Ջոքերի մասին պատմող նոր ֆիլմը կարող է պատմության մեջ լավագույն կինոկոմիքսը դառնալ. Վենետիկի կինոփառատոնի հանդիսատեսի բուռն արձագանքը

Ջոքերի մասին պատմող նոր ֆիլմը կարող է պատմության մեջ լավագույն կինոկոմիքսը դառնալ. Վենետիկի կինոփառատոնի հանդիսատեսի բուռն արձագանքը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռեժիսոր Թոդ Ֆիլիպսի՝ Ջոքերի մասին պատմող նոր ֆիլմը կարող է դառնալ պատմության մեջ լավագույն կինոկոմիքսը: Ասվածի մասին են վկայում International Movie Data Base կայքում հրապարակված տվյալները։

Ֆիլմի «մինչպրեմիերային» վարկանիշը՝ միայն թրեյլերը դիտելով, 10 միավորից կազմել է 9,7 միավոր: Հնարավոր է, որ կինոթատրոններում ֆիլմի ցուցադրությունից հետո վականշային ցուցակում փոփոխություններ գրանցվեն:

Այս պահին ֆիլմն առաջ է անցել Քրիստոֆեր Նոլանի «Խավարի ասպետը» ֆիլմից, որի ցուցանիշը 9 միավոր է:

Նշենք, որ ֆիլմում Ջոքերին մարմնավորում է ամերիկացի հայտնի դերասան Խոակին Ֆենիքսը: Չարագործ Ջոքերի մասին պատմող հերթական ֆիլմի բյուջեն, ըստ հաղորդման, կազմել է 55 000 000 ԱՄՆ դոլար: Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1980-ականներին: Ֆիլմի սցենարի հեղինակների խոսքով՝ Ջոքերի մասին պատմող նոր ֆիլմը նման չի լինելու նախորդներին:

Նշենք, որ վերջին անգամ Ջոքերին մարմնավորել է Ջարեդ Լետոն՝ «Ինքնասպանների ջոկատը» (Suicide Squad) ֆիլմում:

«Մեծ մտավածություն ունեի, բայց ես միշտ սիրում եմ ասել, որ գոյություն ունի մոտիվացնող վախ և սպառնացող վախ»,- հայտնել էր Ֆենիքսը Total Film ամսագրին տված հարցազրույցում և հավելել, որ «մոտիվացնող վախն» իրեն ստիպում է ավելի ու ավելի տքնաջան աշխատել՝ ցանկալի արդյունքի հասնելու համար:

«Հիմա, երբ հետհայացք եմ նետում, չեմ հասկանում վախիս պատճառը»,- հայտնել է դերասանը:

Ֆենիքսի վախն անտեղի է եղել, քանզի օգոստոսի 31-ին Վենետիկի կինոփառատոնի շրջանակում կայացած պրեմիերայից հետո, ֆիլմն արժանացել է հանդիսատեսի հոտնկայս ծափահարություններին, որը տևել է գրեթե 8 րոպե, գրում է Cnet News-ը:

Ֆիլմում հանդես են եկել նաև «Օսկարի» կրկնակի դափնեկիր Ռոբերտ դե Նիրոն և հոլիվուդյան հայտնի դերասան Ալեք Բոլդուինը:

Ֆիմը համաշխարհային վարձույթում կհայտնվի հոկտեմբերի 4-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում