգարեի գրքում. « Ասելու եմ հյուսիսին. ”Վերադարձրո՛ւ նրանց”, և հարավին. ”Մի՛ պահիր նրանց”. վերադարձրո՛ւ որդիներիս հեռվից, և դուստրերիս՝ երկրի ծայրերից. նրանց, որ կրում են իմ անունը և որոնց իմ փառքի համար եմ ստեղծել » (Ես 43, 6-7)։ […]

Սբ. Երանոս Լուգդունացու (մոտ. 130 – մոտ. 208) « Ընդդեմ Հերետիկոսությունների » աշխատությունից, 4, 14.
Աղբյուր՝ Mashtoz.org

Հետևեք մեզ նաև Telegram-ում