Էդուարդ Հախվերդյան․ Բանաստեղծություններ

Էդուարդ Հախվերդյան․ Բանաստեղծություններ

Հայրենիք

Զուր էի սիրտս պաշտպանում
Դու լավագույն
Դիպուկահարն էիր
Քո թիրախը իմ գլուխն էր
Իսկ իմ սիրտը
Հենարանն էր
Քո ոտքի

***

Քո սերը ինձ դատապարտեց մահվան
Քո սերը ինձ աքսորեց մենության կղզի
Ափսոս
Շատ ափսոս
Համաներում եղավ
Իսկ խարանը դատապարտվածի
Մնաց ճակատիս

***

Թողեցի ծխելը
Թողեցի խմելը
Թողեցի սերը ընդմիշտ
Երբ մեռած էի

***

Վառեցի
Այգուս չորացած խոտերը
Բույրը անուշ էր
Հուշեր արթնացող
Միայն չիմացա
Քանի մրջույն ու միջատ
Հրավառության զոհ դարձավ

Գարուն

Շարունակ չեմ կարող քո մասին մտածել
Բայց մշտապես սպասում եմ քեզ
Դու գալիս ես
Քեզ դիմավորում եմ
Ես զբաղվում եմ իմ գործերով
Դու գնում ես
Քեզ ուղեկցում եմ
Եվ հրաժեշտից հետո
Դատարկ դահլիճից
Լսվում է բուռն ծափահարություն
Ես խոնարհվում եմ
Խստապահանջ հանդիսատեսի առաջ
Ու խորը շնչում եմ
Եվս մի ներկայացում
Փայլուն ավարտվեց

***

Զինվորական ծառայությունից
Ազատվելու համար
Գիժ ձևացա
Չհավատացին
Ինչ գժություններ ասես որ չարեցի
Չհավատացին
Նույնիսկ սիրահարվեցի
Չհավատացին
Ստիպված
Բանաստեղծություններ գրեցի

***

Անշուշտ սատանաները ինձ խաբեցին
Ես չգիտեի
Ես չեի ուզում
Ես սխալմամբ
Բոլորովին պատահական
Այն էլ շշուկով
Արտաբերեցի
«Ես քեզ սիրում եմ»
Երկինք ու գետին իրար խառնվեց
Որտեղ խավար էր
Արևը ծագեց
Որտեղ արև էր
Իսպառ խավարեց
Եվ մորեխների սև ամպը իջավ
Սրտիս ոսկեհուր ցորենի արտին
Գրողը տանի
Այս տարի էլ
Սովի մատնվեցինք

Մահվան հերթ 

Ցուրտ ու խավար տարիներին
Հերթի եմ կանգնել`
Հացի համար,
Նավթի համար,
Ջրի համար
և…
Մշտապես տուն եմ վերադարձել
Ձեռնունայն ու գլխիկոր
Խեղճ ես խեղճ ասում էին տնեցիները
Է՜հ ինչ անեմ…
Ուզում էի
հերթը` հերթ լինի,
Օրենքը` օրենք,
Արդարությունը` արդարություն…
Հիմա նորից
Ամեն օր
հերթի եմ կանգնում
Մահվան հերթի…
Եվ ամեն օր տուն եմ վերադառնում
Ձեռնունայն ու գլխիկոր
Բայց տնեցիներն ու ընկերներս չգիտեն
Ուր եմ գնում և
Ինչի հերթ է
Վախենում եմ
նորից նախատեն ու ասեն`
Խեղճ ես խեղճ
Ասում են դրախտը համբերատարներինն է…
Ասում են…

***

Արևածաղիկների կանաչ ծիլերը
Վեր են բարձրանում,
Շուտով նրանք կվառեն
Իրենց լույսերը
Եվ արևները կժպտան ինձ,
Երբ պառկած կլինեմ հողին:

***

Աստվածների մոտ գնալուց առաջ
Համբուրում եմ արևածաղիկներին
Նրանք արևի
Առաքյալներն են:

***

Անառակ որդու պես
Վերադառնում եմ քո գիրկը
«Օ՜ բնություն, օ՜մայր»
Բայց չեմ զղջում
Հեռացումս

***
Սերը
Համբույր է
Համբույրը
Մատնություն
Այդպես սկսվեց քրիստոնեությունը
Եվ նա
Ով
Հանուն Հոր
Եվ հանուն
Փառապանծ հարատևմանը
Աստվածայինի
Ընդունեց անվարան
Անեծքը
Համայն մարդկության
Ավարտեց իր առաքելությունը
Երբ ձիթենյաց այգում
Պարանոցին օղակեց պարանը
Եվ սիրո հավերժական վայելքը
Պարգևեց նրան
Ով գամված էր խաչին
Համբույր
Սեր է
Սերը
Մատնություն

Աղբուր՝ Գրական Կամուրջ

Հետևեք մեզ նաև Telegram-ում